24.03.2017 17:09

Արամ Մանուկյան. Ծայրաստիճան աղքատությունն ու ազատ ընտրությունները իրար «չեն սիրում»

Արամ Մանուկյան. Ծայրաստիճան աղքատությունն ու ազատ ընտրությունները իրար «չեն սիրում»

iLur.am-ի զրուցակիցը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր եւ պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանն է:

Քարոզարշավի մեծ մասն անցել է արդեն, օրերս Դուք ասուլիսում նշեցիք, որ մարզերում համատարած թշվառություն է տիրում, մարդկանց հուզող հիմնական խնդիրը օրվա հացի խնդիրն է: Որքանո՞վ է այս պայմաններում Կոնգրես-ՀԺԿ-ի խաղաղության ծրագիրն ընկալելի: Որքանո՞վ է հացի խնդիր լուծող մարդուն հետաքրքրում խաղաղության հարցը: 

Խնդիրն ավելի շատ ոչ թե խաղաղության կոնցեպտի հետ է կապված, այլ ավելի շատ՝ ժողովրդավարության: Որովհետեւ  ծայրաստիճան աղքատությունն ու ազատ ընտրությունները իրար «չեն սիրում»: Մարդը օրվա հացի խնդիր ունի, դու նրան գաղափարներ ես փորձում մատուցել, մինչդեռ նրա աչքին քաղաքական ծրագրեր չեն երեւում: Չարքաշությունը, աղքատությունն ամենից շատ են խփում քաղաքացուն, որ նա ակտիվ ներգրավվի քաղաքական գործընթացների մեջ եւ ձայն տա այս կամ այն կուսակցությանը: Դրանից էլ օգտվում են փող բաժանող կուսակցությունները, նրանք նպաստավոր վիճակի մեջ են հայտնվել ու փող են բաժանում: Ուզած թե չուզած՝ դա ազդում է մարդկանց ընտրության վրա: Քաղաքացիներից շատերն էլ, ցավոք, տեղյակ չեն, որ իրենք ամեն դեպքում ազատ են լինելու քվեախցիկում, մի մասն էլ «բարեխիղճ» է՝ չի կարող փողը վերցնել ու ընտրել ուրիշին: Սրանք բոլորը խանգարող հանգամանքներ են:

Եվ այս դաշտում աշխատելով՝ փորձում ենք գաղափարներ ներկայացնել, խաղաղության կոնցեպտ ներկայացնել: Սկզբում շատ դժվար էր, որովհետեւ 20 տարի ամբողջ իշխանական համակարգը հակառակն է մատուցել, լցրել են քաղաքացու միջավայրը «հերոսականությամբ», «անպարտելիությամբ», իբր բոլոր հարցերը լուծված են, ու ամեն ինչ նորմալ է, այդ վիճակում դեռ պետք է 20 տարվա ավգյան ախոռները մաքրես ու փոխարենը պրագմատիզմ ու դառը իրականություն մատուցես: Բայց մեր մեկ ամսվա աշխատանքը տվել է իր արդյունքները: Ես արդեն գիտեմ այն շերտերը, որոնք մեզ քվեարկելու են: Դրանք սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, որոնք ամենալավը գիտեն խաղաղության ու պատերազմի տարբերությունները, ամենաշատն են իրենց մաշկի վրա զգացել խաղաղության անհրաժեշտությունը: Մեր կողմնակիցները կլիներն հասուն տարիքի ու տարեց մարդկանց շրջանում, որոնք անցել են պատերազմի դառնությունների միջով. նրանք ավելի լավ գիտեն խաղաղության արժեքը:

Ինձ համար անակնկալ էին այն մարդկանց մոտեցումները, որոնք կախված չեն Հայաստանի իշխանություններից: Դա մենք զգացինք Գեղարքունիքի մարզում: Դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք դրսում են փող աշխատում, կամ իրենց հարազատներն են փող ուղարկում: Եվ քանի որ նրանք անկախ մարդիկ են, որեւէ կերպ վարչական եւ ֆինանսական ճնշումների չեն ենթարկվում, վարկեր չեն վերցրել, որոնք չեն կարողանում մարել, այդ պատճառով իշխանություններից անկախ են: Այս առումով նրանք գերազանցապես մեր կողմնակիցներն են: Փաստորեն, դրսում փող վաստակողներն ավելի անկախ են:

Կարծում եմ՝ ոչ միայն դրսում աշխատողները, այլեւ այստեղ սեփական բիզնեսն ունեցողները: 

Այո, իհարկե, սեփական բիզնեսն ունեցողն անկախ է, բայց այնտեղ, որտեղ բիզնեսի տերերն իշխանություններն են, այնտեղ ավելի կաշկանդված են, օրինակ՝ լեռնաարդյունաբերական հիմնարկներում, էլ չասած՝ պետական ծառայությունը, դպրոցները: Մեր կողմնակիցներն են նաեւ մայրերը: Մայրերի ելույթներն այս ընթացքում ամենաազդեցիկներն են եղել, եւ նրանք բնությունով են զգում խաղաղության անհրաժեշտությունը: Շատ կողմնակից են ու հաճախ շատ համարձակ բանակում երեխա ունեցողները, բնականաբար: Իսկ ընդհանրապես, բոլորը գիտակցում են որ խաղաղության գալու հետ Հայաստան կվերադառնան իրենց երեխաները: Սա ոչ թվով է չափվում, ոչ հաշվարկով, բայց օդում կա այդ զգացողությունը, որ խաղաղության հաստատումից հետո հայերը կվերադառնան Հայաստան, եւ այստեղ ապրելու հնարավորություն կունենան: Վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր դրսում են, ուզում են այստեղ լինի խաղաղ, կանխատեսելի միջավայր, որ վերադառնան: Խաղաղության, արժանապատիվ զարգացման ծրագիրն այդ մարդկանց հետ կբերի:

Կառավարության համապատասխան հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իմ նախագծին, որով 27 տարին լրացած տղամարդիկ կարող են գումար վճարել ու Հայաստան վերադառնալու հնարավորություն ստանալ: Ըստ գործող կարգի, հավանաբար՝ հաջորդ շաբաթ օրինագիծը կառավարության նիստով կանցնի, պետք է դեռ գործող խորհրդարանի համապատասխան հանձնաժողողով անցնի, եւ եթե դրական եզրակացություն լինի (իսկ դրան հակադրվելը շատ դժվար է, որովհետեւ իմ փաստարկները ավելի շատ դեմոգրաֆիային են վերաբերում. եթե այդ մարդիկ Հայաստան գալու հնարավորություն ունենան, նրանց ընտանիքներն էլ կմնան Հայաստանում), ապա օրենքը կմտնի ԱԺ լիագումար նիստ: Կան բազմաթիվ մարդիկ, որոնք իրենցից անկախ են ընկել այս ցուցակների մեջ, ասենք՝ 15 տարի առաջ հայրը որոշել է գնալ, իրեն էլ հետը տարել է:

Սա նախկին նմանատիպ օրենքի երկարաձգու՞մն է, թե՞ ինչ-որ հավելյալ տարրեր կան:

Շարունակությունն է: Վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ դիմումներ կան, բայց իշխանությունն ընդառաջ չի գնացել: Մեր հարցումների ու հիմնավորումների արդյունքում՝ վիճակը, կարծես թե, կարգավորվում է: Բացի ամենից, օրենքը նաեւ պետությանը գումար բերելու միջոց է:

Վիճակագրություն կա՞: Նախկինում այս օրենքի շնորհիվ քանի՞ մարդ է եկել:

Մոտավորապես՝ կարող եմ ասել: Մոտավորապես՝ տարեկան 500 հոգի օգտվել է, մոտավորապես՝ 5-6 հազար մարդ: Մոտ այդքան մարդ էլ սպասում է: Սա, կրկնեմ, դեմոգրաֆիկ խնդիր է լուծելու:

Գործող խորհրդարանը կհասցնի՞ օրինագիծը քննարկել:

Տեսականորեն՝ կհասցնի, բայց գործնականում՝ չգիտեմ: Կեսկատակ ասեմ՝ թերեւս պարտավոր եմ ընտրվել պատգամավոր, գոնե որ իմ այս օրինագիծը զեկուցեմ խորհրդարանում:

Եթե ամփոփեմ քարոզարշավի թեման, խաղաղության կոնցեպտը դրական ընկալում ունի հասարակության մոտ, այդ դրական ընկալումն անընդհատ աճել  է, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի գաղափարների, հատկապես՝ Տեր-Պետրոսյանի վերջին ելույթներից հետո: Ես վստահ եմ՝ լուրջ ձայներ կհավաքվեն այս գաղափարի շուրջ, եւ մենք կկարողանանք խորհրդարանում լայն քննարկման առարկա դարձնել այն: Եվ եթե հիմա կան ուժեր, որոնք «ամաչում են» կամ չեն համարձակվում միանալ այս անհրաժեշտ գործիքին, դրանից հետո ավելի քիչ կաշկանդված կլինեն:

Ձեր ընդդիմախոսների փաստարկներից մեկը հետեւյալն է՝ Արցախի հարցի լուծումը Ադրբեջանի համաձայնության հետ կապված չէ:

Գիտե՞ք, պարզունակությունը, մանկամտությունը եւ անպատասխանատվությունն այս գործի հետ անհամատեղելի են: Ցանկացած երեխա կարող է մեծ-մեծ խոսել՝ «ես տիեզերք եմ թռչելու, հերոս եմ դառնալու»: Այստեղ մանկական խաղ չէ, որ ասես՝ Ադրբեջանի հետ այլեւս հարց չունենք: Իսկ Ռուսաստանի, կամ ԱՄՆ-ի հետ ե՞ւս հարց չունենք: Եթե այդպես է, թող ընդհանրապես առաջարկեն դուրս գալ Մինսկի ֆորմատից, ընդհանրապես՝ ԵԱՀԿ-ից, ԵԽ-ից կամ ՄԱԿ-ից, բոլորի վրա թքենք ու ասենք՝ մենք ենք ու մեր սարերը՝ Ստամբուլն էլ է մերը, Արարատն էլ: Ախր անգամ դժվար է պատասխանել այդ անգրագիտությանն ու «քյալլագյոզությանը»:

Ասում են՝ երկրի զարգացումը որեւէ կերպ կապ չունի կոնֆլիկտի հետ: Կարելի է կոռուպցիայի, մենաշնորհների ու այլ արատավոր բաների դեմ պայքարել՝ առանց հակամարտությունը լուծելու:

Թող ուսումնասիրեն կոնֆլիկտների ու կոռուպցիայի կապը ամբողջ աշխարհում: Բազմաթիվ ուսումնասիրություններ կան, որոնք ցույց են տալիս, որ կոռուպցիան նպաստավոր պայմաններում է այնտեղ, որտեղ կոնֆլիկտ կա: Կոռուպցիան, մենաշնորհները, ապօրինությունները ծաղկում են այնտեղ, որտեղ կոնֆլիկտները չեն լուծվում երկար ժամանակ: Կոնֆլիկտը նպաստավոր պայմաններ է ստեղծում գողերի, հանցագործների համար: Դա՞ են ուզում, թող ասեն: Եվ հակառակը, կան զարգացման հրաշալի հնարավորություններ այն երկրներում, որոնք ունեն բաց սահմաններ, ժողովրդավարություն եւ հարեւանների հետ կարողանում են կարգավորել իրենց հարցերը: Աշխարհի բոլոր երկրներն ունեցել են պատերազմ ու կոնֆլիկտ իրենց հարեւանների հետ:

Չկա ազգ ու պետություն, որը հարեւանների հետ կոնֆլիկտ ունեցած չլինի: Բայց գալիս է ժամանակ, այդ ազգերը խոհեմություն են դրսեւորում եւ թեկուզ դժվարությամբ, բայց խաղաղության են հասնում: Միշտ է էդպես եղել՝ կարո՞ղ եք ասել մի ազգ, որը չի պատերազմել հարեւանների հետ: Բայց զարգացման ճանապարհը դա է՝ պետք լուծես խնդիրներդ ու զարգանաս: Մեր նախընտրական ծրագիրը զարգացման գործիք է՝ Հայաստանի զարգացման գործիք ու միջոց: Եվ այդ գործիքը հնարավորություն կտա քեզ զարգանալ, ամրանալ ու պահպանել Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը: Պարզ, հասկանալի, մարդկային տրամաբանություն է՝ խաղաղությունը՝ զարգացման գործիք: