27.03.2017 20:28

Արսեն Գրիգորյան. Աղջի, տեսե՞լ ես՝ ինչ սիրուն ա Հենրիկ Մխիթարյանի ընկերուհին

Արսեն Գրիգորյան. Աղջի, տեսե՞լ ես՝ ինչ սիրուն ա Հենրիկ Մխիթարյանի ընկերուհին

Օրեր առաջ Հայաստանը փակեց ուսուցիչներ չունենալու էջը: Այսինքն, կրթական բոլոր բարեփոխումները հօդս ցնդեցին: Նշանակում է՝ պետք է զրոյից հավաքել ուսուցչին: Որտեղի՞ց: Գուցե բուհերի՞ց: Այնտեղից էլ հնարավոր չէ:

Ես ուսանող մտերիմներ շատ ունեմ: Բոլորն էլ այս կամ այն չափով Հանրապետականի հետ են: Նրանց անհրաժեշտ է ՀՀԿ-ի բարեխնամությունը: Ինչի-ինչ ծառայությունների դիմաց: Սա նորմա՞լ է: Ոչ: Այսինքն, ուսանող լինելու էջն էլ է փակված: Ուրեմն որտեղի՞ց հավաքել ուսանողին: Գուցե դպրոցի՞ց: Բայց էդ դպրոցն էլ արդեն ծնողներին ու երեխաներին սովորեցրել է, թե ինչպես տեղ ունենալ այս արեւի տակ՝ կեղծիքներին մասնակցելով:

Բոլորս գիտեինք, որ մեր ուսուցիչները մասնակից են Հայաստանի բոլոր ընտրությունների կեղծիքներին: Բայց անակնկալի եկանք, երբ դրա մասին ապացույցներ ներկայացվեցին: Ինչու՞: Որովհետեւ հոգու խորքում կասկածու՞մ էինք: Ոչ: Որովհետեւ հոգու խորքում նրանցից մեկն էինք: Ու հանկարծ մեզ տեսանք այդ ուսուցիչների կեղծիքների մեջ: Շրջանը փակվեց:

Հանրապետականը սա հասկացել է: Ասում է՝ շատ նորմալ է, որ ցուցակներ են հավաքում: Այսինքն, հանկարծ չշեղվեք հիմնական թեմայից, այսինքն՝ մեր ստեղծած ստրկական համակարգից: Հանկարծ հայելուց ձեր դեմքը չհեռացնեք: Մարդիկ էդ հայելու համար Հայաստանի Հանրապետություն են արժեզրկել:

Ու հանկարծ ինչ-որ մի Դանիել Իոնիսյան էդ հայելու վրայից հեռացնում է պատրանքը, թե այսպես էլ վատ չենք ապրում: Հանկարծ տեսանք, թե ինչքան տգեղ ենք մենք: Մեր այս տգեղության համար ո՞վ է պատասխան տալու: Դա էլ տեսանք: Տեսանք, որ պատասխան տվող չկա: Որովհետեւ պատասխան տվողն ասում է՝ նորմալ է:

Հենց այդպես մենք վախենում ենք խաղաղությունից: Որովհետեւ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը մեզ արդեն կազմավորել է այսպիսին՝ մեր ուսուցիչները կեղծարարներ են, մեր ուսանողները կյանքի հետեւից չեն հասցնում, մեր գործազուրկները այլեւս «ախորժակ» չունեն իրենց պարտադրված աղքատությունը ծանրութեթեւ անելու, նրանց չափազանց շատ է խանգարում այն, որ դեռ կան: Բոլորը վախենում են այս վիճակից դուրս գալուց, կարծես ինչ-որ մեկը նրանց ասում է՝ դու պետք է առերեսվես քո գեշությանը: Մեկն ասում է, որ մեզ խաղաղությունը պետք է հենց հիմա: Ազգի մի մեծ հատված ընդդիմանում է, որովհետեւ վախենում է խաղաղության մեջ տգեղ երեւալուց: Տգեղ երեւալը արդեն բարդույթ չէ, այլ հիվանդություն: Որովհետեւ իրեն չիմանալը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի պարտադրած «հմայքն» է, «սենց էլ մնա, դժգոհ չենք, ախպեր»:

Կարծում եք՝ Դանիել Իոնիսյանը կմարսի՞, որ ամբողջ ազգին հիշեցրեց, որ ինքը տգեղ է: Սա մարսելու բան չէ, մի օր մենք նրան դա կհիշեցնենք: Ընկերներիցս մեկի երեխայի մանկապարտեզի տնօրինուհին գտել էր ինձ եւ աղաչում էր. «Խնդրում եմ, անունս հեռացրեք»: Կին է: Նույնն է, որ ինչ-որ մեկն իրեն լուսանկարել է, իսկ նկարում կինը տգեղ է ստացվել: Փոխարենը մեկ ուրիշը հոխորտում է՝ Դանիել Իոնիսյանն ո՞վ է, որ մեզ վարկաբեկի: Իհարկե: Մարդը քանի՞ տարի է սուսուփուս ձեւավորել իր հայելին այնպես, որ ինքն իրեն չճանաչի:

Մինչդեռ ի՞նչ պետք է լիներ՝ ՀՀԿ-ն արդեն պիտի ոչ միայն ընտրական գործընթացներից հեռացվեր, այլեւ դատախազությունը կամ քննչական ծառայությունները պետք է աշխարհի տարբեր երկրներից քննիչներ հրավիրեին այս գործի քրեական մասշտաբայնության տակից դուրս գալու համար: Մի Մուկուչյան, մի Դավիթ Հարությունյան ու մի Էլեոնորա Թումանյան կամ Գայանե Սարուխանյան հերիք են, որպեսզի մենք թերթենք նաեւ մեր «լավագույն» խայտառակությունների այս էջը ու անցնենք հաջորդ թեմային՝ աղջի, տեսե՞լ ես՝ ինչ սիրուն ա Հենրիկ Մխիթարյանի ընկերուհին: