20.03.2017 22:13

Լևոն Զուրաբյան. Մարտի 1-ը ծնեց ապրիլի 2-ը (տեսանյութեր)

«Երևանում շատերին թվում է, թե հանգիստ կյանք է, ժողովուրդը բավականին պատրանքի մեջ է, որ իրականում կարծես պատերազմ չկա, բայց մեր երկիրն իրականում ապրում է չդադարող պատերազմի պայմաններում»: Այդ մասին այսօր Նոյեմբերյանում նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Ամեն ընտրություն ունենում է իր գլխավոր հարցը. 2008 թվականին գլխավոր օրակարգն ընտրությունն էր կոռուպցիայի և այդ կոռուպցիայից մաքրվելու ձգտման միջև։ Մի կողմից մենք ունեինք այդ հանցավոր ռեժիմը, որն իր իշխանությունն օգտագործում էր բացառապես մի քանի հոգու հարստացնելու նպատակով, մյուս կողմից ունեինք մի համաժողովրդական շարժում, որն իր առջև նպատակ էր դրել քշել այդ ավազակապետերին և Հայաստանում փորձել կառուցել նորմալ արդյունավետ կառավարվող երկիր: 2017 թվականին ամենակարևոր հարցն ընտրությունն է պատերազմի և խաղաղության միջև»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Այնուհետև նա նկատեց, որ եթե 2008-ին կարողանային իրականացնել այն, ինչի համար հավաքվել էին ամբողջ ժողովրդով, ապա մեր երկիրը չէր հայտնվի այս վիճակի մեջ, երբ Հայաստանն Ադրբեջանից այսքան հետ է ընկել սպառազինությունների, տնտեսական հզորության, բնակչության առումով, և պատերազմն ուղղակի չոքել է մեր շեմին:

«2008 թվականին համաժողովրդական շարժման այդ ցասումը իշխանությունները կանգնեցրին մարտի մեկի ոճրագործությամբ: Ու հիմա մի բան կասեմ, լավ հիշեք՝ Մարտի 1-ը ծնեց ապրիլի 2-ը: Որովհետև, եթե մարտի մեկին իրենք այդ ոճրագործությամբ չկասեցնեին համաժողովրդական շարժման  ծավալումը, Հայաստանում ժողովրդավարական կարգերի հաստատումը և երկիրը զարգացման ուղու վրա դնելու այդ ամբողջ ընթացքը, մենք չէինք ունենա անցյալ տարվա ապրիլի 2-ի պատերազմը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Իսկ Բագրատաշենում Լևոն Զուրաբյանն ասաց, որ Բագրատաշենի կողմից հատելով սահմանը՝ ակամայից համեմատություներ է անում Հայաստանի և Վրաստանի միջև:

«Ես հիշում եմ, երբ 90-ականներին մենք հատում էինք այս սահմանը, այս կողմում ունեինք քիչ թե շատ նորմալ պետություն, այն կողմում՝ քանդված, անմշակ մի անտանելի վիճակ: Մենք մի քանի տարով առաջ էինք ընկել Վրաստանից, բայց եկել հասել ենք 2017 թվականին, և այսօր երբ հատում ես այս սահմանը, ամոթի զգացում ունես»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

Նոյեմբերյանում ելույթ ունեցավ նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքի Տավուշի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Գուրգեն Ասատրյանը։ Նա ասաց, որ իշխանությունները վախեցնում են ժողովրդին, և շատերը վախենում են ընդդիմության հանրահավաքներին մասնակցել:

Նշենք, որ Նոյեմբերյանի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք տարածքի ոստիկանական բաժնից էին, նկարահանում էին հանրահավաքի մասնակիցներին: Քաղաքացիական անձինք նկարահանում էին նաև  Բագրատաշենում, Այրումում, Իջևանում և Դիլիջանում:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Լիլիթ Թադևոսյան