29.03.2017 18:37

Քրիստինե Խանումյան. Պատերա՞զմ, թե՞ բանակցություն, կամ ինչու ենք վախենում բանակցություններից

Քրիստինե Խանումյան. Պատերա՞զմ, թե՞ բանակցություն, կամ ինչու ենք վախենում բանակցություններից

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերյան ելույթից հետո ակտիվացած քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի թեմայով մի ցավալի իրողություն են ջրի երես բերել, եւ թերեւս հենց այդ իրողության առկայությունն է, որ խոչընդոտում է առողջ քննարկումների ու բանավեճերի կայացմանը: 

Նախաբանի փոխարեն

Չենք ծանրանա այն անձանց վրա, ովքեր տեղյակ են բանակցային մանրամասներին կամ ընդհանրապես որեւէ տեսակի բանակցությունների տրամաբանությանը, այդ մարդիկ առանձին թեմա են: Նրանց մի մասը, իմանալով որոշ մանրամասներ, սակայն, այդ պահին չունենալով իշխանություն՝ օգտվում է այն հանգամանքից, որ այդ պահին չունի որոշումներ կայացնելու պատասխանատվություն, եւ հետեւաբար՝ ոչ միայն առանց փաստարկված հիմնավորումների ասում է այն, ինչ հաճելի է մարդկանց ականջներին (որքան էլ որ դրանք անիրատեսական լինեն), այլեւ երբեմն էյֆորիայի մեջ ընկած՝ հասնում են անհավատալի թվացող ծայրահեղությունների: «Շատ լինի, քիչ չլինի» սկզբունքով առաջնորդվող այս քաղաքական գործիչներն ու քաղաքագետները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ խաղալով մարդկանց հայրենասիրական զգացմունքների վրա՝ հնարավորինս հայրենասեր երեւալ հասարակության աչքին, ունենալ ավելի՛ հայրենասերի համբավ, ունենալ ամենահայրենասերի՛ համբավը: Մեկ է՝ իրենք իշխանություն չունեն, եւ հետեւաբար՝ չունեն իրենց իսկ պահանջները իրականացնելու հնարավորություն: Հետեւաբար, թող այնպիսի տպավորություն լինի, որ իրենք Հայաստանի ու Արցախի համար «մեռնում» են, իսկ մյուսները դավաճան են: Զգայական զեղումներից զերծ մնալով՝ միայն նշենք, որ Հայաստանում նմանատիպ քաղաքագետների եւ քաղաքական գործիչների զգալի մասն անձամբ որեւէ քայլ չի արել՝ իրենց իսկ գաղափարները կյանքի կոչելու համար: Ոչ մասնակցել են Արցախյան պատերազմին, ոչ ծառայել են բանակում, ոչ ապրիլյան պատերազմին են մասնակցել, ոչ էլ՝ որպես առաջին եւ օրինակելի քայլ՝ մշտական բնակություն են հաստատել սահմանային գոտիներում: Նրանցից մեկն, օրինակ՝ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, որը պնդում է, թե զինվորը նրա համար է, որ կռվի ու պահի հողը, որ զինվորի կյանքը հողից թանկ չի կարող լինել, ինքն անձամբ ոչ կռվել է, ոչ բանակում է ծառայել, եւ հիմա էլ՝ որեւէ կապ չունի սահմանի հետ: Բայց պնդում է, որ այլոց որդիները պետք է անսան իր կոչին եւ զոհվեն՝ եթե հարկ լինի: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: Մեկ այլ քաղաքագետ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, հատկապես Ռումինիայում ապրող հայերի շրջանում բավականին հայտնի Արա Պապյանը իր երկու որդիներին տեղափոխել է Կանադա, նրանք ՀՀ զինված ուժերում չեն ծառայել, ունեն Կանադայի քաղաքացիություն: Ինքը Պապյանն այստեղ «սուպեր հայրենասիրություն» է խաղում եւ հայտարարում, որ իր տղաների համար պատասխանատվություն չի կրում:

Նմանատիպ անձանց, սակայն, անդրադառնում ենք հպանցիկ, եւ ընթերցողներին էլ կոչ կանեինք՝ եթե երբեւէ առնչվեն նման «սուպեր հայրենասիրական» ու բոցաշունչ ելույթներ ունեցող անձանց, հարցնել, թե ուր էին նրանք Արցախյան եւ ապրիլյան պատերազմներին, եւ արդյո՞ք իրենք կամ իրենց զավակները ծառայել են ՀՀ զինված ուժերում:

Կա նաեւ նմանատիպ գործիչների մեկ այլ խումբ, ովքեր տարբեր պաշտոններ են զբաղեցրել (այդ թվում՝ դիվանագիտական) Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք, սակայն, աշխատանքային գործունեության ժամանակ երբեւէ փորձ անգամ չեն արել հրապարակավ քննադատել բանակցային ոչ ֆորմատը, ոչ էլ՝ սեղանին դրված առաջարկների փաթեթները: Նախկին նախարարների եւ դեսպանների մեծ մասը կամ լռել է, կամ գովերգել է այն, ինչ քննարկվել է այդ պահին, եւ միայն պաշտոնաթողությունից հետո են սկսել  քննադատել ոչ միայն փաստաթղթերը կամ առաջարկները, այլեւ՝ բանակցությունն ինքնին՝ հաճախ խեղաթյուրելով կամ միտումնավոր լղոզելով իրականությունը՝ հնարավորինս շատ դիվիդենտներ շահելու համար: Բանակցությունների էությանն ու առաջարկվող փաթեթներին դեռ կանդրադառնանք ստորեւ, սակայն մինչ այդ բերենք մի այդպիսի վառ օրինակ:

ԱԳ նախկին եւ երկարամյա նախարար Վարդան Օսկանյանն իր հրապարակային ելույթներում այսօր քննադատում է այն փաստաթուղթը, որը որպես բանակցային հիմք ընդունվել է իր նախարարության ժամանակ: Բայց դա էլ մի կողմ, անգամ եթե այլ նախարար «այո» ասեր Մադրիդյան փաստաթղթին, Օսկանյանը հարցազրույցներում եւ ելույթներով՝ դիվանագիտական լեզվով այնպիսի «մանեւրներ» է անում, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծում, թե այս մարդը «ոչմիթիզական» է եւ իշխանության գալու դեպքում Ղարաբաղին «օդից» անկախություն է բերելու. բանակցություններով, առանց մի որեւէ զիջման:

«Տարածքների զիջման մասին պետք չէ խոսել, պետք է խոսել կարգավիճակից». Օսկանյան, 28.03.2017: Սովորական քաղաքացին, իհարկե, այս խոսքերն այլ կերպ կհասկանա, այսինքն՝ այնպես, ինչպես որ պարոն Օսկանյանը կցանկանար, որ հասկացվեր: Դիվանագիտության մեջ, սակայն, թրծվածները գիտեն, որ խոսքում/տեքստում ամեն դետալն է կարեւոր, ամեն ստորակետը, եւ հետեւաբար, նման բան հայտարարողին պետք է մի պարզ հարց տալ՝ դուք նախարար եղած ժամանակ հնարավոր կարգավիճակի դիմաց ի՞նչ եք համաձայնել զիջել, եւ հիմա ի՞նչ եք համաձայն զիջել, եթե տարածքները՝ ապա չի՞ նշանակում արդյոք, որ դուք եւս «պարտվողական» եք, իսկ եթե, ի տարբերություն ձեր նախարարության շրջանի, կարծում եք այժմ, որ հնարավոր է առանց փոխզիջման հասնել կարգավիճակի ամրագրմանն ու անկախության ճանաչմանը, (երբ եք նման բան հասկացել, նախարար եղած ժամանա՞կ, եթե այո՝ ինչո՞ւ հրաժարական չեք տվել) ապա ասեք՝ ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ երաշխիքներով: Համոզված ենք, որ ուղիղ հարցադրման պարագայում պարոն նախկին նախարարը շատ արագ կթոթափի «ոչմիթիզհողական» այդ թվացյալ շղարշը: Հատկապես որ նույն Օսկանյանը իր նախարարության ժամանակ (ԱԺ-ում ԼՂ հարցով լսումների ընթացքում) բառացիորեն հայտարարում էր. «Եթե հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն ի դիմաց Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու ապագայի ապահովման, դա հնարավոր է», եւ որ «Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ», որովհետեւ նպատակը տարածքները չեն, կարգավիճակն է: Ասել է թե՝ էն գլխից էլ պարոն Օսկանյանը տարածքներն ընկալում էր որպես մի բան, որը կարելի է փոխանակել մեզ համար ձեռնտու ինչ-որ այլ բանի հետ:

Քարոզչական թակարդները

Ինչպես արդեն նշեցինք նյութի սկզբում, քննարկումներում, սակայն, առավել վտանգավոր կամ տխուր իրողությունն այն է, որ բանավեճ չի ստացվում, ոչ թե այն պատճառով, որ մարդիկ կարգավորման մի առաջարկի փոխարեն նախընտրում են մյուսը, կամ էլ այս կամ այն կետի հետ կապված վերապահումներ կան, այլ որովհետեւ քննարկման համար անհրաժեշտ տեղեկացվածության «արմատն» է սխալ: 98-ից հետո տարված ակտիվ քարոզչության արդյունքում հայերից շատերը երեք՝ իրար հետ առնչություն չունեցող հանգամանքները՝ կապիտուլյացիա, բանակցություններ, ստատուս քվո, սկսել են տեսնել մեկ դաշտում, եւ հետեւաբար՝ եզրակացություններ ու դատողություններ անում են ըստ այդմ: Երբ մարդը պնդում է, որ ինքը պատերազմ չի ցանկանում, որ կողմ է բանակցություններին, բայց եւ կարծում է, որ դրանցում որեւէ փոխզիջման մասին խոսք չպետք է լինի, նա դա ասում է, որվհետեւ իսկապես այդպես է կարծում, կարծում է, որ դա իսկապես հնարավոր է, որովհետեւ տարիներ շարունակ նման քարոզչություն է վարվել: Եւ հետեւաբար, նման կերպ մտածող մարդու համար, ով ասում է «ոչ մի թիզ հող», նա հերոս է եւ հայրենասեր (անկախ այն հանգամանքից, թե այդ մարդը գործնականում ինչ է անում երկրի համար, եւ կամ արդյո՞ք իր գործողություններով նպաստում է այդ տարածքները պահելուն), իսկ ով ասում է՝ փոխզիջում, դավաճան է, «հող ծախող»: Մարդկանց շրջանում նման մտածողության տարածումը, անխոս, օրվա իշխանությունների մեղքն է, որովհետեւ տարված լինելով նախկին իշխանություններին սեւացնելու գործով՝ նրանք են ստեղծել այդ կարծրատիպերը: Ընդ որում՝ անազնիվ ճանապարհով: Իշխանության պարտավորությունը ժողովրդի առաջ պատասխանատվությունն ու ազնվությունն է: Իշխանությունը ինչքան որ պետք է պատրաստ լինի ցանկացած պահի պատասխանատվություն վերցնել այս կամ այն հարցում, նույնքան էլ պետք է ազնիվ լինի ժողովրդի հետ՝ հատկապես այնպիսի ցավոտ ու կենսական հարցերում, ինչպիսին ԼՂ հիմնախնդիրն է: Օրինակ, եթե ժողովուրդը այդ հարցում ցանկանում է մի բան, իսկ իշխանությունը դա ապահովել չի կարողանում, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ապա  պետք է ազնվորեն խոստովանի հանրությանը, թե այս պահին հնարավոր է կամ մենք կարող ենք անել այսքանը միայն: Դա իշխանության անբեկանելի պարտականությունն է: Սակայն 98-ից հետո իշխանությունները վարվել են այլ կերպ. մի կողմից՝ բանակցել են փոխզիջումների շուրջ, մյուս կողմից, նախորդ իշխանություններին հող հանձնող հռչակելով՝ հայտարարել են, թե իրենք հող տվողներ չեն: Ու մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ, այո, հնարավոր է բանակցել՝ առանց փոխզիջումների: Այդ իշխանությունները օգտվել են նախորդների ազնվությունից եւ պարզապես ժամանակ են ձգել, որքան հնարավոր է՝ պահել են ստատուս քվոն, որ ե՛ւ իշխանություն ունենան, ե՛ւ այնպես ներկայանան հանրությանը, թե տեսեք՝ մենք ոչինչ էլ չենք ստորագրել կամ զիջել: Ու իրավիճակի «դրամատիզմը» հենց այն է, որ այսօրվա իշխանությունները հայտնվել են իրենց իսկ կողմից ժամանակին լարված քարոզչական թակարդում: Ու եթե իրոք հասունանա ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում համաձայնություն տալու պահը, իշխանությունները չեն կարողանալու բացատրել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ փոխզիջում են անում, չէ՞ որ դա իրենք ժամանակին որակում էին որպես «Ղարաբաղը ծախել»:

Ի սկզբանե էր բանակցությունը, կամ քանի ելք ունի պատերազմը

Ներողություն ենք խնդրում ընթերցողներից՝ այսքան հեռուն գնալու ու մանրամասնելու համար, սակայն մի փոքր հետ գնանք:

Հարց՝ քանի՞ ելք ունի պատերազմը: Բնական է, որ հատուկենտ պատերազմներ են (եթե եղել են այդպիսիք) ավարտվել կողմերից եւ ոչ մեկի հաղթանակով: Պատերազմի արդյունքում միշտ մեկը հաղթում է, մյուսը պարտվում: Հիմնական ելքը հակառակորդի վերջնական ջախջախումն է՝ կապիտուլյացիան: Այսինքն, պատերազմել այնքան, ուշադրություն չդարձնելով ռեսուրսների եւ ժամանակի վրա, մինչեւ կողմերից մեկը հանձնվի: Բնական է, որ այդ դեպքում երկուսի ռեսուրսներն էլ սպառվում են, երկուսն էլ ավելի ու ավելի են թուլանում, որովհետեւ հնարավոր չէ երկարատեւ պատերազմ վարել եւ զարգանալ, ու բնականաբար, պարտվում է նա, ում ռեսուրսները ավելի շուտ են սպառվում: Այդ դեպքում նրան ենթարկում են կապիտուլյացիայի եւ ստիպում ընդունել այս կամ այն պայմանները: Երկրորդ տարբերակը ինչ-որ պահի պատերազմը դադարեցնելն է եւ բանակցություններ սկսելը: Այդ դեպքում էլ, բնականաբար, կողմերից մեկը առավելություն է ունենում, որովհետեւ ե՛ւ արդեն շահեկան վիճակում է՝ ձեռքբերումների առումով, ե՛ւ կարող է այլեւս կորուստներ չունենալ պատերազմի պատճառով, եւ կարող է այդ ձեռքբերումները դնել սեղանին եւ արդեն առանց արյուն ու զոհ տալու՝ փորձել հասնել իր ցանկացածին:

Բանակցությունները, տվյալ դեպքում, պարզ է՝ ինչ են: Երբ կողմերը փորձում են քննարկումներով ստանալ այն, ինչ չեն ցանկանում ստանալ պատերազմի միջոցով: Բանակցությունը պատերազմի այլընտրանքն է, հետեւաբար, եթե չես ընտրում բանակցությունը, ինքնաբերաբար՝ ընտրում ես պատերազմը: Ուզենք, չուզենք՝ դա այդպես է:

Որովհետեւ խնդիրների ու հակամարտությունների կարգավորման այլ տարբերակներ արդի աշխարհում գոյություն չունեն: Կամ պատերազմ, կամ բանակցություն: Ընդ որում, չենք պնդում, թե տարբերակներից մեկը միշտ ամենաճիշտն է, մյուսը՝ միշտ սխալը, ամենեւին, պարզապես այս իրողությունը պետք է ֆիքսենք, եւ ամեն մեկն իր համար տվյալ դեպքում պետք է որոշի՝ հանգուցալուծման որ տարբերակի կողմից է: Որովհետեւ դրանք չեն կարող համադրվել, դրանք հակապատկերներ են, հնարավոր չէ ասել՝ ես տարբերակներից երկուսին էլ դեմ եմ: Հնարավոր չէ, քանի դեռ չկա երրորդ տարբերակը:

Հիմա, երբ մեր շարքային ֆեյսբուքյան ստատուսային ֆիդային կամ պացիֆիստը այս իրողությունը հասկանում է, նա պետք է ընտրություն կատարի եւ իր դատողությունները բխեցնի այդ ընտրությունից ելնելով: Սակայն մի բան պարտավոր է հաշվի առնել ամեն դեպքում. երկու տարբերակներն էլ ունեն իրենց խաղի կանոնները, եւ դրանցից մեկն ընտրելով՝ պետք է նաեւ պատրաստ լինել այդ կանոնների կյանքի կոչմանը:  Որովհետեւ չես կարող ընտրես մի տարբերակը, բայց ակնկալես մյուս տարբերակի ընթացքն ու արդյունքները: Պատերազմի բացահայտ կողմնակիցն ու բանակցության բացահայտ կողմնակիցը ազնիվ են, եթե խոստովանում են, որ հասկանում են, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ իրենց ընտրած տարբերակը:

Ամեն տարբերակին՝ իր կանոնը

Պատերազմի կանոնները պարզ են, հատկապես նրանց համար, ովքեր այն տեսել են. ամենակարեւորը՝ մարդկային կորուստներ, ապա՝ ռեսուրսների արագ սպառում, զրկանքներ, ժամանակային անկանխատեսելիություն, որովհետեւ չես կարող կանխատեսել ու հաշվարկել, թե քանի օր/ամիս/տարի կարող է այն ձգվել, եւ ամենավերջում՝ արդյունքի անկանխատեսելություն: Հաղթանակի ձգտում է կողմերից յուրաքանչյուրը, սակայն, երաշխավորված հաղթանակ չունի ոչ մեկը: Բայց արդյունքը, հատկապես՝ կրկնապատերազմի դեպքում, լինում է մեկը՝ կողմերից մեկը վերջում պարտվում է: Այսինքն, ինչքան էլ երաշխքիներ ու հաշվարկներ ունենաս, որ հաղթողը հենց դու ես լինելու, միշտ պետք է հաշվարկել նաեւ այն տարբերակը, որ հնարավոր է՝ դու լինես պարտվողն ու կապիտուլացվողը: Սրանք են այն կանոնները, որոնք պետք է հաշվի առնել պատերազով հարցն հանգուցալուծել ցանկանալու դեպքում: Այս ամենը հաշվի առնելով՝ ուժային մեթոդով կողմնակից լինելը եւս տարբերակ է, եւ այդ կարծիքը կյանքի իրավունք ունի, անշուշտ, եթե այդ տեսակետը կրողը չի փորձում լղոզել իր ասելիքն ու անձամբ պատրաստ է հարկ եղած դեպքում զենք վերցնել, այսինքն՝ կյանքի կոչել իր իսկ գաղափարը, եւ ոչ թե այդպիսի գաղափարներ տարածում է՝ միայն հայրենասեր երեւալու համար:

Իր տրամաբանությունն ունի նաեւ բանակցությունը: Աշխարհն անցել է այն ժամանակները, երբ երկրների սահմանները անընդհատ փոխվում ու ձեւափոխվում էին: Միջազգային օրենքներն ու կազմակերպությունները հենց այդ նպատակով են ստեղծվել, որ խնդիրները պետությունների միջեւ լուծվեն արդեն ոչ թե պատերազմներով (որքանով դա հնարավոր է), այլ՝ քաղաքակիրթ տարբերակով, որն է՝ բանակցությունը: Եթե ընտրում ես հարցի լուծման քաղաքակիրթ տարբերակը՝ բանակցությունը, պարտավոր ես նաեւ, որպես միջազգային հանրության մի մաս, հարգել այն օրենքները, որոնք սահմանված են: Դու, իհարկե, կարող ես կորզել հնարավորինս շատ, բայց մատ թափ տալ չես կարող, հատկապես՝ եթե գերտերություն չես:

Լավ, իսկ ի՞նչ է բանակցությունը, մի՞թե հնարավոր չէ բանակցություններով կապիտուլացնել հակառակորդին: Իհարկե՝ ոչ: Եթե, իհարկե, դու գերտերություն չես, իսկ հակառակորդդ էլ՝ իր տարածքային, ռեսուրսային եւ այլ գործոններով քեզ մի 100 անգամ զիջող պետություն չէ: Բանակցության էությունը փոխզիջումների միջոցով հանգուցալուծման հասնելն է: Այսինքն, երբ կողմերը հրաժարվում են «ամեն ինչ» սկզբունքից, եւ սկսում են քննարկել «ինչ՝ ինչի դիմաց» հարցը: Դրանք կարող են ամիսներ ու տարիներ տեւել, սակայն եթե բանակցում ես, ուրեմն պատրաստ ես ոչ միայն ստանալ, այլեւ՝ զիջել: Այ, թե ինչպես ու ինչքան՝ դա բանակցողների հմտություններից ու կշռից է կախված, եւ այստեղ է, որ կողմերից յուրաքանչուրը փորձում է ստանալ մի փոքր ավելին:

Սակայն շատերն ասում են՝ մի՞թե բանակցություններով հնարավոր է ստանալ անկախություն, կամ արդյո՞ք դիմացինդ կճանաչի քո անկախությունը: Նախ, եթե դիմացինդ պատրաստ է ճանաչել քո անկախությունը, բանակցելու իմաստ էլ չկա: Բանակցում են հենց այն ժամանակ, երբ դիմացինդ պատրաստ չէ: Ապա, եթե դիմացինիդ մնա, նա կարող է ասել՝ ամեն ինչ ինձ, եւ անկախություն չեմ ճանաչի, միեւնույն է: Հենց այստեղ է, որ եթե դու ընտրել ես կարգավորման բանակցային տարբերակը, պիտի միջազգային աջակցություն ստանաս եւ այնպիսի գրագետ բանակցություն վարես, որ, ա՝ դիմացինիդ ճանաչումը էական նշանակություն արդեն չունենա, (վառ օրինակ՝ Կոսովոն) եւ բ՝ այդ աջակցության շնորհիվ կորզես ինքնորոշման իրավունքի իրացման համաձայնությունը: Իսկ մնացածն արդեն տեխնիկայի հարց է, ինչպես ասում են: Տեսակետ էլ կա, թե թող Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, եւ դրանից հետո աշխարհը կճանաչի այն: Բացի այն, որ դա իրական անկախության հասնելու պրոցեսը վիժեցնելու ամենալավ տարբերակն է, նաեւ աբսուրդ է ու անհեռանկար գործ: Հյուսիսային Կիպրոսը ձեզ օրինակ: Թուրքիան միակ երկիրն է, որ ճանաչել է այն: Ու ի՞նչ: Ոչինչ: Հյուսիսային Կիպրոսը՝ իր փառահեղ բնությամբ ու ռեսուրսներով առայսօր ամայի մի երկիր է. անձամբ եմ տեսել: Արդեն քանի տասնամյակ: Էլ չասած, որ այդ պատային իրավիճակում հայտնված տեղացի թուրքերը արդեն իրենք են երազում միավորվել Հարավային Կիպրոսին, եւ դա նաեւ ոչ միայն Թուրքիայի անգրագետ, այլեւ Հարավային Կիպրոսի գրագետ քաղաքականության շնորհիվ: Ի դեպ, խոսքն այն մասին չէ, թե ըստ իս՝ Հս. Կիպրոսում ժողովուրդների ինքնորոշման իրավունք է իրացվել, խոսքն այն մասին է, որ Թուրքիան է ջանացել պրոցեսն այդպես ներկայացնել, սակայն, ճանաչումից հետո այլ զարգացումներ՝ ի նպաստ Թուրքիայի չեն եղել: 

Մի կարեւոր հանգամանք եւս. շատերը չեն տարբերակում, թե՝ ի՞նչ տարբերություն, Հայաստանն ու Ադրբեջանն են բանակցություններ վարում, թե՞ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը եւ Հայաստանը: Հայրենասիրական առումով՝ ոչ մի: Միջազգային օրենքի առումով՝ հսկայական: Ահա թե ինչու:

Աշխարհի քարտեզը վերջին տասնամյակներին հատկապես էականորեն չի փոխվել, որովհետեւ միջազգային հանրության անդամ լինելը, նախեւառաջ, նշանակում է ստանալ քո սահմանների անքակտելիության երաշխիքներ եւ տալ այդպիսի երաշխիքներ այլ երկրների վերաբերյալ: Դրանց խախտումը միջազգային օրենքը սահմանել է օկուպացիա եւ անեքսիա տերմիններով, ինչի մեջ մտնելը նշանակում է ոչ միայն ձեռնոց նետել հանրությանը (եթե անհետեւանք մնան՝ ձեռնոցը մի կողմ), այլեւ դառնալ սանկցիաների եւ այլ միջամտությունների թիրախ: Այսինքն, եթե բանակցում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, նշանակում է՝ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի շրջանները, ու այդ ժամանակ սահմանների անքակտելիության սկզբունքը դառնում է գերակա, իսկ ԼՂ հնարավոր անկախությունը՝ գրեթե անհնար:

Ինքնորոշվենք, որ անկախանանք

Լավ, աշխարհի պետությունների սահմանները էականորեն չեն փոխվել, բայց չէ՞ որ, ամեն դեպքում՝ որոշակիորեն փոխվել են, եւ առաջացել են մի քանի նոր պետություններ, այդ դեպքում՝ ինչպե՞ս, եթե միջազգային օրենքը անթույլատրելի է համարում մեկ պետության կողմից մեկ այլ պետության տարածք գրավելն ու իրեն ամրակցելը, կամ՝ տարածքի մի մասում ապրող քաղաքացիներին, /էթնիկ/կրոնական խմբերին անջատելն ու իրեն կցելը կամ նրանց ազատագրելը: Միջազգային օրենքը թույլ չի տալիս, իհարկե, գրավել, սակայն ունի գործիքակազմ, որը բխում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գերակայությունից: Այն է՝ ինքնորոշման իրավունքը:

Ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որը ենթադրում է, որ ցանկացած ազգ իրավունք ունի ինքնուրույն վճռել իր պետականության գոյության ձեւը, ազատորեն սահմանել իր քաղաքական կարգավիճակը, տնտեսական ու մշակութային գործունեությունը: Այս սկզբունքը, այլ սկզբունքների հետ մեկտեղ, հռչակված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, եւ դրա կյանքի կոչումը սկսվել է 1972 թվականից:

Սակայն, ինչպես նշեցինք, նույնքան կարեւոր սկզբունք է համարվում նաեւ տարածքային ամբողջականությունը, որը հաճախ բախվելով ինքնորոշման իրավունքին՝ կարող է հակասության մեջ մտնել, այսինքն, ենթադրել ինքնորոշում՝ սահմաններից ներս: Սակայն, մյուս կողմից, քանի որ տարածքային ամբողջականության սկզբունքը սահմանվել է այլ պետությունների կողմից հարձակումներից պաշտպանվելու համար, ապա այդ երկրի քաղաքացիները, իրացնելով իրենց ինքնորոշման իրավունքն ու անկախանալու ցանկություն հայտնելով, ըստ էության՝ չեն խախտում տարածքային ամբողջականության սկզբունքը, քանի որ մինչեւ ինքնորոշման իրավունքի իրացումը հանդիսացել են տվյալ պետության քաղաքացիներ: Սրանք նյուանսներ են, որոնցից մեկի «հաղթանակը» կախված է միայն բանակցող կողմերի հմտություններից, քաղաքական կշռից եւ այլն, սակայն այս իրավունքը միջազգային պրակտիկայում միակ գործիքն է, որը հնարավորություն է տալիս հասնել «սահմանների փոփոխության», վերջում ստանալ անկախություն ու աշխարհի քարտեզի վրա հայտնվել որպես նոր՝ ճանաչված պետություն: Սա է միակ տարբերակը, քանի որ միջազգային իրավունքով այլ գործիքներ պարզապես նախատեսված չեն:

Ի դեպ, հակամարտությունների կարգավորման երեք սկզբունքները՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշումը, ներառված են նաեւ 1975-ին 35 երկրների ղեկավարների կողմից ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը ներկայիս ԵԱՀԿ-ի (նախկին ԵԱՀԽ) հիմնարար փաստաթղթերից է. դրա հիման վրա էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը կառուցում է հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ ներկայացվող առաջարկները:

Չմոռանանք, որ նույն Ռուսաստանն անգամ, լինելով գերտերություն, Ղրիմի հարցում օգտվեց հենց այդ՝ ինքնորոշման իրավունքի գործիքից, կարո՞ղ էր Ռուսաստանը բացահայտ հարձակվել եւ գրավել այդ երկրամասը: Կարող էր թերեւս, բայց չարեց, եթե մարդիկ կան, որ կհամարեն, որ Ռուսաստանի նման երկիրը կարող է իրեն թույլ չտալ անել, իսկ մենք՝ կարող ենք, խոսքերն, ինչպես ասում են՝ ավելորդ են:

Ինչեր կային սեղանին

1994-ին կնքվեց զինադադարի մասին համաձայնագիրը: Ու որքան էլ կյանքում պատերազմ ու զենք չտեսած կեղծ հայրենասերներն այսօր արդեն այդ համաձայնագրի դեմ են արշավ սկսել, միեւնույն է՝ պետք է արձանագրել, որ այն ԼՂ հարցով մինչ այժմ ստորագրված՝ մեզ համար ամենաիդեալական և այդպիսի միակ փաստաթուղթն է: Ոչ միայն՝ որ դրանով վերջ դրվեց պատերազմական ակտիվ գործողություններին, այլ որ դրա տակ, ի թիվս Հայաստանի եւ Ադրբեջանի, կար նաեւ պաշտոնական Ղարաբաղի ստորագրությունը: Սա իրոք հաղթանակ էր, որովհետեւ նշանակում էր՝ Ղարաբաղը հակամարտության կողմ է, ասել է թե՝ ոչ թե Հայաստանն է օկուպացրել նախկին ԼՂԻՄ-ն ու դրա շուրջ տարածքները, (մեզ համար ցավոք, բայց ըստ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի՝ Ադրբեջանի տարածքը) այլ՝ խոսքն արդեն ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին է: Դրանից հետո, ինչպես գիտենք՝ սկսվեց արդեն բանակցային գործընթացը: Ի դեպ, պետք է հատուկ շեշտել բանակցային գործընթացում մեր՝ երկկողմանի մասնակցության առավելությունը,  ինչի բացակայության պատճառով մենք այժմ զգալիորեն տուժում ենք: Եթե կա մեկ հայկական կողմ, որպես հակամարտության ակտիվ մասնակից՝ ԼՂ-ն, եւ մեկ հայկական կողմ, որպես անվտանգության երաշխավոր ու ներքաշված կողմ՝ ՀՀ-ն, ապա դա մանեւրելու հիանալի հնարավորություն է տալիս: Հայաստանը, որպես միջազգային պարտավորություններ ունեցող երկիր, կարող էր «այո» ասել, սակայն մենք ունեինք նաեւ «ոչ»-ի իրավունք՝ հիմնական կողմի համար, ինչն ուժեղացնում էր հայկական կողմի դիրքերը: Ղարաբաղն ուներ «ոչ» ասելու իրավունք, եւ որպես ճչանաչված պետություն՝ չէր կարող ենթարկվել միջազգային ճնշումների: Այսօր, երբ Ղարաբաղը այլեւս բանակցային կողմ չէ, մենք կորցրել ենք նաեւ այդ կարեւոր «ոչ»-ի իրավունքը, եւ դա իրականում զգալիորեն կաշկանդել է Հայաստանի հնարավորությունները բանակցություններում: Ստորեւ՝ դա ավելի ակներեւ կդառնա:

Շատերը ասում են, թե բանակցային սեղանին դրված փաստթղթերը գաղտնի են, իսկ ոմանք էլ դրանք ամեն անգամ ներկայացնում են յուրովի, այդուհանդերձ, բացի Մադրիդյան փաստաթղթից, մյուսները ամբողջական տարբերակով բաց եւ հասանելի են համացանցում: Վերջին փաստաթուղթը հրապարակվել է մամուլում եւ չի հերքվել ՀՀ իշխանությունների կողմից:

Եւ այսպես, ինչ է ներակայացվել:

1997 թվական, փաթեթային տարբերակ (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք)

Էությունը՝ երկու էտապով զինված ուժերի դուրս բերում սահմանային գծից եւ 7 շրջաններից, ՀՀ զինված ուժերը հետ են քաշվում ՀՀ սահմանի մոտ, ԼՂ զինված ուժերը՝ նախկին ԼՂԻՄ-ի սահմանի մոտ, ծանր տեխնիկան էլ ավելի է հետ քաշվում, այդ բուֆերային տարածքները ձեւավորում են բաժանարար գոտի, եւ կողմերից ոչ մեկը իրավունք չի ունենա այնտեղ մուտք գործել, փախստականների եւ տեղահանվածների վերադարձ իրենց նախկին բնակավայրեր, ճանապարհների եւ բլոկադայի բացում, Ադրբեջանը Լաչինում միջանցքի օգտագործման բացառիկ իրավունք է տալիս ԵԱՀԿ-ի միջոցով ԼՂ իշխանություններին, որտեղ արգելվում է բնակավայրերի կառուցումը, եւ հանդիսանում է բաժանարար գծի մաս: Կարգավիճակի հարցը՝ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է պետական եւ տարածքային միավորում Ադրբեջանի կազմում:

Հայաստանը առաջարկն ընդունել է վերապահումներով, Ադրբեջանը՝ նույնպես, Ղարաբաղը մերժել է:

1997 թվականի փուլային տարբերակ (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք)

Էությունը՝ Հայաստանի զորքերը հետ են քաշվում ՀՀ սահման, Ղարաբաղյան զինված ուժերը՝ նախկին ԼՂԻՄ-ի սահման, բացառությամբ Լաչինի շրջանի, հետքաշված տարածքներում ձեւավորվում է բուֆերային բաժանարար գոտի, այն չի բնակեցվում եւ ամբողջովին ապառազմականացվում է, ԼՂ անվնանգությունն ապահովվում է իր անվտանգության եւ ռազմական կառույցների միջոցով, բուֆերային գոտում արգելվում է ռազմական չվերթների իրականացումը, ստեղծվում է խաղաղության աջակցման միջազգային հանձնաժողով, կողմերն աջակցում են տեղահանվածների վերադարձին իրենց բնակության նախկին վայրեր, բացվում են ճանապարհներն ու ենթակառուցվածքները, եւ կարեւորը՝ նշվում է, որ ԵՐԵՔ կողմերը սույն համաձայնագրով հաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակել բանակցությունները՝ Մինսկի կոնֆերանսի համանախագահների աջակցությամբ՝ համապարփակ խաղաղության հասնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու, ինչպես նաեւ Շուշիի, Լաչինի եւ Շահումյանի հարցը լուծելու համար:

Այս տարբերակին կողմ են արտահայտվում Հայաստանն ու Ադրբեջանը, դեմ՝ Ղարաբաղը:

1998 թվական, Ընդհանուր պետություն (Ռոբերտ Քոչարյանի օրոք)

Համառոտ էությունը՝ Լեռնային Ղարաբաղը հանրապետության տեսքով պետական եւ տարածքային միավորում է եւ ընդհանուր պետություն է ձեւավորում Ադրբեջանի հետ: ԼՂ-ն արտաքին ուղիղ կապեր հաստատելու իրավունք կունենար, որոշ ներկայացուցիչներ՝ Ադրբեջանի դեսպանատներում, տարածքները սահամանփակվում են նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով, Ղարաբաղն ունենալու էր սեփական Սահմանադրությունը, սեփական դրոշը, օրհներգը, զինանշանը, ԼՂՀ քաղաքացիները կրելու էին ադրբեջանական անձնագրեր՝ Լեռնային Ղարաբաղ գրությամբ, ԼՂՀ քաղաքացիները իրավունք ունեին պատգամավորներ ընտրել Ադրեբջանի խորհրդարան, իսկ անվտանգությունն ապահովելու է կամավորության սկզբունքով ձեւավորված ազգային գվարդիան ու ոստիկանությունը:

Երկու հայկական կողմերը այն ժամանակ տվել էին իրենց համաձայնությունը, Ադրբեջանն այն մերժել է:

1999-ին առաջարկվեց Քի-Ուեսթյան տարբերակը, սակայն, քանի որ այն Մինսկի խմբի շրջանակներից դուրս էր  եւ ամերիկյան նախաձեռնություն էր, այդ առաջարկի վրա շատ չենք կենտրոնանա: Միայն նշենք, որ այդ փաստաթղթով էլ նախատեսվում էր նախկին ԼՂԻՄ-ից դուրս շրջանների վերադարձ (առկա է այդ փաստող այն ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի տեսահարցազրույցը), Մեղրիով Ադրբեջանին դեպի Նախիջեւան ճանապարհի տրամադրում: Այս տարբերակն ընդունեց հայկական արդեն մեկ կողմը, Ադրբեջանը որոշ ժամանակ անց այն մերժեց:

2007-ին նորից երկու կողմերին ներկայացվեց Մադրիդյան փաստաթուղթը: Այն ընդունվեց որպես բանակցությունների հիմք Ռոբերտ Քոչարյանի,  ապա՝ Սերժ Սարգսյանի կողմից: Փաստաթուղթը, որը մի քիչ նորացվել է 2011-ին՝ Կազանյան հանդիպումից առաջ, առայսօր սեղանին եղած միակ պաշտոնական փաստաթուղթն է: 

Համառոտ էությունը՝ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից, իսկ Քելբաջարի շրջանի վերահսկողությունը իրականացնելու է Միջազգային Անցումային  Հանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է կապի Հայաստանն ու Ղարաբաղը: Մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որն առկա էր փաստաթղթի ստորագրման պահին, խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցով Հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունն ապահովված է:

Ի դեպ, եթե նկատել եք, ներկայիս փաստաթուղթը 1997-ի փուլային տարբերակն է՝ երկու էական տարբերությամբ. նախորդում կար Շահումյանի հարց, բացի այդ, Լաչինից ոչ թե միջանցք էին թողնում, այլ՝ ամբողջ շրջանը՝ դրա հարցը հետագայում լուծելու համար, մյուս տարբերությունն այն է, որ կարգավիճակի շուրջ հետագա բանակցությունները վարելու էին երեք կողմերը, այս փաստաթղթում այդ մասին որևէ խոսք չկա:

Հ.Գ. Ի դեպ, շատերը կարծիք են հայտնում, որ պետք է ներկայիս իրավիճակը՝ ստատուս քվոն ձգել այնքան, մինչեւ մեզ համար ավելի շահեկան պայմաններ ու իրողություններ առաջ գան: Այս տեսակետի վտանգավորության մասին՝ հաջորդիվ: