20.03.2017 13:27

Աշոտ Սարգսյան. ԼՂ պայքարը ինքնորոշման իրավունքի իրացում է, ոչ թե հողային պահանջատիրություն

Աշոտ Սարգսյան. ԼՂ պայքարը ինքնորոշման իրավունքի իրացում է, ոչ թե հողային պահանջատիրություն

iLur.am-ի զրույցը Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, պատմաբան, ԱԺ պատգամավորության թեկնածու Աշոտ Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսի վերջին համագումարում նախագահ Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթի արձագանքները բազմազան էին. հավանությունից մինչեւ, հենց Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ՝ վայնասուն եւ բազմազան մաշված պիտակներ: Ամենապրիմիտիվ ձեւակերպումը՝ «Կոնգրեսը մտադիր է հող հանձնել»: Արդյո՞ք այդպես է:

Առաջին անգամ չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին հակադարձելու համար նրա խոսքը աղավաղվում, նենգափոխվում կամ պրիմիտավացվում է, եթե չասենք, որ միշտ է այդպես եղել։

Կոնգրեսն իշխանություն չէ, որ «հող հանձնի» կամ չհանձնի։ Խոսքը վերաբերում է այն հարցին, որը Հայաստանի առջեւ դրված թիվ 1 քաղաքական խնդիրն է՝ արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտության կարգավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Ո՛չ 1988-1990 թվականների Համաժողովրդական շարժումը, ո՛չ այդ նույն Շարժման իշխանությունը 1990-1998 թվականներին, ո՛չ նույնիսկ դրանից հետո եւ առ այսօր, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների որեւէ պաշտոնական փաստաթղթում խոսք չի եղել «պատմական հողեր ազատագրելու» մասին, ինչն այսօր ոմանք դրոշակ են դարձրել։ Ընդհակառակը, հենց Ղարաբաղյան շարժման տարիներից սկսած՝ «հողային պահանջատիրության» մեղադրանք մեզ ներկայացվել է Ադրբեջանի կողմից։ Ժամանակին այդ մեղադրանքը կրկնում էր նաեւ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը։ Եթե միջազգային հանրության եւ ժողովրդավարական կենտրոնների կողմից մերժելի ու անընդունելի այդ գնահատականը կամ վարկածը քաղաքացիություն ստանար, ի սկզբանե անհնար պետք է լիներ ապահովել Լեռնային Ղարաբաղի գոյությունը եւ պաշտպանությունը։ Սակայն ինչպես ժամանակին Շարժման ղեկավարներին, այնպես էլ հետագայում Հայաստանի եւ Արցախի իշխանությանը հաջողվեց միջազգային մասշտաբով քաղաքացիություն տալ մեր վարկածին, այն է՝ Լեռնային Ղարաբաղի պայքարը ինքնորոշման իրավունքի իրացման համար է։ Հակառակ դեպքում բոլորովին այլ վերաբերմունք կլիներ, եւ անհնար կլիներ հասնել այն ամենին, ինչին հասանք եւ ինչի եզրափակիչ ակտը հաղթական զինադադարն էր 1994 թվականին մայիսին։  

Ճիշտ է, քաղաքական այս ուղեգիծը պահելու համար ամբողջ ընթացքում անհրաժեշտ է եղել հաղթահարել նաեւ ներքին դիմադրություն, մասնավորապես՝ էժան հայրենասիրական, այսպես կոչված՝ «հայդատական» (պահանջատիրական) պատկերացումները։ Ցավոք, այնուամենայնիվ ՝ այն իր գործն արեց՝ դառնալով 1998 թվականի պետական հեղաշրջման գաղափարական հիմք՝ տապալելով հակամարտության կարգավորման իրական հնարավորությունը։ Քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող նույն հայդատական պատկերացումներին տուրք տալու հետեւանքով է, որ Լեռնային Ղարաբաղը քիչ անց զրկվեց հակամարտության կողմի միջազգային մանդատից, ինչը հիմա ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել։ Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումը տապալելու համար չկա ավելի կարճ ու արդյունավետ ճանապարհ, քան «ոչմիթիզհողականությունը»։ Օբյեկտիվորեն՝ դա նվեր է Ադրբեջանին։

Չկա «հող տալու» հարց։ Կա վաղուց անիմաստ եւ հյուծիչ կիսապատերազմական իրավիճակին վերջ տալու եւ բնականոն խաղաղ կյանքի անցնելու հարց։ Կա ոմանց՝ իշխանություն եւ հարստություն, մնացած բոլորին՝ թշվառություն եւ ողբերգական կորուստեր բերող քաղաքական տգիտությունը վանելու եւ իրատեսական քաղաքականությամբ առաջնորդվելու հարց։ Կա պարտադրված պատերազմում Լեռնային Ղարաբաղի ապահովության համար ստեղծված անվտանգության ժամանակավոր երաշխիքների փոխարեն տասն անգամ ավելի հուսալի միջազգային երաշխիքներ ստանալու եւ խաղաղության հաստատման, Արցախի հետագա անկախությունը ապահովելու հարց։ Միջազգային այդ երաշխիքները ստանալու եւ խաղաղության հասնելու այլ ճանապարհ գոյություն չունի, քան փոխզիջումները եւ խնդրի փուլային կարգավորումը։ Նրանք, ովքեր նենգափոխում են խնդիրը, նրանց իրական մտահոգությունները ոչ մի կապ չունեն ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի հետ։ «Հայրենասիրաբար» ստատուս-քվոն պահելը, «ոչմիթիզհող»-ը որպես ուղեգիծ՝ իր գոյության արդեն շուրջ 20 տարվա ընթացքում այնքան արհավիրք է ու վնաս է բերել Արցախին եւ Հայաստանին, որ չէր կարող բերել ամենածանր դավաճանական արարքը։ Այդ վնասը ամեն մեկը կարող է տեսնել իր շրջապատում եւ հաշվել անգամ վիճակագրական տեղակատուներով։

Քննադատների թվում կան նաեւ մարդիկ, որոնք, խաղաղության գաղափարին դեմ չլինելով հանդերձ, մտավախություն են հայտնում, որ այս ծրագիրն անիրականանալի է եւ վտանգավոր, որովհետեւ Ադրբեջանը շատ հեռու է խաղաղության մտքից: Բացի դրանից, գոյություն ունեցող խաղաղության ծրագրի համաձայն, փաստորեն, հայկական զորքերը հետ են քաշվելու մինչեւ նախկին ԼՂԻՄ սահմանները: Դա պակաս անվտանգ չի՞ դարձնի Հայաստանը եւ Ղարաբաղը հնարավոր նոր պատերազմի դեպքում:

Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը հեռու խաղաղության մտքից, եթե, ինչպես պնդում են «ոչմիթիզհողականները», դա իր օգտին է։ Որովհետեւ, ինչպես 1997-ին, այնպես էլ հիմա սեղանին դրված կարգավորման փաստաթղթով նա, իրականում, կորցնող կողմ է։ Նա առավել եւս պետք է խույս տա, քանի որ, Հայաստանի եւ Արցախի շրջափակման պայմաններում, ժամանակն իր օգտին է աշխատում։ Իսկ ինչի՞ համար են դիվանագիտական գործիքներն ու միջոցները։ Ադրբեջանը 1994 թվակնին էլ «հեռու էր» զինադադարի կնքումից։ Հայաստանի նախաձեռնողական ու ճկուն դիվանագիտության շնորհիվ հնարավոր եղավ հասնել դրան։ Նույն կերպ՝ նա 1997 թվականին էր խույս տալիս խաղաղ կարգավորումից։ Բայց Հայաստանի վարած դիվանագիտությունը նրան պարտադրեց ընդունել կարգավորման ծրագրեը։ Դա այսօր էլ դիվանագիտության, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների խնդիրն է։

Մի բան ակնհայտ է. 1998 թ. պետական հեղաշրջման կազմակերպիչները իշխանության եկան «ստատուս-քվոն» պահելու ռազմավարությամբ եւ առ այսօր չեն հայտարարել, որ փոխում են այդ ռազմավարությունը։ Թե ուրշ ի՞նչ են ասել ու հռչակել այս ընթացքում, ով որքան պատրաստակամություն է հայտնել խնդրի խաղաղ կարգավորման մասին եւ այլն, դա քող է, ոչ մի նշանակություն չունի։ Միշտ էլ կարելի է խույս տալու ինչ-որ «հայրենասիրական» պատրվակ գտնել, ու մանավանդ նման հարցում։ Հենց որ Հայաստանի իշխանությունն անկեղծորեն, գործնական քայլերով կգնա խնդրի խաղաղ լուծման ճանապարհով, հաստատ կգտնի դիվանագիտական այն լծակները, մեթոդները, որոնցով նաեւ Ադրբեջանին կբերի։ Իսկ եթե չի կարող, ուրեմն իշխանությունը պետք է զիջի նրանց, ովքեր կարող են դա անել։

Ինչ վերաբերում է հաջորդ՝ անվտանգության հարցին։ Խաղաղության պայմանագրով Արցախի շուրջ ստեղծվելու է ապառազմականացված գոտի։ Դրանում տեղակայվելու են խաղաղապահ զորքեր։ Ի տարբերության զինադադարի (մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար ամենօրյա կրակոցների, որ այսօր անարձագանք են մնում) ամենափոքր խախտումն անգամ դառնալու է միջազգային խնդիր, քանի որ պայմանագրի տակ լինելու են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ստորագրությունները, այն երաշխավորված է լինելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր Ասամբլեայի բանաձեւերով, միջազգային այլ երաշխիքներով։ Վերջապես՝ պայմանագրի խախտման դեպքում Հայաստանն է զինված միջամտության միջազգայնորեն ճանաչված իրավունք  ունենալու։ Եւ սա ամենը չէ։ Խաղաղության պայմանագիրը Արցախին տալու է տասը, քսան անգամ ավելի մեծ եւ հուսալի երաշխիքներ, քան կա այսօր։ Եթե դրանից հետո Ադրբեջանը պիտի մտածի նոր պատերազմի մասին, ապա պիտի հասկանա, որ դա արդեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ է լինելու, այլև այն ամբողջ միջազգային երաշխիքների համակարգի, ինչի տակ լինելու է նաեւ իր ստորագրությունը։ Ահա թե ինչու, որպես կորցնող կողմ՝ նա խույս է տալիս եւ խույս է տալու վերջնական խաղաղության հաստատումից։ Բայց դա կարող է անել այնքան ժամանակ, քանի դեռ կարգավորման ուղղությամբ գործնական քայլեր չի անում Հայաստանը։

Տարածված տեսակետներից մեկի համաձայն՝ ԼՂ հարցը չի կարգավորվում, որովհետեւ կարգավորումը ձեռնտու չէ գերտերություններին, որոնց պետք է լարվածությունը՝ տարածաշրջանի վրա ազդեցությունը պահելու համար: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է այս տեսակետը ողջամիտ, եւ որքանո՞վ են հիմա միջազգային հանրությունն ու գերտերությունները շահագրգռված Արցախյան հարցի կարգավորմամբ:

Գերտերությունները, բնականաբար, կարող են ունենալ իրենց շահերը որեւէ հակամարտության կարգավորման մեջ։ Կարգավորման նրբությունների մեջ կարող են տարբեր լինել նրանց մոտեցումները, սակայն ոչ թե՝ ընդհանրապես նրանց ձեռնտու չլինի կարգավորումը։ Այստեղ եւս կրկնենք նույնը՝ դա էլ, եթե կա, պետք է հաղթահարվի դիվանագիտական աշխատանքի շնորհիվ։ Այնպես չէ, որ նույն՝ 1997 թվականին գերտերությունները կարգավորման բոլոր նրբություններում լիակատար միակարծիք էին։ Բայց խնդիրը լուծելի էր, եւ լուծվում էր Հայաստանի դիվանագիտության ջանքերով։ Ինչպես եղած տեղեկատվությամբ, այնպես էլ Մինսկի խմբի անդամ երկրների վարքագծից դատելով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նրանց մեջ այսօր տարակարծություններ կամ չկան, կամ նվազագույնն են եւ հաղթահարելի։

Քարոզարշավի մեկնարկից առաջ տպավորություն կար, որ տեւական ժամանակ պատերազմի եւ այլատյացության քարոզի ազդեցության տակ գտնվող հանրությունը դժվարությամբ կընկալի խաղաղության ծրագիրը, եւ դա նախընտրական շրջանում կարող է վնաս հասցնել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի վարկանիշին: Քարոզարշավն արդեն հատել է հասարակածը: Ձեր տպավորությամբ, ինչպե՞ս է հանրությունն ընկալում խաղաղության ծրագիրը:

Մինսկի խմբի համանախագահները, հաճախ նաեւ այդ երկրների առաջին դեմքերը, բազմիցս հակամարտող կողմերի իշխանություններին հորդորել են իրենց հասարակություններին նախապատրաստել խնդրի փոխզիջումային լուծմանը։ Ցավոք՝ դա չի արվել ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում։ Երկու դեպքում էլ իշխանությունները համարել են, որ դա կթուլացնի իրենց դիրքերը, կթուլացնի ոչ թե բանակցային սեղանի շուրջ, այլ երկրի ներսում։ Այսինքն՝ երկուսի համար էլ առաջնային խնդիրը, մտահոգության առարկան եղել են ոչ թե հակամարտության կարգավորումը, երկրի շահերը, այլ ունեցած իշխանության պահպանումը։ Նման վարքագիծը բնորոշ է բռնապետական, ոչ օրինակարգ իշխանություններին։

Բայց քաղաքականությունը ոչ թե իշխանություն ձեռք բերելու ու այն պահելու արվեստ է, այլ երկիր ղեկավարելու, այն անվտանգ, ապահով ճանապարհով տանելու, զարգացում ու բարգավաճում ապահովելու գործ։ Այս դեպքում պետք է ոչ թե հարմարվել, հաճոյանալ, շահագործել մարդկանց հայրենասիրական ու ազգային զգացումները, այլ պետք է քաղաքական կամք դրսեւորել։ Այո, քսանամյա էժանագին ու նաեւ վտանգավոր քարոզչությունն ազդել է հասարակության վրա։ Բայց, մյուս կողմից՝ նույն այդ հասարակության վրա ազդել են նաեւ դրա ողբալի հետեւանքները՝ շատերին բերելով ռացիոնալ մտածողության դաշտ։ Համենայն դեպս՝ Հայ ազգային կոնգրեսի վերջին՝ 2016 թվական դեկտեմբերի 17-ի համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի  ելույթի հասարակական դրական արձագանքներն աննախադեպ էին (դրանցից ոչ մեծ մի ծաղկաքաղը օրերս հրապարակվեց ստվար մի հատորով («Արցախյան հիմնահարց. արձագանքներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 2016թ. դեկտեմբերի 17-ի ելույթի վերաբերյալ» վերնագրով)։ Ասենք, որ 1997 թվականին, երբ նա հրապարակային ելույթներով հայտարարեց խաղաղության հասնելու իր պլանի մասին, նման հասարակական արձանք չեղավ։

Նախընտրական հանդիպումները վկայում են, որ մեր առաջ քաշած քաղաքական խնդիրն ավելի ու ավելի մեծ ընդունելություն է գտնում։ Անշուշտ, դժվար է մեկ ամսվա ընթացքում, մի քանի րոպե եթերաժամով հաղթահարել 20 տարվա տոտալ քարոզչության հետեւանքները։ Մեր հույսը հասարակության՝ ամբիցիաներից ազատ, առողջ, բանական մտածողությամբ օժտված քաղաքացին է, հատկանիշներ, որ ոչ մի կապ չունեն կրթության, աստիճանի, պաշտոնի եւ զբաղմունքի հետ։ Եւ մեր հույսերն արդարանում են։

Հասարակության շատ կարեւոր մի շերտի վրա տպավորություն է թողնում նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Արցախի թիվ 1 քաղաքական խնդրին ուրիշ ոչ մի ուժ չի համարձակվում մոտենալ, այլընտրանքային ծրագիր ներկայացնել։ Կա՛մ վախենում են, կա՛մ ունակ չեն։ Եթե քաղաքական գործիչը կամ ուժը իր քայլերը պայմանավորելու է միայն հասարակության տրամադրվածությամբ ու պատկերացումներով, ապա երկրի ղեկավարմամբ կզբաղվեին վիճակագիրները։ Քաղաքականությունում, եթե համոզված ես քո ճշմարտացիության մեջ, պետք է կարողանաս գնալ նաեւ հասարակական տրամադրությունների, հոսանքի դեմ, բացատրես, համոզես, փոխես, տանես ճիշտ ճանապարհով։ Եթե դրան պատրաստ կամ ընդունակ չես, ուրեմն դու ոչ թե քաղաքականությամբ ես զբաղվում, այլ ամբոխահաճությամբ, խաբեությամբ, ժուլիկությամբ, շառլատանությամբ։ Մեր հաղթանակը կլինի Արցախյան հակամարտության կարգավորման հարցում հասարակության պատկերացումների առավելագույն փոփոխությունը, անկախ այն բանից, թե դա քանի մանդատով կառարկայանա Ազգային ժողովում։