20.03.2017 16:54

Կանցլերի գերատեսչության ղեկավար. Թուրք քաղաքական գործիչների ելույթների արգելքը ծայրահեղ քայլ է

Կանցլերի գերատեսչության ղեկավար. Թուրք քաղաքական գործիչների ելույթների արգելքը ծայրահեղ քայլ է

ԳԴՀ դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը համարում է, որ Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների ելույթներն արգելելը հնարավոր է, սակայն ինքը համոզված է, որ նման քայլը ծայրահեղ միջոց է: Այդ մասին նա հայտարարել է գերմանական N24 լրատվական հեռուստատեսության եթերից՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարձակումները կանցլեր Անգելա Մերկելի դեմ, որին Էրդողանը մեղադրել է «նացիստական մեթոդներ» կիրառելու մեջ:

«Մենք միշտ ասել ենք, որ կհետևենք իրադարձությունների զարգացմանը»,- ասել է Ալթմայերը՝ նշելով, որ այս շաբաթ ԳԴՀ կառավարությունը նախատեսում է քննարկել թուրք քաղաքական գործիչների ելույթների հանդեպ հետագա քաղաքականությունը: Ընդ որում՝ նա չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով է նախատեսված անցկացնել այդ քննարկումները:

Քրիստոնյա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Պետեր Թաուբերը N-TV հեռուստաեթերում նույնպես Էրդողանի հայտարարություններն անվանել է «անհեթեթ» և ԳԴՀ-ում բնակվող թուրքերին կոչ է արել վճռականորեն հակադրվել Էրդողանի հռետորաբանությանը: «Կուզենայի, որ Գերմանիայում ապրող թուրքերը հստակ ասեին, որ այդպես այլևս հնարավոր չէ, և չի կարելի Մերկելի հետ այդպես վարվել: Որքան շատ մարդ դա հայտարարի, այնքան լավ»,- հայտարարել է նա:

Փոխանցում է ТАСС-ը: