30.03.2017 11:31

Առաքել Թավրիզյան. Երկիր մի՝ դարերի ուրու

Առաքել Թավրիզյան. Երկիր մի՝ դարերի ուրու

Ո՞րն է մեր հայրենիքը: Իրական Հայաստա՞նը, թե՞ այն, որ գրքերում է: Ինչպես բանաստեղծն է բնորոշել. երկիր մի՝ դարերի ուրու, որի ոչ սահմաններին ենք ծանոթ, ոչ բնաշխարհին, որտեղ, դժբախտաբար, ավելի քան մեկ դար է՝ հայեր այլեւս չեն ապրում: Եւ ինչո՞ւ ենք մենք այդքան սիրում չեղածը… Բայց դա սե՞ր է, թե՞ պարզապես հիվանդություն…

Իրական Հայաստանը 25-ամյա անկախ պետություն է, բայց մենք ճանաչո՞ւմ ենք մեր  հայրենիքը: Կարողանո՞ւմ ենք, Վանո Սիրադեղյանի ասած՝ մանրամասն սիրել: Չենք կարողանում, նույնիսկ չենք էլ ուզում, որովհետեւ մեր երազների հայրենիքը բոլորովին նման չէ ունեցածին: Մենք պաշտում ենք երազայինը: Իսկ ով փորձում է մեզ հաշտեցնել իրականության հետ, միայն պարսավանքի է արժանանում՝ ինչպես եթե տան տղամարդը նստի ու բացատրի, որ շքեղ մեքենա գնել չի կարող, եւ զավակները նրան չսիրեն…

Մենք չենք հաշտվում իրականության հետ: Չենք ընդունում, որ մեր երազի հայրենիքը 600 տարի է՝ ուրիշի իրական հայրենիքն է: Չենք համակերպվում, որ Թուրքիան՝ 80, եւ Ադրբեջանը՝ արդեն 9 միլիոն բնակչություն ունի, որ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին եւս 300 000 ադրբեջանցի է ապրում՝ վրացական անձնագրով, որ մեր հարավային սահմաններում էթնիկ ադրբեջանցիները Պարսկաստանի բնակչության մեծամասնությունն են, որ…

Կենցաղում չափազանց հաշվենկատ՝ քաղաքականության մեջ մենք այնքան «մանկամիտ» ենք, որ հայ բանաստեղծուհին Հայաստանի հիմնադիր նախագահին մեղադրում է, թե Հայաստանն ինչու՞ է համեմատում իմպերիալիստական ԱՄՆ-ի, իսկ Ղարաբաղը՝ Վիետնամի հետ… Այսպես միայն կարելի է այնքան եւ այնպես գժվել, որ ձեւակերպվի, թե մեր պատերազմը նվաճողական չէ, ինքնապաշտպանական է, եւ աշխարհը պարտավոր է հենց այդպես էլ ընդունել: Այդպես կարելի է այնքան գժվել, որ ասվի, թե իշխանությունները Հայաստանի առաջին նախագահին հանրայինի եթերը տրամադրեցին, որպեսզի երկու օր հետո էլ կալանավորեն Սամվել Բաբայանին, որովհետեւ նա է Ղարաբաղի տարածքների միակ պաշտպանը…

…Երկիր մի՝ դարերի ուրու: