22.03.2017 18:50

Լեւոն Պաչաջյան. Տանը նստած՝ բոլորս էլ համաձայն չենք, բայց Արցախի հարցը պետք է լուծել

iLur.am-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, ներկայումս Շվեդիայում հանդես եկող Լեւոն Պաչաջյանի հետ զրուցել է Հայաստանի ընթացիկ քաղաքական գործընթացների, արցախյան կարգավորման խնդրի, իր հետագա մարզական կարիերայի ու իր խաղընկեր, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ՝ «ազգի միակ պարծանք» Հենրիխ Մխիթարյանի մասին:

 

Լեւոն, մենք իհարկե, հետաքրքրվում ենք ու հետեւում ենք Ձեր ելույթներին Շվեդիայում, բայց այսօրվա հարցազրույցի առիթը Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներն են: Տեղյակ եմ, որ դուք ազատ կերպով արտահայտում եք ձեր քաղաքացիական դիրքորոշումը եւ հետեւում եք Հայաստանում ընթացող իրադարձություններին: Ի՞նչ տպավորություն ունեք նախընտրական քարոզարշավից:

Կարող է թվալ, թե հեռու ենք եւ մակերեսորեն ենք պատկերացնում, բայց ընկերներս, ընտանիքիս անդամներն այդտեղ են, եւ բավարար ինֆորմացիա հասնում է: Նաեւ՝ կայքերից, ֆեյսբուքյան գրառումներից կարողանում ենք պատկերացում կազմել: Եթե համեմատության մեջ դնենք, տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակը Հայաստանում գնալով վատանում է: Հաշվի առնելով այն, թե այս ընթացքում ինչ է կատարվել, պետք է մարդկանց մեծ մասը դժգոհ լիներ, բայց չգիտես ինչու, նախընտրական շրջանը հենց գալիս է, բոլորը ուրախ-ուրախ դիմավորում են մարդկանց, որոնք այս մեր իրավիճակի հեղինակներն են, գնում են ընտրության ու ընտրում են նույն մարդկանց, ու ոչինչ չի փոխվում, տեղում դոփում ենք:

Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մարդիկ, ընդհանուր առմամբ դժգոհ լինելով կյանքից, այս շրջանում վիճակի պատասխանատուներին գրկաբաց են դիմավորում:

Պատճառն, իմ կարծիքով, շատ պարզ է: Դա րոպեական կաշառքից օգտվելու մղումների հետ է կապված: Մարդիկ մտածում են՝ մեկ է, ոչինչ չի փոխվելու, արի գոնե օգտվենք մի քիչ: Կարծում եմ, մեծ մասնը այդ տրամաբանությամբ է շարժվում: Բոլորն էլ նախընտրում են հարմարվել: Կոպիտ ասած՝ սեփական գլխի ճարը տեսնող հասարակություն  է դառնում: Բացի դրանից, տեխնոլոգիաներ են աշխատում, ուղեղ լվալու տեսխնոլոգիաներ, ձայները ցրելու մարտավարություն...

Նկատի ունեք՝ կեղծ ընդդիմությո՞ւնը:

Այո: Բոլոր տեխնոլոգիաները աշխատացնում են: Պետք է արժանին մատուցել այդ առումով, շատ լավ ստացվում է: Այնպես որ, եթե էդ առումով նայենք, պատկերը բավականին տխուր է:

Ընթացիկ քաղաքական գործընթացների մեջ, բացի սոցիալական, տնտեսական եւ այլ խնդիրներից, առանցքային տեղ է հատկացվում նաեւ Արցախյան հիմնախնդրին: Դուք էլ, նախօրեին ձեր մի գրառմամբ անդրադարձաք նախագահ Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին: Որքանո՞վ է, ըստ ձեզ, կարեւոր այն ուղերձը, որով նախընտրական քարոզչությանը մասնակցում է առաջին նախագահը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը:

Նախեւառաջ, պետք է հասկանալ, որ դա առաջին նախագահի առաջարկությունը չէ: Դա մեզ առաջարկվում է դրսից: Եթե մենք լինեինք առաջարկողը, կասեինք՝ գիտեք, Բաքուն էլ ենք ուզում, ամբողջը մերն է, մենք այսպես ենք պատկերացնում: Բայց՝ որչ, մենք գնում ենք միջազգային կառույցների միջնորդությամբ բանակցելու եւ գործ ունենք միջազգային օրենքների հետ, որոնց պետք է երկու կողմն էլ հետեւեն: Բայց Տեր-Պետրոսյանի ու մնացած գործիչների միջեւ տարբերությունը նրանում է, որ նրանք չեն ասում այս ամենի մասին, իսկ առաջին նախագահն ասում է: Ասում է, ու ընկնում է ազգի մեծամասնության քննադատության տակ, ինչը, մեծ հաշվով, նորմալ է: Որ էդպես նայենք, էս էլ հահաձայն չեմ մեր զինվորների, մեր քաջ ֆիդայիների կողմից ազատագրված տարածքները վերադարձնել: Բայց մյուս կողմից...

Մյուս կողմից, խնդրի չլուծված լինելու պատճառով նորանոր զոհեր են լինում: 

Դա շատ ցավալի է, իհարկե: Մյուս կողմից, եթե համաձայն չենք [կարգավորմանը], ապա՝ ինչ ենք անելու: Կարծում եմ, դրա միակ այլընտրանքն այն է, որ մենք պատերազմի ենք գնում, անընդհատ՝ զոհեր, զոհեր, զոհեր: Եթե ամբողջ ազգով ընդունում ենք, որ հարատեւ պետք է պատերազմենք, ուրեմն՝ խնդիր չկա, եկեք պահենք, բայց դա էլ մի օր կվերջանա, որովհետեւ դրսից հաստատ այնպիսի ճնշում է լինելու, որ մի օր պետք է կողմերը նստեն եւ ասեն՝ եկել է ժամանակը, էս հարցը պետք է լուծվի: Կարծում եմ՝ այս 20-25 տարիներին մենք անընդհատ տանուլ ենք տվել: Իհարկե, պատճառները շատ-շատ են՝ ներսում տնտեսական ու այլ հազարումի խնդիրներ: Բայց հարցն այն է, որ մենք ժամանակի ընթացքում թուլանում ենք: Եվ անցած տարվա ապրիլին դա երեւաց կորցրած տարածքներով ու հարյուրից ավելի զոհերով: Եվ այդ ամեն ինչը հաշվի առնելով, պետք է մտածել, թե ինչ պետք է անել՝ հարցը լուծելու համար: Հա, տունը նստած, բոլորս էլ համաձայն չենք, որ նախագահը կամ մեկ ուրիշը հարցը լուծի փոխզիջման միջոցով: Լավ՝ համաձայն չենք, բայց ինչ-որ ձեւով պետք է հարցը լուծել: Կա մի լուծում՝ կարգավորման սկզբունքներն են, որոնց շուրջ արդեն 20 տարուց ավել բանակցություններ են գնում:

 

Մանրամասները՝ տեսանյութում