28.03.2017 11:08

Գագիկ Քամալյան. Գավառական ազգայնականի ֆենոմենը

Գագիկ Քամալյան. Գավառական ազգայնականի ֆենոմենը

Յոթանասուն տարի ապրելով գաղափարական (կոմունիստական) դիկտատուրայի ներքո, մեր հասարակությունը քաղաքական ու հանրային խնդիրների վերաբերյալ դրսևորում է միաձև մոտեցում: Ցավալին այն է, որ գաղափարական դիկտատուրայի հետևանքների արդյունքում, հայկական չկայացած  ազգայնականությունն  ու այդ միաձև մտածողությունը միաձուլվելով՝ ստեղծել են հանրային ընկալումների այնպիսի մի գավառական գիտակցություն, որն այսօր դարձել է անհաղթահարելի մի բեռ հայկական պետականության համար:

Ի՞նչ են ուզում մեր գավառական  պատկերացումներով ազգայնականները։ Իրականում՝ ոչինչ, որովհետև նրանց համար քաղաքական ցանկացած գործընթացի և՛ սկիզբը, և՛ ավարտն ունեն նույն նշանակությունը: Գավառական ազգայնականի համար աշխարհն ունի մեկ գույն, ու այդ գույնն ատելության գույնն է, իսկ ատելությամբ քաղաքականություն չեն կառուցում: Նրանց  համար այդպես էլ անկախությունը չդարձավ գիտակցություն, այսինքն՝ այսօր ազգայնականության անունից հանդես եկող մեծ մասի համար ազգայնականությունն ավելի շատ ոչ անկախ ժամանակների պատկերացում է:

Ազգայնականները պետությունը չեն համարում  քաղաքացու իրավական  ինստիտուտ, այլ համարում են մի տարածք, որտեղ բնակվում է հայկական էթնոսը և ուրիշ ոչինչ, դրա համար էլ այս քաղաքական հոսանքի համար երբեք քաղաքականությունը պաթոսային ընկալումներից այն կողմ չի անցնում: Նրանք չեն կարողանում քաղաքական պատասխանատվության հիմքում տեսնել իրավական պատասխանատվություն։ Իսկ եթե քաղաքական գործունեության հիմքում չկա իրավական պատասխանատվության գիտակցում, ապա դա նշանակում է, որ տվյալ քաղաքական հոսանքը երբեք չի կարող պատասխանատվություն ստանձնել պետության առջև:

Այո՛, հայկական ազգայնականության դիրքերից հանդես եկողների մեծ մասը գավառական պատկերացումներով մարդիկ են, ու նրանք մշտապես հակադրվում են այն իրողությանը, որ այլևս ազգը ձեռք է բերել պետականության որակ, ինչը նշանակում է, որ հայաստանցի մարդը հայրենասիրական հարթությունից պետք է անցում կատարի դեպի իրավաքաղաքական հարթություն:

Ոչ մեկը չի արգելում ազգայնական տեսակին ստեղծագործել ու դառնալ քաղաքական գործոն։ Ավելին ասեմ, ցանկացած պետություն, անկախ իր կառավարման համակարգի էությունից, միշտ ունեցել է և կունենա իրական ազգայնականության կարիքը, որովհետև հենց ազգայնականությունից է իրականում սկսվում ցանկացած տիպի ազատական շարժում: Հայաստանի ազատական դաշտի մեծ մասի հիմքերը շատ խարխուլ են, որովհետև կայացած  ազգայնականության հիմքերի վրա չեն կառուցվել այս մարդկանց ազատական հայացքները։ Եթե ուշադրությամբ հետևենք մեր օրերի գավառական ազգայնականների  ու ազատականների գործունեությանը, ապա միանգամից կհասկանանք, որ իրականում նրանք անում են նույն բանը, պարզապես մատուցման ձևերն են տարբեր:

Հիմա եկեք խոսենք խաղաղության գաղափարի հանդեպ դրսևորվող ազատականների վախեցած վերաբերմունքի մասին։ Ինչպես նշեցի, մեր ազատականների մեծ մասի արմատն ամուր չէ, ու այս չխմորված տեսակի համար բարդ է ընդունել այնպիսի քաղաքական իրողությունները, որոնք իրենց  գիտակցական դաշտից դուրս են: Նրանց  համար էլ աշխարհն սկսվում ու ավարտվում է նույն գույնով։ Գավառական ազգայնականը պաշտում է «հայու գենը», իսկ չխմորված ազատականը փնովում է «հայու գենը», բայց  երբ պետք է մերժի «հայու գեն» կոչված անմտությունը, ապա անմիջապես այլ արտահայտչաձևերով դառնում է հայգենական: Գավառական ազգայնականը չի վստահում աշխարհին, իսկ չխմորված ազատականն օր ու գիշեր համոզում է, որ մեզանից դուրս կա զարգացած աշխարհ, և մենք պետք է հավատանք այդ աշխարհին, բայց երբ գալիս է պահը, որ պետք է իրականացնենք այդ հավատալու քաղաքականությունը, ապա չխմորված ազատականը անմիջապես սկսում է գավառական ազգայնականի նման բարդույթավորվել աշխարհից…

Այսպիսին է մեր իրականությունը, ու չի կարելի հիասթափվել, որ մենք այսօր քիչ ենք, թեկուզ որ՝ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, երեկ մեր կողքին էին այդ չխմորված ազատականներից շատերը։ Միշտ համոզված եմ եղել, որ այդ չխմորված տեսակը ճանապարհի կեսից գնալու է դեպի իր գավառական պատկերացումները: Ինչքան էլ այդ տեսակը կրթություն ստացած լինի, միևնույն է՝ նրանք չեն կարող գաղափարական պայքարի համար դառնալ հենարան, իսկ հենարան դառնալու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական հոտառություն, կամք ու համբերություն:

Բարդ է այսօրվա համատարած միաձևության մեջ ասել ու անել քայլեր, որոնք դուրս են լայն զանգվածների պատկերացումներից, բայց քաղաքականությունը նրա համար չէ, որ մենք հարմարվենք լայն զանգվածներին, այլ նրա համար է, որ կարողանանք այդ մարդկանց տանել դեպի այդ ճշմարտությունը: Այսօր մեզ կհայհոյեն, բայց վաղը առանց մեզ հիշելու՝ ասելու ու անելու են այն, ինչը մենք այսօր բարձրաձայնում ենք. «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն»։