25.03.2017 13:23

Վլադիմիր Կարապետյան. Միջազգային կոնյուկտուրան և ԼՂ խաղաղ գործընթացի ներկա վիճակը

Վլադիմիր Կարապետյան. Միջազգային կոնյուկտուրան և ԼՂ խաղաղ գործընթացի ներկա վիճակը

Ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հակամարտության կարգավորման առաջին ջութակը ստանձնած Ռուսաստանը պահպանում է իր դիրքերը կարգավորման հարցում: Հաշվի առնելով այն, որ մինչ օրս որևէ առաջխաղացում չկա ՌԴ-Արևմուտք հարաբերություններում, իսկ Մոսկվան ամեն կերպ ձգտում է ճեղքում մտցնել այդ հարցում, Ռուսաստանը շարունակելու է ԱՄՆ և դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր միջազգային հարթակների որոնումները:

Առիթ ունեցել ենք նշելու, որ ԼՂ հակամարտության կարգավորումը եզակի այն միջազգային նշանակության հարցերից է, ուր չկան հիմնավոր հակասություններ միջնորդների միջև: Իսկ միջնորդներն էլ՝ հենց Ռուսաստանն է, Եվրոպայի խոշորագույն պետություն՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Այդ երկրների նախագահները 5 հայտարարություն են ընդունել, http://www.osce.org/mg/51152, http://www.osce.org/mg/69515, http://www.osce.org/mg/78195, http://www.osce.org/mg/91393, http://www.osce.org/mg/102856, որտեղ անդրադարձ է կատարվել հակամարտության կարգավորման սեղանին դրված փաստաթղթի սկզբունքներին և հաստատել միասնական մոտեցումը կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Նույն կերպ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ցուցաբերել են իրենց միասնական դիրքորոշումը 2014 http://www.osce.org/mg/129421, 2015 http://www.osce.org/mg/206036 և 2016 թվականներին http://www.osce.org/mg/287531՝ համապատասխան հայտարարություններով ամրագրելով իրենց միասնական դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ բոլոր հայտարարություններով նաև սահմանվում են այն սկզբունքները (Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Արցախ-Ադրբեջան սահմանների ճշգրտում, հակամարտության գոտուց զորքերի դուրսբերման ժամանակացույց, խաղաղապահների տեղակայում և այլն), որոնց շրջանակներում էլ պետք է կարգավորվի հակամարտությունը: Այսինքն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը տարիներ շարունակ վերահաստատում են, որ այսօր Մադրիդյան փաստաթղթին այլընտրանք չկա, և այսօրվա ստատուս քվոն իրենց համար ընդունելի չէ:

Նկատենք նաև, որ միջազգային հեղինակավոր բոլոր կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, Եվրոպայի Խորհուրդը, ՆԱՏՕ-ն և ուրիշները բոլոր հնարավոր առիթներով բազմիցս և միանշանակ հայտարարել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ավելի կոնկրետ՝ համանախագահ երկրների) ջանքերին՝ ԼՂ խաղաղ գործընթացում: Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ունեն ամենաբարձր օրինակարգությունը՝ միջնորդելու հիմնահարցի կարգավորումը:

Ունենալով այս միահամուռ աջակցությունը և զգալով հարմար պահը, ՌԴ-ն գիտակցում է, որ առաջընթացը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարող է բեկում մտցնել ՌԴ-Արևմուտք փոխհարաբերություններում: Զուգահեռ՝ դա նաև առավել կամրապնդի ՌԴ դիրքերը Մերձավոր Արևելքում ծավալվող զարգացումներում:

Այսպես, միջնորդների ջանքերով որոշ դադարից հետո փետրվարին Մյունխենում տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Դրան հաջորդեց ՀՀ, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարների այցերը Մոսկվա, ուր բանակցությունների հիմնական թեման ԼՂ հակամարտության կարգավորման հարցն էր: Ս. Սարգսյանի՝ Փարիզ և Մոսկվա, Ի. Ալիևի՝ Փարիզ կատարած այցերի ընթացքում նույնպես բանակցությունների հիմնական թեման ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն էր: Ի. Ալիևն էլ, օգտվելով առիթից, մեղադրեց Հայաստանին այս անգամ էլ բանակցություններում դադարի պատճառ հանդիսանալու համար:

Նրա այս հայտարարությունը, արտգործնախարար Է. Մամեդյարովի ակնարկները, որ պատրաստ են ակտիվ բանակցային գործընթացին, Հայաստանի լռակյաց (Է. Նալբանդյանը Հայաստանի պատմության մեջ ամենափակ նախարարն է. նրա պատկերացմամբ, թերևս, ՀՀ արտգործնախարարությունը չպետք է տարբերվի ՀՀ ԱԱԾ-ից՝ լրատվամիջոցների հետ շփումների ծավալով) համաձայնությունը ՌԴ-ից եկող ուղերձներին և դիվանագիտական ակտիվ շփումները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահի այցը տարածաշրջան, վկայություն են, որ խաղաղ գործընթացն ամենաակտիվ փուլում է, և բոլորը միայն սպասում են Հայաստանում ընտրությունների ավարտին:  

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ինքնահավան հայտարությունները և ցուցադրվող պատրաստակամությունը վերսկսելու բանակցությունները այնպիսի տպավորություն են ստեղծում, թե իբր հիմա էլ Հայաստանն է ձգձգում բանակցությունները: Իրականում սա ճնշում է Հայաստանի վրա, և վերջինիս դժվար կլինի հրաժարվել հանդիպման առաջարկից:

Ուշագրավ է, որ Ռուսաստանը բացահայտ նկատում է, որ, հաշվի առնելով ՌԴ առանձնահատուկ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, Ռուսաստանը ձեռնարկելու է ինքնուրույն ջանքեր: Առկա իրողություններն ու Ռուսաստանի հետևողական ջանքերը հաշվի առնելով՝ առաջիկայում կարելի է սպասել առաջին դեմքերի հանդիպման նոր հրավեր Մոսկվայից:

Ռուսաստանի շահագրգռվածությունը ակնհայտ է: Բացի Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականության համար նպաստավոր պայմանների ստեղծումից, ԼՂ հակամարտության կարգավորումը (Մադրիդյան փաստաթղթի ստորագրումը) միանշանակ բեկում կմտցնի ՌԴ-Արևմուտք փոխհարաբերություններում: Այն առիթ կստեղծի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների, մասնավորապես Պուտին-Թրամփ հանդիպման համար: Կարգավորման հարցում նշանակալի առաջընթացը թույլ կտա Պուտինին խաղաղարարի կերպարով հանդես գալու աշխարհ առջև՝ համագործակցության պատուհան բացելով ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Վերջիններիս 2014 թվականից նախաձեռնած պատժամիջոցները լրջագույն հարված էին ՌԴ տնտեսությանը, և դրանց վերացումը առաջնային է պաշտոնական Մոսկվայի համար: Տեղական որոշ վերլուծաբաններ նկատում են, որ Ռուսաստանին ձեռնտու չէ երկարատև կայունությունը տարածաշրջանում, քանի որ դա թույլ է տալիս ՌԴ-ին. 1. Զենք վաճառել հակամարտության կողմերին, 2. Պահպանել վերահսկողությունը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Պատասխանելով այս մոտեցումներին նշենք, որ մեր տարածաշրջանում ՌԴ զենքի վաճառքից գոյացող գումարների չափն անհամեմատելի է այն կորուստների հետ, որ ՌԴ-ն ունեցավ Արևմտյան սանկցիաների արդյունքում: Հետևաբար, Ռուսաստանը կշարունակի սանկցիաների լծի տակից դուրս գալու ճանապարհների որոնումը և ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այլ երկրների հետ համատեղ ջանքերը այս համատեքստում շատ արդիական կարող են լինել:

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական գործողությունների վերսկսումը Ռուսաստանի վերահսկողությունից դուրս է, հետագայում նույնպես Ռուսաստանը չի կարողանալու զսպել իրավիճակի սրմանը գնացող կողմին: Ռազմավարական նկատառումներից ելնելով՝ ՌԴ-ին կարող է շատ ավելի նպաստավոր լինել հենց հիմնական միջնորդի տիտղոսով հանդես գալը՝ իր վերահսկողությունն ավելացնելով Մադրիդյանի ստորագրմանը հետևող խաղաղ գործընթացի նկատմամբ:

Հաշվի առնելով վերոբերյալ նկատառումները, կարելի է ակնկալել խաղաղ գործընթացի առավել ակտիվացում առաջիկա ամիսներին, և այս գործում առաջնային դերը վերապահված է Մոսկվային: