25.03.2017 15:16

Մհեր Արշակյան. Սգի ծարավ Հրանուշ Հակոբյանը

Մհեր Արշակյան. Սգի ծարավ Հրանուշ Հակոբյանը

Սփյուռքի նախարարությունը Երեւանի փողոցներում հսկա վահանակներ է տեղադրել՝ իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար: Երկար էի փորձում հասկանալ՝ ինչպե՞ս թե ինչ եմ արել: Իսկ ես ի՞նչ եմ արել, որ մեղրեցին չարտագաղթի: Կամ՝ 72-րդ դպրոցի տնօրինուհին մարդ լինի: Կամ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողին ընկալի նույն լրջությամբ, որով ընկալում է իր երեխայի կյանքը:

Ի՞նչ եմ արել այս ամենի համար: Հետո հասկացա, թե ինչու է Հրանուշ Հակոբյանի կոմերիտական գլխում ծագել այս նոու հաուն: Ինքը նույն դաշտում չի ընկալում Հանրապետականի օգտին քվեարկողների ցուցակ հավաքող ուսուցչուհուն եւ Արցախը: Ինքը համոզված է, որ դրանք տարբեր բաներ են: Այսինքն, Արցախը սուրբ կով է, Հայաստանը՝ իմ բաժին աղբանոցը: Այստեղ ես ինչ ղալաթ ասես կարող եմ անել, հետո կարող եմ զանգել Մոսկվա ու ասել՝ մի 200 հազար դոլար ուղարկեք Արցախի համար: Այստեղ ես կարող եմ նվաստացնել իմ աշխատողին ու զինվորին եւ ասել, որ կզրկվի աշխատանքից կամ ծառայությունը կդժվարանա, եթե քվեն չտա ՀՀԿ-ին, բայց Արցախ մտնել մաքուր ոտքերով: Այստեղ սփյուռքի նախարարը կարող է աչքը չթարթել, երբ ազատամարտիկ «Հաց բերողը» սպանվում է, իսկ Արցախը՝ ի՞նչ: Կարծում եք՝ նա Արցախի դարդի՞ն է: Արցախը նրա համար պաշտոնեական գործունեության արարողակարգ է՝ ՀՀԿ-ի օգտին արվող կեղծիք: Իսկ ի՞նչ է Արցախը: Այնտեղ ինչ-որ այլ բա՞ն է պետք, որը նրան առավել անխոցելի կդարձնի, կդարձնի ժողովրդավար, եւ էլ ոչ մի ԿԳԲ-չնիկ Սահմանադրություն չի փոխի, որպեսզի մինչեւ 2030 թվականը լինի պետության ղեկավար: Արցախի համար արվող միակ գործը կարող է լինել խաղաղությունը: Իսկ խաղաղությունն արդեն ավելորդ է դարձնում «իսկ դու ի՞նչ ես արել Արցախի համար» հարցը: Ի՞նչ եմ ես արել Արցախի խաղաղության համար:

Ի՞նչ պիտի անի տղամարդը, երբ այնտեղ խաղաղություն չկա՝ պետք է զինվորագրվի: Իսկ կի՞նը: Կնոջ պարագան չգիտեմ: Արցախն այսօր պետություն չէ, սահման է: Դա մի երկիր է, որը թիկունք չունի: Վա՛յ Արցախին, եթե նրա թիկունքը ես եմ, այսինքն՝ «Հաց բերողին» սպանողը, մանկապարտեզի միշտ նույն սանրվածքով տնօրինուհին, պանամա-կիպրական օֆշորների սկանդալներով հայտնի դարձած Տիգրան Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը, պետությունից գողացող նախարարներն ու փոխնախարարները: Այս ամենը պատերազմի շարունակությունն է:

 Ես այստեղ սնում եմ պատերազմը Արցախում: Որովհետեւ ես եւ Արցախը մեկ չենք, իսկի ես եւ իմ դուստրը մեր տան մեջ մեկ չենք, երբ ես իմ ներքին սահմանները չունեմ: Արցախի համար արվող ամեն ինչ պետք է սկսվի պետության ամբողջական ընկալումից: Եթե ես Արցախը չեմ, Հայաստանը չկա: Եթե ես Հայաստանը դրել եմ հարվածի տակ, ինչու՞ պիտի ավելի օգտակար լինեմ Արցախին: Ավելին, իմ ինչի՞ն է պետք Արցախը, թող կորչի գրողի ծոցը, եթե ես ստույգ ապականողն եմ: Ի՞նչ եմ ես արել ինձ համար: Այս հարցին ո՞վ պետք է պատասխանի: Հարցը ճիշտ չէ, մի խոսքով, որովհետեւ խնդիրն այն չէ, թե ով ինչ է արել Արցախի համար, այլ այն, թե ինչպես Արցախը պաշտպանենք բոլոր նրանցից, ովքեր իրենց գոյությամբ խնամում եւ շարունակում են պատերազմը:

Դիցուք, Հրանուշ Հակոբյանը պատերազմի խնամքն է: Որովհետեւ Հայաստանի փողոցներում չի կարելի աչք ծակող նման վահանակներ տեղադրել՝ հայաստանցին արդեն իսկ ինչ-որ բան անում է Արցախի համար հենց թեկուզ այն պատճառով, որ սնում է Արցախի բյուջեն: Արցախի համար ինչ-որ բան անել՝ նշանակում է ագահ չլինել: Չես կարող այստեղ ընտրություն կեղծել, քո մայրերին դարձնել կեղծիքների մասնակից ու վահանակներով հարցնել, թե դու ի՞նչ ես անում Արցախի համար: Ազատեք դպրոցները Հանրապետականից, խորհրդարանը՝ հիմարներից, սփյուռքի նախարարությունը՝ Հրանուշ Հակոբյանից, ժողովրդին մի տրամադրեք շարքային ադրբեջանցու դեմ եւ տեսեք, թե ինչ հեռանկարներ են բացվում Արցախի համար: Հանեք էդ վահանակները, որովհետեւ դրանք ուղղակի հակամարդկային են այն մայրերի համար, որոնց որդիները զոհվել են Արցախում գոնե պատերազմից հետո: Թե՞ ուզում եք ասել, որ բազմաթիվ այլ մայրեր կան, որոնց սգի ծարավն է Հրանուշ Հակոբյանը: