20.03.2017 23:34

Արամ Մանուկյան. Իշխանություններին ասում ենք՝ գնացեք երկրում խաղաղություն հաստատելու ճանապարհով (տեսանյութ)

«Եկել է ժամանակը, որ այն ժողովուրդը, որը կերտել է հաղթանակը, այն քաղաքական ուժը, որը ժողովրդի աջակցությամբ կերտել է հաղթանակ և հազարավոր տարիների ընդմիջումից կարողացել է իր երկիրը մեծացնել, ազատագրել իր հայրենի հողը, եկել է  պահը, որ մենք ասում ենք՝ պետք է այդ հաղթանակն ամրագրել, ամրացնել, պայմանագիր դարձնել»: Այդ մասին այսօր Իջևանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Դա խաղաղության ծրագիրն է, այն ծրագիրը, որը եռանախագահները, գերտերությունները 20 տարի շարունակ բանակցելով իրար հետ և բանակցելով Հայաստանի իշխանությունների հետ և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ներկայացրել են առաջարկ Ղարաբաղի խաղաղ լուծման, փոխզիջումային լուծման համար: Եվ մենք՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, ասում ենք՝ հարգելի իշխանություններ, թուղթը ձեր ձեռքին է, գրիչը ձեր ձեռքին է, առաջարկը ձեր սեղանի վրա դրված է: Եվ մենք՝ ելնելով իրավիճակից, ելնելով ռեգիոնում ընթացող պրոցեսներից, ելնելով այն բանից, որ Ռուսաստանի դերն այս հարցի լուծման հետ կապված դարձել է բավականաչափ կարևոր, և եթե հզոր երկրներն ի շահ Հայաստանի առաջարկում են այդ ծրագրի լուծումը, մենք իշխանություններին ասում ենք՝ գնացեք այդ ճանապարհով, երկրում խաղաղություն հաստատելու ճանապարհով»,- ասաց Արամ Մանուկյանը:

Այնուհետև նա նշեց, որ  եթե չեն կարող, եթե նրանց կողքին կան վայ հայրենասերներ, կենացով հայրենասերներ, Կիրովաբադում թեյ խմելու ցանկություն ունեցողներ, կոչ արեց իշխանություններին քաշվել մի կողմ, քանի որ կա քաղաքական ուժ՝ Կոնգրես-ՀԺԿ քաղաքական դաշինքը, որը ասում է. «Ես գալիս եմ Ղարաբաղի արժանապատիվ լուծման ծրագիրն իրականացնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան