20.03.2017 12:59

Հարութ Ուլոյան. Ապրիլյան քառօրյա պատերազմն ընդգծեց Արցախի խնդրի կարգավորման բացառիկ հրատապությունը

Հարութ Ուլոյան. Ապրիլյան քառօրյա պատերազմն ընդգծեց Արցախի խնդրի կարգավորման բացառիկ հրատապությունը

Երբ Կոնգրեսը տարիներ առաջ իր առջև խնդիր դրեց կազմաքանդել ավազակապետությունը՝ համարելով, որ Հայաստանի չարիքների պատճառը կոռումպացված իշխանական համակարգն է, և որ այդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը իշխող ռեժիմի հեռացումն է, մյուս բոլոր քաղաքական ուժերը (թե՛ կոալիցիոն, թե՛ ոչ իշխանական, թե՛ ընդդիմադիր), ՀՀԿ-ի հետ հավասարապես, Կոնգրեսին մեղադրում էին ամեն ինչ քաղաքականացնելու, անհանդուրժողականության, ատելության մթնոլորտ սերմանելու և նմանատիպ այլ մեղքերի մեջ: Հիշեք, բացի Կոնգրեսից, ոչ մի այլ ուժ Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը կասկածի տակ չէր դնում և իշխանափոխություն չէր պահանջում: Այդ օրերին իշխանափոխություն պահանջելը ուղղակի մեղք էր համարվում:

Այժմ բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ժամանակին Կոնգրեսին մեղադրում էին անհանդուրժողականության, ատելություն սերմանելու մեջ, պնդում էին, որ իշխանափոխություն պահանջելով՝ հարց չի լուծվի, ապա այսօր այդ բոլոր ուժերն ամեն օր իշխանափոխության անհրաժեշտությունից են խոսում, ու դրա հետ մեկտեղ մեղադրում են Կոնգրեսին այն բանում, թե, իբր, վերջինս հրաժարվել է իշխանափոխության պահանջից և երկրորդական խնդրիների (ինչպիսին է, ըստ իրենց, Արցախի խնդիրը) լուծման անհրաժեշտությունից է խոսում:

Երբ ապրիլյան քառօրյա պատերազմը ընդգծեց Արցախի խնդրի կարգավորման բացառիկ հրատապությունը, Կոնգրեսին, որպես պետականամետ կառույց, այլ բան չմնաց անելու, քան` Արցախի խնդրի կարգավորման հեռանկարը օրակարգային հարց դարձնելը: Արդյունքում ստացվեց այն, որ բոլոր ուժերը, չընդունելով Կոնգրեսի «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսն ու տեսակետը, այլ առաջ քաշելով «կզարգանանք, ապա փոխզիջում կպարտադրենք» թեզը, ըստ էության, աջակցություն սկսեցին հայտնել ՀՀԿ-ական իշխանությանը: ՀՀԿ-ն, առաջ քաշելով ազգ-բանակ գաղափարախոսությունն ու «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը, ըստ էության, Արցախի խնդրի վերաբերյալ հայտնում է նույն դիրքորոշումը, ինչ բոլոր ուժերը, բացի Կոնգրեսից:

Արցախի խնդրի թեմայով ընթացող ցանկացած բանավեճի ժամանակ մի կողմում Կոնգրեսն է, իսկ մյուս կողմում «գաղափարապես» համախմբվում են ընտրություններին մասնակցող մյուս բոլոր ուժերը` ՀՀԿ-ի գլխավորությամբ: Ու այս պայմաններում այդ բոլոր ուժերը դեռ մի բան էլ Կոնգրեսին են մեղադրում այն բանում, թե, իբր, ՀՀԿ-ին աջակցողը Կոնգրեսն է: