28.03.2017 10:13

Վահան Թումանյան. Հիմա ո՞վ է ճիշտ ասում

Վահան Թումանյան. Հիմա ո՞վ է ճիշտ ասում

Հայկական «պահանջատիրությունը», որի իսկական երեսը պառլամենտում մի քանի կամ գոնե մեկ տեղ ունենալու այլանդակություն է, զինվորագրվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «պարտվողականության պսակազերծմանը»։ Ընդ որում, նոնսենս է, երբ նախագահ Տեր-Պետրոսյանին քննադատում են՝ վկայաբերելով ԼՂ կարգավորման «մադրիդյան սկզբունքները»... Վակխանալիան երեւի երկար շարունակվեր, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Հոգլանդը պետական լրատվական գործակալությանը հարցազրույց չտար եւ փաստացի չհրապարակայնացներ, որ Ղարաբաղի հարցում գոյություն ունի մի պլան, որին համանախագահները չեն տալիս «Լավրովի պլան» անվանումը, բայց դրանից էականորեն ոչինչ չի փոխվում:

Այսինքն, ամերիկացի դիվանագետը հաստատում է, որ Ղարաբաղի կարգավորման բանալին գտնվում է Մոսկվայում, եւ մյուս երկու համանախագահները Ռուսաստանին չեն խանդում: Իսկ առաջին նախագահը հայտնի հարցազրույցում դա էր ասել: Միաժամանակ, ամերիկացի համանախագահը բացահայտել է, որ այդ պլանը բաղկացած է երեք կետից: Նույնը ասել է առաջին նախագահը, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, պետությունների տարածքային ամբողջականություն, ժողովուրդների հավասարություն եւ ինքնորոշման իրավունք:

Ամերիկացի համանախագահը նաեւ ասել է, որ կողմերը պետք է շուտափույթ վերադառնան բանակցությունների սեղանին, եւ ավելացրել է, որ իրենք այդ ուղղությամբ աշխատում են: Ասել է թե՝ բանակցությունները դադարեցված չեն, ուղղակի պաուզա է, որը, մեծ հավանականությամբ, կապված է Հայաստանում պառլամենտական ընտրությունների հետ: Եւ իշխանության ձեւավորումից հետո բանակցությունները վերսկսվելու են:

Իրականությունը սա է: Եւ առաջիկա կիրակի քվեարկության գնացող մարդը պիտի որոշի՝ իր ձայնը տալիս է իրեն խաբո՞ղ, թե՞ ճշմարտությունը ասող ուժին: Ընտրության միջակայքը շատ նեղ է, ժամանակը՝ սուղ: Իսկ թե ինչ են ճամարտակում հարթակներից՝ դա ոչ մի կապ չունի Հայաստանի եւ Ղարաբաղի վաղվա հետ: Միջնորդները սահմանել են պարամետրերը, դրանք վաղուց հայտնի են: Ոչ ոք նոր «հեծանիվ» չի հորինելու։