20.03.2017 13:38

Գերմանիա. Շուլցն ուզում է տապալել Մերկելին

Գերմանիա. Շուլցն ուզում է տապալել Մերկելին

Կիրակի օրը պաշտոնապես Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկն ստանձնած Մարտին Շուլցը մտադիր է տապալել անխորտակելի Անգելա Մերկելին:

«Չեմ կարծում, թե արժեր գնալ ԱՄՆ՝ տեսնելու համար, թե ինչպես է արևմտյան պետությունը նահանջում ազատություններից,- հայտարարել է Շուլցը նոր կարգավիճակում իր առաջին ելույթի ընթացքում:- Նայեք Թուրքիային, Հունգարիային, Լեհաստանին, և կտեսնեք, որ տառացիորեն ամեն օր այդտեղ նահանջում են դեմոկրատիայի նվաճումներից: Ուզում եմ ասել, որ ԳՍԴԿ-ն Գերմանիայում դառնալու է դրա դեմ պայքարի ամենաանհաշտ մարտիկը»:

Այն պահից, երբ ԳՍԴԿ-ն հունվարին Եվրախորհրդարանի նախկին խոսնակին առաջադրեց կանցլերի պաշտոնում, նրա վարկանիշը շարունակում է աճել: Ինչպես վկայում են սոցհարցումները, ԳՍԴԿ վարկանիշը հավասարվել է Անգելա Մերկելի ՔԴՄ-ի վարկանիշին:

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվում է կառավարությունը, և առաջադրվում է կանցլերը, կայանալու են սեպտեմբերի 24-ին:

Փոխանցում է euronews-ը: