29.03.2017 21:53

Սկիզբ է առել մի շարժում, որը ողջախոհություն և մարդասիրություն է բերելու Կովկասյան տարածաշրջանի համար

Սկիզբ է առել մի շարժում, որը ողջախոհություն և մարդասիրություն է բերելու Կովկասյան տարածաշրջանի համար

ՀՀ քաղաքացի Արմեն Մելիքյանը ֆեսբուքում գրում է.

Խաղաղություն հիմա վանկարկումներով՝ հազարավոր մարդկանց խրոխտ քայլերթի առաջ սկսեց ընկրկել մի ողջ աղտահարված քաղաքական համակարգ, հավանաբար չնչին բացառությամբ՝ ամբողջը, որ կա Հայաստանում: Համաշխարհային նշանակության իրադարձություն էր, թշնամական քարոզչության զոհ դարձած ու արյունոտ պատերազմների միջով անցած ողջ Կովկասի համար՝ անհավատալի, կամ էլ ֆանտազիայի ժանրից էր: Այնինչ իրողություն է:
Ամիսներ առաջ, խաղաղության գաղափարը քաղաքական օրակարգ բերած առաջին նախագահին, նույնպես չնչին բացառությամբ, ողջ քաղաքական ու վերլուծական էլիտա կոչվածը՝ հռչակեց դավաճան: Սոցիալական ցանցերում, փողոցներում, կաֆեներում, գյուղերում ու քաղաքներում, գաղափարին հավատավոր մի խումբ մարդկանցով, որքան կարողացանք կռիվ տվեցինք, այդ կեղծ հայրենասիրական՝ մոլագար հեղեղի դեմ:
Եվ ընդամենը երկու հեռուստահարցազրույցով՝ Տեր Պետրոսյանը գլխիվայր շրջում է այդ հեղեղի ամբողջ վաստակն ու բացահայտում հայրենասիրական պաթոսով ուղեկցվող մտքի անմտությունը , կամ՝ դատարկությունը:
Այս քայլերթը ուղերձ էր նաև միջնորդներին, Ադրբեջանի՝ նույնատիպ մտածող, բայց բարձրաձայնելու վախ ունեցող հասարակությանն ու առհասարակ ողջ աշխարհին: ՈՒ սկիզբ է առել մի շարժում, որը ողջախոհություն և մարդասիրություն է բերելու Կովկասյան տարածաշրջանի համար:
Եվ մի բան, որ բնորոշ է Տեր Պետրոսյանին, նրա գաղափարների առաջին ընկալողները հենց երիտասարդներն են; 2008 թ ին, դա իմ սերունդն էր, որն առաջինը լցվեց Ազատության հրապարակն,այն սերունդն էր, որ մեծացել էր ցրտի ու մթի տարիներ հորջորջված՝ հաղթական պատերազմի շրջանում: Այսօր էլ՝ Խաղաղություն հիմա վանկարկումներով քայլում էր, 2017թ ի երիտասարդությունը՝ նոր ու լուսավոր, կիրթ ու ժամանակակից: