28.03.2017 18:29

Մյասնիկ Մալխասյան. Խաղաղության գինը լավ գիտեն նրանք, ովքեր եղել են խրամատում

Մյասնիկ Մալխասյան. Խաղաղության գինը լավ գիտեն նրանք, ովքեր եղել են խրամատում

 

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, պատգամավորության թեկնածու, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը:

 

Պարոն Մալխասյան, Դուք անձամբ եք մասնակցել Արցախի ազատագրմանը: Ինձ հետաքրքիր է, թե այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար, ինչպե՞ս են ընկալում խաղաղության, փոխզիջումների գաղափարը:

Նախ ասեմ, որ ես ոչ միայն մասնակցել եմ պատերազմին, այլեւ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ապարանի Չքնաղ գյուղում իմ ղեկավարած դպրոցում հիմնադրել եմ Հայոց համազգային շարժման «Զարթոնք» կազմակերպությունը, որի նպատակն էր՝ ժողովրդի մեջ արթնացնել ազատագրական պայքարի ոգին, եւ գրեթե բոլոր համայնքներում կազմակերպել ենք կամավորական ջոկատներ, որոնք մասնակցել են սահմանամերձ շրջանների, Արցախի ինքնապաշտպանական մարտերին: Այդ ճանապարհին տվել ենք բազում զոհեր: Բնականաբար, խնդիրն այն ժամանակ ազատ, անկախ Հայաստան ստեղծելն էր, եւ մենք, մեր առաջին նախագահի շնորհիվ, որը նաեւ գերագույն գլխավոր  հրամանատարն էր, մեր պայքարով (մեր պայքարը եղել է ոչ թե ռազմատենչ, հարձակողական, այլ զուտ ինքնապաշտպանական դիրքերից ենք մղել պայքարը) կարողացել ենք ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ստեղծել ենք այդ անվտանգության գոտին: Այն ժամանակ նաեւ դիվանագիտական ասպարեզում ենք կարողացել հաջողություն ամրագրել եւ ապահովել խաղաղությունը: Բայց դա փխրուն խաղաղություն է , որը ժամանակ առ ժամանակ խախտվել է, եւ մենք մշտապես պատերազմի սպառնալիքի տակ ենք եղել: Այսօր խաղաղության գաղափարը շատ ավելի լավ են ընկալում այն մարդիկ, ովքեր եղել են խրամատում: Նրանք խաղաղության գինը շատ լավ գիտեն, եւ գիտեն, որ այդ փխրուն խաղաղությունը ձեռք է բերվել իրենց ընկերների արյան ու առողջության գնով: Ազատամարտիկները գիտակցում են այդ ամենը: Եվ այն ազատամարտիկները, որոնք այսօր էլ ողջունում են խաղաղության ծրագիրը, կարծում եմ՝ գիտակցում են ամբողջ լրջությամբ ու պատասխանատվությամբ, որ ծովից ծով Հայաստանի կամ Բաքու հասնելու մասին խոսակցությունները դատարկ ու սին երազանքներ են: Լավ կլիներ, որ այդ երազանքները իրականանալի լինեին եւ չվտանգեին մեր ձեռք բերածը: Այնպես, ինչպես նախորդ դարասկզբին  երազում էինք ծովից ծով Հայաստանի մասին, բայց հազիվ այս մի փոքր Հայաստանը կարողացանք պահել: Մենք աշխարհի փորձով գիտենք, որ այն պետությունները, որոնք մեր կարգավիճակում են եղել՝ շրջապատված թշնամի հարեւաններով, պետք է կարողանան հասնել բոլոր հարեւանների հետ եթե ոչ բարեկամանալու, այլ գոնե՝ ոչ թշնամական հարաբերություններ ունենանք, որպեսզի հնարավորություն ունենանք զարգանալ, որպեսզի տնտեսությունը շնչի, եւ կարողանանք պահել ձեռք բերածը:

Ձեր ընդդիմախոսների մի մասն ասում է, որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ խաղաղության եւ ինտենսիվ կերպով հայատյացություն է քարոզում: Այդ պայմաններում հնարավո՞ր է մտածել խաղաղության մասին, եւ փոխզիջումը մեզ ավելի խոցելի չի՞ դարձնի:

Ես կարծում եմ, որ մեր ընդդիմախոսները հիմնականում ամպագոռգոռ բաժակաճառեր են ասում՝ փաստարկների փոխարեն: Նրանք հստակ լուծման ծրագիր չեն առաջարկում: Այս ընտրապայքարի ուժերից միայն Կոնգրես-ՀԺԿ-ն է, որը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հստակ ծրագիր է առաջ քաշել ու երբեք չի վախեցել, չի խորշել պիտակավորումներից եւ օր օրի վրա բացատրել է դրա էությունը հասարակությանը: Եվ այսօր արդեն հասարակությունը բավական լավ ընդունում է այդ գաղափարը եւ սկսում է սատարել մեր ծրագրին: Իսկ մյուս քաղաքական ուժերը ռեալ փաստարկներ չեն բերում, հստակ չեն ձեւակերպում իրենց տեսակետը այս հարցի կապակցությամբ՝ դատարկ, դեկլարատիվ թեզեր են առաջ քաշում: Թերեւս միայն ՀՀԿ-ն է, որ ինչ-որ նման բան ունի, բայց դա էլ լղոզված է ներկայացվում: Միակ քաղաքական ուժը, փաստորեն, Կոնգրես-ՀԺԿ-ն է, որն առանց թաքցնելու, բացահայտ եւ հստակ խոսում է այս ծրագրերի մասին: Մյուս կողմից, հատկանշական է, որ մեր ընդդիմախոսները որեւէ քննադատության չեն ենթարկում իշխանություններին ԼՂ խնդրի վերաբերյալ իրենց տեսակետների համար: Նույն Դաշնակցությունը, օրինակ, ձայն չհանեց, երբ Սերժ Սարգսյանը Եվգենի Կիսելյովի հետ հարցազրույցում հայտարարեց, որ պատրաստ է զիջել 7 շրջանները:

Բառացիորեն օրերս Սերժ Սարգսյանը Արցախում՝ զինվորների ներկայությամբ, հայտարարեց, որ ապրիլի 2-ին պետք է ընտրենք «հարձակման հրաման տվողին, անհրաժեշտության դեպքում՝ հետ քաշման հրաման տվողին»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ տարածքային փոխզիջման գնալու պատրաստակամության հերթական վկայություն: Սակայն կրկին ոչ ոք ձայն չհանեց:

Առավելեւս, դա գալիս է փաստելու, որ այդ քաղաքական ուժերը պարզապես իրենք իրենց լուրջ չեն ընդունում: Այլապես՝ պետք է նման հայտարարությանն իրենք առաջինը արձագանքեին: Բայց նրանք «անշառ» թիրախ են ընտրել եւ փորձում են վարկանիշ ձեռք բերել: Կարծում եմ, հասարակությունը շատ լավ գիտի՝ ով ով է, եւ ընտրությունների արդյունքում ամեն ինչ իր տեղը կդնի: Բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա՝ այդ կուսակցությունները, փաստորեն, որպես միակ ծանրակշիռ ու լուրջ ուժ ընդունում են Հայ ազգային կոնգրեսին, եթե չեն արձագանքում իշխանության գործողություններին, իշխանության, որը ամեն ինչի պատասխանատուն է՝ ե՛ւ ստատուս քվոյի երկարաձգման, ե՛ւ խաղաղության կնքման ու ինչ-ինչ զիջումների: Փաստորեն, նրանք ընդունում են, որ փաստացի իշխանությունը, երկրի ղեկավարն ու որոշումներն ընդունողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Դրանով իրենք վիրավորում են իրենց իսկ դաշնակից քաղաքական ուժին ու նրա ղեկավարին:

Կարծում եմ, մեր հասարակության մեջ մարդիկ նաեւ գնալով, հատկապես՝ նախագահ Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո, բուռն քննարկման առարկա են դարձրել խաղաղության ծրագիրը: Ինքս ընտրողների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս համոզվել եմ, որ մարդիկ շատ լավ են ընդունում մեր գաղափարները: Պարզապես, ասում են՝ մեր գյուղից այսինչն է առաջադրված, մեր բարեկամ այնինչը եւ այլն: Այստեղ մենք պետք է մի հոգեբանական արգելք հաղթահարենք ու հասնենք նրան, որ մասսաների գիտակցության մեջ առաջնությունը տրվի երկրի անվտանգության, զարգացման ու արտագաղթի կասեցման հարցերին:

Ի դեպ, Դուք նաեւ վարկանիշային ցուցակով եք առաջադրված, եւ նաեւ Ձեր ընտրական տարածքում եք քարոզարշավին մասնակցում: Որքանո՞վ է այս ընտրակարգը օգնում, որ մարդիկ տեղերում քաղաքական ընտրություն կատարեն:

Կարեւոր հարց է: Ասեմ, որ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ պարզ է դառնում, որ մինչեւ հիմա ոչ բոլորն են ընկալում ռեյտինգային ընտրակարգի էությունը: Մենք փորձում ենք համառոտակի բացատրել: Լինելով անունով համամասնական ընտրակարգ՝ սա փաստացի ավելի վատ մեծամասնական է իրենից ներկայացնում: Որովհետեւ նախորդ ընտրություններին ընտրողը կարողանում էր ընտրություն անել կուսակցությունների միջև, միեւնույն ժամանակ՝ մեծամասնականով ընտրել իր թաղի, գյուղի ծանոթին-բարեկամին: Սա մասնակիորեն բացասական երեւույթները մեղմացնում էր: Բայց հիմա խայտառակ երեւույթ է ի հայտ եկել: Ընտրողն այս ընտրակարգով պետք է իր նախընտրությունը տա կուսակցությանը, հետո նոր՝ որոշի, թե այդ կուսակցությունից որ թեկնածուին է նախընտրում: Բայց իրական քարոզչության մեջ հակառակ պրոցեսն է գնում: Ինձ հանդիպած շատ ու շատ մարդիկ ասում են, որ կուզեին Կոնգրես-ՀԺԿ-ին ընտրել, բայց այսինչ կամ այնինչ մարդուն խոսք է տվել, որ իրեն է ընտրելու: Փաստորեն՝ մեխանիկորեն նա իր քվեն տալու է ոչ այն կուսակցությանը, որին կուզեր ընտրել: Ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը. քանի որ նաեւ Կոնգրեսի ճնշման տակ հասանք ընտրացուցակների հրապարակմանը, որը թույլ կտա կանխել ընտրակեղծիքները, դրան հակադրվելով՝ մեր օրենսդիրները հորինեցին այս խայտառակ համակարգը, որով փորձելու են «թաղի տղու», «հեղինակային մարդու» շնորհիվ իրենց կուսակցությունը մտցնել Ազգային ժողով: Այնպես որ, այն ընտրողը, որը հանուն ծանոթ-բարեկամի ընտրել է իշխանական կուսակցությանը, հաջորդ օրը գլխին է տալու՝ տեսնելով, որ ոչինչ չի փոխվել:

Չհաշված, որ հնարավոր է՝ իր նախընտրած թեկնածուն ընդհանրապես չհայտնվի խորհրդարանում:

Այո: Մանավանդ, որ հիմա որ դուռը բացում ես, մի թեկնածու է դուրս գալիս, որի ոչ կրթությունն է հայտնի, ոչ՝ անցած ճանապարհը: Խոսում են հայրենասիրությունից, «հողերը տալուց», քննադատում են մի մարդու, որի հրամանատարության ներքո Հայաստանը 29 հազար քկմ-ից դարձել է 42 հազար քկմ: Ես մեր ընտրողներին սովորաբար խորհուրդ եմ տալիս նման կերպ խոսողներին հարցնել՝ արդյո՞ք նրանք եւ նրանց որդիները ծառայել են բանակում, դուք արդյո՞ք քննադատելու իրավունք ունեք: Այդ իրավունքը միայն խոսքով չի ձեռք բերվում, այլ արածով: Օրինակ՝ ես իմ կենսագրությունում այս անգամ Հայաստանի, Արցախի սահմանների պաշտպանությանը մասնակցությունից բացի նշել եմ, որ ունեմ երկու որդի, երկուսն էլ ծառայել են հայկական բանակում: Որ սա ընտրողների համար ուղենիշ լինի:

Մի բան էլ կա՝ այսօր որպես հաջողության չափանիշ են ընդունում այն, թե այս կամ այն թեկնածուն որքան մարդ է կարողանում հավաքել հանդիպումների ժամանակ: Նախ՝ շատերը ոչ թե կամավոր են գալիս, այլ նրանց «բերման են ենթարկում»՝ ցույց տալու, թե քաղաքական ուժը կամ թեկնածուն մեծ ժողովրդականություն է վայելում: Բայց եթե համեմատության մեջ դնենք մեր հանդիպումների հետ, տեսնում ենք, որ մեր հանդիպումներին գալիս են վստահ, ազնիվ ու գաղափարապես ուժեղ քաղաքացիներ, որոնք իրենք իրենց երբեք չեն կեղծում, երբեք չեն ծախվում, տարիներ շարունակ զրկանքներ կրելուց, ծանր ու դառը փորձությունների միջով անցնելուց հետո հաստատակամ են, ու նրանք ավելի հզոր ուժ են: Եվ ես հավատում եմ այս մարդկանց, հավատում եմ, որ նրանք են այն պարզ ու լուսավոր մարդիկ, որոնք իրենց շուրջը լույս սփռելով՝ դառնալու են ձնագունդ, ու մենք շարունակելու ենք մեր հաղթական երթը՝ հասնելով մեր երազած Հայաստանի ստեղծմանը: Մի դրվագ եմ ուզում պատմել. սպարապետ Վազգեն Սարգսյանը նախաձեռնել էր, որ զորավար Անդրանիկի ու Դրոյի աճյունները պետք է տեղափոխվեին Հայաստան: Հոկտեմբերի 27-ի պատճառով դա հետաձգվեց, եւ նրա փոխարեն 2002 թվականին ես գնացի իրականացնելու այդ պատգամը: Բոստոնում, ուր գնացել էինք Դրոյի աճյունը բերելու, հավաք-խնջույք տեղի ունեցավ, որի ընթացքում մարդիկ ոգեւորված բաժակաճառեր էին ասում, խմում էին հայրենիքի կենացը ամպագոռգոռ բաժակաճառերով, թե՝ «մենք հող ունինք գրավելիք եւ ոչ թե տալիք», որ իբր պետք է հասնեինք մինչեւ Քուռ, Լեւոն Տեր-Պետրոսյանը թույլ չտվեց եւ այլն: Ես ստիպված էի պատասխանել եւ ասել, որ նման ցանկություններ հայտնելու իրավունքը նախ պետք է վաստակել հայրենիքում ֆիզիկական ներկայությամբ: Եթե հնարավոր չէ՝ գոնե նյութապես կարողանաս սատարել հայրենիքին, որ երկրի սահմանները պաշտպանող զինվորները ապահով լինեն: Ասացի՝ ենթադրենք, այնպես է ստացվում, որ ազատագրում ենք Արեւմտյան Հայաստանը. ո՞վ է պատրաստ գալ եւ ապրել այդ հողի վրա ու պաշտպանել այն: Ընդամենը երկու հոգի արձագանքեց, որոնցից մեկը՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը: Այսինքն, պետք է կտրվել երազանքներից ու վերադառնալ իրականություն, նախ՝ ռեսուրս ստեղծել, հզորացնել տնտեսությունն ու բանակը: Պետության պաշտպանունակության համար ամենակարեւոր գործոններն են՝ բնակչությունը, տնտեսությունն ու սպառազինությունները: Եթե դու չես կարողանում սրանք ապահովել, ապա խնդիրը շատ բարդանում է: Եվ Կոնգրեսի մեր ընկերները բանավեճերի ժամանակ այս փաստարկները շատ տեղին ներկայացնում են: Կարծում եմ, որ մեր ընդդիմախոսները եւս պետք է հաշվի առնեն այս փաստերը ու սրանց վրա հիմնվելով՝ ընդդիմախոսեն մեզ, ոչ թե՝ ճոռոմ բաժակաճառերի միջոցով: Այլապես, արդյունքում մենք կհայտնվենք նախորդ դարասկզբի իրավիճակում, երբ կորցրինք մեր երկրի մեծ մասը, ու հիմա ունենք այն, ինչ ունենք:

Եվ, որպես ամփոփում՝ Ձեր ուղերձը ընտրողներին:

Նախ՝ առաջադրված լինելով Արագածոտնի մարզի վարկանիշային ընտրակարգով, կուզենայի ասել մեր ընտրողներին, որ առաջնությունը տան քաղաքական ուժին, գաղափարին, հետո նոր՝ այդ ցուցակից առաջադրված վարկանիշային թեկնածուին: Այստեղ ծանր ընտրություն է գնալու փողի ու գաղափարի միջեւ: Քաղաքացիները պետք է ընտրեն կամ 10 հազարը, որը տարիներ շարունակ հենց իրենցից են խլել, կամ՝ այն քաղաքական ուժին, որը առաջարկում է ապագա, ծրագիր, որը կբարձրացնի իրենց կենսամակարդակը, իրենց եւ իրենց երեխաների անվտանգությունը, որոնք ստիպված չեն լինի զոհվել հայրենիքի սահմանները պաշտպանելիս, առաջարկում է բաց ճանապարհներ, ներդրումներ եւ տնտեսական զարգացում եւ դարձնել Հայաստանը խոշոր ճանապարհների խաչմերուկ: Արդեն ընտրողը պետք է հասկանա, թե որն է ավելի կարեւոր, այն, որ կարճ ժամանակում զգա փոփոխություններն իր վրա՞, թե՞ հինգ տարվա ընթացքում մեկ անգամ վերցնի 10 հազար դրամը: Կրկնեմ՝ ընտրությունը փողի եւ գաղափարի միջեւ է, գաղափար, որն առաջարկում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքը: Կոչ եմ անում ընտրել գաղափարը, որը շատ կարճ ժամանակում հնարավորություն կտա զգալ փոփոխությունները սեփական մաշկի վրա:  Մյուս կարեւոր հանգամանքը. մեր ընտրողները պետք է բազմիցս համոզված լինեն, որ այդ մանրադրամը տվողները ընտրությունների հաջորդ իսկ օրը բարձրացնում են գները՝ շաքարավազի, ալյուրի, նավամթերքի եւ այլ ապրանքների գները, եւ ընդամենը մի քանի օր հետո կրկնակի-եռակի հետ են վերցնում որպես ընտրակաշառք տված գումարը: Հենց այս գիտակցությունը լինի, ընտրողը կհասկանա, որ հաղթել է՝ ոչ միայն ռազմաճակատում, այլեւ ներքին պայքարում, որն ավելի դժվար է ու փորձություններով լի: Մեր ընտրողներին բարի  ընտրություններ եմ մաղթում ու խաղաղություն, նախեւառաջ՝ մեր երկրում ու մեր հոգիներում: Հենց սա եղավ, համոզված եղեք, որ ձեր իղձերն իրականություն են դառնալու: