24.03.2017 13:59

Լիզա Ճաղարյան. «Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը»

Լիզա Ճաղարյան. «Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը»

Զարմանալի չէ, որ մանդատ փախցնելու մոլուցքից կուրացած՝ Նիկոլ Փաշինյանն ամենաարգահատելի ճանապարհն է ընտրել՝ ստոր սուտը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի խեղաթյուրումը, որեւէ տեղ «մտնելու» իր սեփական երազանքը նրան վերագրելու վերջին փաստն այս մարդու սահմաններ չճանաչող անազնվության գագաթնակետն էր։

Բայց կրկնեմ՝ զարմանալի չէր։ Քիչ թե շատ հիշողություն ունեցողները, նրա անցած ճանապարհին հետեւողները գիտեն վաղուց՝ ոչ ոք չի կարող ոտք մեկնել իր իսկ հայտնած տեսակետները գլխիվայր շրջելու, սեւով սպիտակի վրա գրած իր իսկ տեսակետները հերքելու, իր իսկ անցած ճանապարհը թքոտելու, աջուձախ աղբ թափելու, որտեղ ոտք դնի՝ այնտեղ պառակտման ցեցը գցելու այս պարոնի «տաղանդի» հետ։

Զարմանալի չէ նաեւ, որ իմ ճանաչած այն մարդիկ, որոնց մասին երկար տարիներ մտածել եմ, որ սկզբունքային են եւ ազնիվ՝ դարձել են այս պարոնի կամակատարը, կորցրել սեփական դեմքը, ինքնուրույն մտածելու ունակությունը  (եւ դեռ համարձակվում են ուրիշներին նման պիտակներ կպցնել)։ Այլ կերպ չի կարող լինել. Նիկոլին ճանաչողները հրաշալի ծանոթ են նրա բռնակալական հակումներին (խորհուրդ չեմ տալիս հակադրվել, որովհետեւ ավելի տհաճ բաներ կլսեք ինձանից. իսկ ես բազմաթիվ թերություններ ունեմ, բայց, ի տարբերություն Նիկոլի՝ սուտ չեմ խոսում), եւ որ նրա ժամանակ առ ժամանակ ժողովրդավար երեւալու ջանքերն ընդամենը տվյալ պահին հույժ անհրաժեշտ միջոցներ են՝ միամիտներից ձայն փախցնելու համար։

Մեղքն իրենց վիզը. երբ որ մի օր գլուխներն ապշահար կբռնեն ու կասեն. «Աստվա՜ծ իմ, էս մարդն ախր ոչ մի սրբություն չունի», ի՛նքս այդ մարդկանց չեմ ցավակցի, որովհետեւ պարտադիր չէ, որ ստորությունն անձամբ ձեր նկատմամբ աներ, որ հասկանայիք՝ այո՛, էս մարդը սրբություն չունի ու տրորելով կանցնի հարյուրավոր գլուխների վրայով, միայն թե ինքը հնարավորություն ունենա ամբիոնի մոտ կանգնելու ու սեփական անփոխարինելիությունը բղավոցներով «հաստատելու»։  

Բայց՝ գլուխը քարը։

Հիմա ամենաշատ քննարկվող խնդիրը (Հայ ազգային կոնգրեսի ջանքերով) Արցախն է՝ «խաղաղություն, թե պատերազմ» շրջանակում։ Թե Կոնգրեսն ինչպես է տեսնում այս խնդրի լուծումը, թե ինչ է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ (նաեւ այն տարիներին, երբ այս նույն Նիկոլ Փաշինյանը դեռ Կոնգրեսի ցուցակով մանդատ չէր փախցրել եւ իր հոդվածներով ուղղակիորեն հանում էր նրանց աչքերը, ովքեր համարձակվում էին քննադատել Առաջին նախագահին) եւ այսօր էլ ասում է նույնը՝ բոլորին է հայտնի։ Հայտնի է, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք մերկապարանոց հայտարարություններ չի անում, ընդունելի, թե մերժելի են նրա տեսակետները՝ դրա մասին խոսում է հանգամանորեն, առանց խորհրդավոր բազմակետերի ու ծկլթոցների։

Իսկ ի՞նչ է ասում ընտրողներին Նիկոլ Փաշինյանը արցախյան խնդրի լուծման մասին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը նիկոլավարի խեղաթյուրելուց հետո։

Ահավասիկ. «Մենք ասում ենք՝ մեր առաջին խնդիրը հետեւյալն է. եթե մեր զինված ուժերը չլինեն այնքան ուժեղ, որ խաղաղությունը պաշտպանեն, ուրեմն մենք չենք կարող ունենալ խաղաղություն, ինչ էլ ուզում եք զիջեք, եւ այդ խաղաղության ճանապարհը, որ առաջարկվում է՝ դա պետականության կորստի ճանապարհն է»։  

Իրոք որ, ո՛նց չենք գլխի ընկել մինչեւ հիմա, որ «մեր զինված ուժերը» դարձնենք «այնքան ուժեղ», որ «խաղաղությունը պաշտպանեն»։

Իսկ Նիկոլն, ահա, գլխի է ընկել։

Գալուստ Սահակյանը կնախանձեր։

Ու է՛ս խելքով է՛ս մանդատապաշտ պարոնը որոշել է «մեջլիս մտնել» Առաջին նախագահի հետ։

Ջիվանին կասեր.

-Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,

Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։