20.03.2017 22:45

Ստեփան Դեմիրճյան. Ամենալավը դուք եք զգում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը (տեսանյութ)

«Կեղծիքներով ընդունված Սահմանադրությամբ նախագահական ընտրությունները վերացրել են, և միակ համապետական ընտրությունները խորհրդարանական ընտրություններն են, և խորհրդարանն է ընտրելու հանրապետության նախագահին. սա ասում եմ, որ գիտակցենք, թե ինչ կարևոր ընտրություններ են»: Այսօր Նոյեմբերյանում «Կոնգրես-ՀԺԿ» քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց ՀԺԿ նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Ստեփան Դեմիրճյանը:

Նա նշեց, որ եթե այս ընտրություններում հաղթեց ընտրակեղծիքը, հաղթեց ընտրակաշառքը , ոչ մի լավ բանի դա չի բերելու, միայն նպաստելու է արտագաղթի աճին, միայն  նպաստելու է հուսալքության խորացմանը և առհասարակ վտանգելու է մեր երեխաների, մեր երկրի ապագան, սա միանշանակ է: «Ուրեմն՝ պետք է ընտրենք գրագետ, բանիմաց, պետական մտածելակերպ ունեցող մարդկանց: Մանավանդ այսօր, երբ կանգնած ենք այսպիսի մարտահրավերների առաջ: Ցանկացած պահի կարող են  վերսկսվել պատերազմական գործողությունները, դուք դա լավ գիտեք, շատ խնդիրներ են կուտակվել երկրում, բայց լուծող չկա, այնպես որ մեզ խորհրդարանում պետք են բանիմաց, գրագետ մարդիկ»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:  

Խոսելով խաղաղության մասին՝ Դեմիրճյանն ասաց, որ ամենալավը նոյեմբերյանցիներն են զգում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ ապրելով առաջին գծում, վտանգավոր պայմաններում, կրակոցների տակ պահում են մեր հայրենիքը:

«Հայրենիքն սկսվում է այստեղից և կարելի է ասել՝ ուղղակի հերոսություն է այստեղ այս պայմաններում ապրելը: Որպեսզի իսկապես անվտանգ երկիր դառնա Հայաստանը, պետք է խաղաղություն կնքել, բայց խոսքը գնում է արժանապատիվ խաղաղության մասին»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան