24.03.2017 11:49

Առաքել Թավրիզյան. Ըսի՝ ըսավ...

Առաքել Թավրիզյան. Ըսի՝ ըսավ...

Ղարաբաղի հարցի «միայն հաղթական կարգավորման» ապոլոգետները զօրուգիշեր մի բան են ասում, իբր՝ տարածքները վերադարձնելու դեպքում Ադրբեջանը վերստին կհարձակվի, այդ ժամանակ մենք կգտնվենք անբարենսպաստ դիրքերում: Իսկ եթե Ադրբեջանը հարձակվի վա՞ղը... Քարտեզից տեղյակ դպրոցականի համար անգամ պարզ է, որ ներկայիս դասավորությամբ Ստեփանակերտի եւ ադրբեջանական դիրքերի միջեւ օդային հեռավորությունը չի գերազանցում 50 կիլոմետրը, իսկ Մարտակերտ, Մարտունի, Ասկերան եւ Հադրութ քաղաքների դեպքում կողմերին բաժանող տարածությունը մի քանի անգամ քիչ է:

Ինչպես տեսնում ենք, ներկայիս «անվտանգության գոտին» այլեւս այն չէ, ինչ 1994-ին էր, երբ Ադրբեջանի ամենահեռահար զինատեսակը «Գրադն» էր: Որեւէ դիրքի ռազմական նշանակությունը դադարում է, երբ կողմերի սպառազինվածության մակարդակը բարձրանում է: Եթե այդպես չլիներ, ապա անցյալ տարվա ապրիլին, երբ հակառակորդը Թալիշի մոտ երկու բարձունք էր գրավել, հայկական ուժերը կնահանջեին մինչեւ Սարսանգի ջրամբար կամ Հադրութը կտարհանվեր, քանի որ Ադրբեջանի ձեռքն է անցել Լելեթեփե բլուրը:

Իսկ այժմ հարցի իրավական կողմին նայենք: Կա զինադադարի համաձայնություն, եւ միջնորդ երկրները Ադրբեջանին ստիպում են, որ հարգի ստանձնած պարտավորությունը: Կարգավորման դեպքում զինադադարին փոխարինելու է հակամարտության ռազմական փուլին վերջ դնելու մասին պայմանագիրը, որի երաշխավոր են լինելու ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Այդ պայմանագիրը վերջնական ուժ է ստանալու պառլամենտական ռատիֆիկիացիայից հետո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ բանաձեւը սահմանելու է պարտավորությունների կատարման նկատմամբ միջազգային վերահսկողությունը՝ իր մեխանիզմներով եւ գործիքակազմով:

Հիմա, եթե զինադադարի համաձայնագրի դեպքում միջնորդները կարողանում են Ադրբեջանին պահել իրավական դաշտում, ապա միջազգային պայմանագիր ստորագրած Ադրբեջանը ինչպե՞ս է պատերազմ սկսելու, ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Երկրորդ, կարգավորումը ենթադրում է բուֆերային գոտու ստեղծում, որը պետք է լիովին ապառազմականացված լինի: Այսինքն, Ադրբեջանը պարտավորված է լինելու զորքերը ներկայիս շփման գծից հեռացնել, բուֆերային գոտուց դուրս բերել ողջ ռազմական տեխնիկան եւ սպառազինությունները: Երրորդ, Ադրբեջանի զինված ուժերը հեռանալու են Ղարաբաղի օկուպացված տարածքներից, Ղարաբաղի իրավազորության տակ են անցնելու Մարտակերտի եւ Մարտունու շրջանի այն հատվածները, որտեղ ներկայումս ադրբեջանական զորքեր են կանգնած...

Բայց ցավոք, «ըսի՝ ըսավ»,- սա է օրվա դիսկուրսը: Մեկն ասում է՝ «ոչինչ չտանք», մյուսն անմիջապես ավելի «հայրենասեր» է դառնում. «Ոչ թե չտանք, այլ մնացածն էլ պիտի վերադարձնենք՝ Ուտիքը, Գարդմանքը, Հյուսիսային Արցախը, Նախիջեւանը...»։ Իսկ ժողովուրդը, որ հոգու խորքում ամեն ինչ գիտի եւ համոզված է, որ խաղաղության այլընտրանքը նոր պատերազմն է, իր ընտրությամբ պետք է վերջ տա այդ դատարկաբանությանը: