26.12.2012 21:00

2013 թ. ամենասպասվող իրադարձությունները ըստ Риа-Новости-ի

2013 թ. ամենասպասվող իրադարձությունները ըստ Риа-Новости-ի

Ռուսական հեղինակավոր Риа-Новости լրատվական գործակալությունը կազմել է 2013 թ. ամենասպասվող իրադարձությունների ցուցակը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Սիրիա. Ասա՞դ, թե՞ ընդդիմություն

ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների կողմից Սիրիայի միավորված ընդդիմությանը՝ որպես ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ ճանաչելը փոխում է իրավիճակը: Այժմ վճռորոշ բեկմանը ձգտելու են ոչ միայն Ասադի հավատարիմ ուժերը, այլև ապստամբները: Արևմտյան երկրները կարծում են, որ Ասադի կառավարությունը ավարտին է մոտենում: Թեև՝ արդեն առաջին ամիսը չէ, որ նման կանխատեսումներ են արվում:

 

Վրաստանը կմնա առանց Սաակաշվիլիի

Ռուսաստանն ու Վրաստանը հարաբերությունները բարելավելու մեծ հնարավորություն ունեն: Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի հետ Մոսկվան հրաժարվում է որևէ կոնտակտի գնալ Հարավային Օսիայի զինված հակամարտությունից հետո, սահմանադրության համաձայն՝ 2013-ին  չի կարողանա 3-րդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին և վերջնականապես կհեռանա երկրի քաղաքական կառավարումից:

 

Աֆղանստանը կկանխորոշի ԱՄՆ բանակի ապագան

Աֆղանստանում ամներիկյան զորքերի ապագան կպարզվի 2013 թ.սկզբին. Քաբուլը և Վաշինգտոնը «զորքերի մասին հուշագիր» կստորագրեն, որը կվերահսկի Աֆղանսատնում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը 2014-ից հետո, երբ իսլամական հանրապետությունից վերջնականապես դուրս կգան արտասահմանյան դաշնակից զորքերը:

 

Եգիպտոս. Շարիա՞թ, թե՞ նոր հեղափոխություն

Նոր սահմանադրության նախագծի հանրաքվեն պառակտեց Եգիպտոսի բնակչությանը: Եվ՛ իսլամիստները, և՛  աշխարհիկ շարժումները միավորող  Ազգային փրկության ճակատը, հայտարարում են իրենց հաղթանակի մասին: Իշխանության ղեկին գտնվող իսլամիստները հայտարարում են, որ իրենց սահմանադրական փաթեթը ստացել է քվեարկողների 64%-ի աջակցությունը, մինչդեռ ընդդիմությունը խոսում է զանգվածային կեղծիքների, խախտումների և խարդախությունների մասին՝ պահանջելով չեղյալ հայտարարել «անարդար հանրաքվեի» արդյունքերը, որին մասնակցել է գրանցված ընտրողների ընդամենը 36%-ը:

Ընդդիմադիրները համարում են, որ ներկայիս սահմանադրությունն արտացոլում է «Մուսուլման եղբայրների» և դրա զինակիցների հայացքները, որոնք, փաստորեն, նախագիծը պատրաստել են առանց ազատականների մասնակցության: Մասնավորապես, ընդդիմադիրների կարծիքով՝ հիմնական օրենքի մի շարք դրույթներ կհանգեցնեն պետության իսլամականացմանը և կսահմանափակեն քաղաքացիների անձնական ազատությունները:

 

 

Չավես. կառավարել, թե՞ պայքարել հիվանդության դեմ

Վենեսուելայի նախագահի առողջությունը նորից ուշադրության կենտրոնում է: 58-ամյա Ուգո Չավեսը վերջին մեկուկես տարվա ընթացքում չարորակ ուռուցքի հեռացման չորրորդ վիրահատությունն է տարել: Հոկտեմբերին Չավեսը, որը հազիվ էր ապաքինվել հերթական վիրահատությունից, հաղթեց նախագահական ընտրություններում: Սակայն բոլիվարյան հեղափոխության առաջնորդը արդեն ակնարկել է նախատեսվող հրաժարականի մասին  և  նույնիսկ հրապարակել է իր ժառանգորդի անունը. դա փոխնախագահ Նիկոլաս Մադուռոն է:

 

Բեռլուսկոնին ընդդեմ սուպեր-Մարիոյի

2013-ի փետրվարին Իտալիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը  մնում է 76-ամյա Սլիվիո Բեռշլուսկոնիի վերադարձը մեծ քաղաքականություն: Քաղաքական գործիչ և մեդիամագնատ, այժմ կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնված Բեռլուսկոնին, որը երեք անգամ զբաղեցրել է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնը, հրաժարական է ներկայացրել 2011-ի նոյեմբերին՝ խոստանալով այլևս չհավակնել բարձրագույն պաշտոնի: Սակայն 2012-ի դեկտեմբերին Բեռլուսկոնին հայտարարեց, որ մտադիր է գալիք ընտրություններում

վերստին պայքարել վարչապետի պաշտոնի համար:

 

Ընտրություններ 2013. Գերմանիա, Իրան և այլք

2013-ի հունիսի 14-ին Իրանը նոր նախագահ կընտրի: Ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադն արդեն սպառել է սահմանադրությամբ թույլատրվող 3 քառամյա պաշտոնավարումներ հնարավորությունը: Ընդ որում՝ Իրանում երկրի փաստացի ղեկավարը ոչ թե նախագահն է, այլ ցմահ ընտրվող գերագույն առաջնորդը, ներկայումս՝ այաթոլլահ Ալի Խամենեին:

Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունները կկայանան 2013-ի դեկտեմբերին, որի արդյունքներից կարող է փոխվել երկրի կանցլերը: Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն են քրիստոնյա-դեմոկրատական դաշինքի ներկայացուցիչ, ներկայիս կանցլեր Անգելա Մերկելը և ֆինանսների նախկին նախարար, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Պեեր Շթայնբրյուքը:

 

Հունվարի 11-ին և 12-ին Չեխիան առաջին անգամ համաժողովրդական ուղղակի քվեարկությամբ նախագահ կընտրի: Նախկինում երկրի ղեկավարն ընտրվում էր խորհրդարանի երկու պալատների ընդհանուր նիստի ժամանակ: Ներկայիս նախագահ Վացլավ Կլաուսը իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվել: Երկրի առաջնորդի պաշտոնի հիմնական հավակնորդներն են նախկին վարչապետներ Միլոշ Զեմանը և Յան Ֆիշերը:

 

Խորհրդարանական և նախագահական ընտրություններ կանցկացվեն նաև Թունիսում՝ ամռանը:

Խոստումնալից են նաև Քաթարի պատմության առաջին խորհրդարանական ընտրությունները: Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանին այս իրադարձությունն անվանել է առաջին քայլերից՝ Քաթարում ժամանակակից պետության ստեղծման ճանապարհին:

 

Գալիք տարի նախագահական ընտրություններ կանցկացվեն նաև մի շարք լատինաամերիկյան երկրներում, մասնավորապես՝ Չիլիում, Պարագվայում, Հոնդուրասում, Էկվադորում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում, ինչպես նաև Կիպրոսում, Մալդիվյան կղզիներում, Գվինեա -Բիսաուում: Հնարավոր է, որ Կոսովոյում նույնպես նախագահական ընտրություններ անցկացվեն:

 

Չինաստան. Ողջ իշխանությունը՝ 5-րդ սերնդին

 Չինաստանում ավարտին է մոտնում «5-րդ սերնդի» քաղաքական գործիչներին իշխանության փոխանցման գործընթացը, որը մեկնարկել էր կոմունիստական կուսակցության՝  նոյեմբերին կայացած 13-րդ համագումարի ժամանակ: Համագումարն ընտրել է նոր գլխավոր քարտուղարի՝ 59-ամյա Սի Ցզինպինին, որը մինչ այդ  նախորդ առաջնորդի՝ Խու Ցզինտաոյի տեղակալն էր: Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը Չինաստանի ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում, ուստի գալիք տարվա մարտին կայանալիք հերթական համաչինաստանյան հավաքի ժամանակ Սի Ցզինպինը կստանձնի երկրի ղեկավարի պարտականությունները:

 

Ռուսաստանը և ԱՄՆ-ը «ծանրաբեռնում» են հարաբերությունները

«Վերալիցքավորման» ձախողումը փաստացիորեն ընդունվեց մեկ տարի առաջ, սակայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ներկա փուլն արդեն անվանում են նոր «սառը պատերազմի» փուլ:

Բազմաթիվ չլուծված խնդիրների թվում են՝ Ռուսաստանի սահմանի մերձակայքում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայումը, ДОВСЕ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայի շուրջ տարաձայնությունները, ռուսական Рособоронэкспорт-ի հետ ցանկացած կարգի համաձայնագրեր կնքելու՝ ԱՄՆ-ի առջև դրված արգելքը, ԱՄՆ-ում ռուս գործարար Վիկտոր Բուտի և օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի գործերով դատարանի վճիռները, ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլի սկանդալային ելույթը, վերջին ամիսներին նաև Մագնիտսկու օրենքը, որը ամերիկացի կոնգրեսականների կարծիքով՝ մարդու իրավունքների ոտնահարման մեջ մեղավոր ռուսաստանցիների նկատմամբ վիզային սանկցիաներ է նախատեսում: