30.03.2017 12:13

Վահան Թումանյան. Իսկ ի՞նչ երաշխիք ունես դու…

Վահան Թումանյան. Իսկ ի՞նչ երաշխիք ունես դու…

Քաղաքագետի համարում իրեն վերագրած Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Երկիր» թերթին հարցազրույց է տվել, որտեղ ասում է, թե 25 տարվա կտրվածքով կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, երաշխիք չկա, որ այդ ընթացքում Ադրբեջանը նույնն է լինելու, ինչ որ կա այժմ:

Տեսնու՞մ եք ենթատեքստը: Բանախոսը փաստացի ասում է, որ Ադրբեջանը ներկայում ավելի ուժեղ է, քան Հայաստանը, բայց կարիք չկա խուճապի մատնվել, հարկ է համբերատար սպասել, մինչեւ Հայաստանը կհզորանա եւ ավելի ուժեղի կամ գոնե հավասարի դիրքերից կխոսի Ադրբեջանի հետ:

Ուշադրություն դարձնենք, որ առաջին նախագահը երկու հարցազրույցներում շեշտադրել է, որ մեր խնդիրն Ադրբեջանը չէ, նրա հետ չէ: Խաղաղությունը պետք է Հայաստանին եւ Ղարաբաղին, իսկ այն հաստատելու սկզբունքները մշակել է միջազգային հանրությունը: Ինչ է մտածում կամ ծրագրում Ադրբեջանը՝ այս հարցերը առաջին նախագահը թողել է, մեզ չի վերաբերում: Ղարաբաղի խնդրի կարգավորումը, այսպիսով, Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս է բերում հայ-ադրբեջանական, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, ուժերի ներկայիս կամ վաղվա հարաբերակցությունից: Եւ դա ուժեղ, ինքնավստահ եւ արժանապատիվ կեցվածք է: Իսկ ի՞նչ է ասում ընդդիմախոսը: Մի դեպքում՝ նա կանխատեսումներ անելը համարում է անշնորհակալ գործ, բայց ապրիորի սահմանում, որ 25 տարի հետո Ադրբեջանը ավելի թույլ է լինելու, իսկ Հայաստանը՝ ուժեղ: Նրա տրամաբանությամբ առաջնորդվելով՝ հարցնենք. «Իսկ ի՞նչ երաշխիք, որ Հայաստանը լինելու է ուժեղ, Ադրբեջանը՝ թույլ»: Ո՞վ է ասել, որտե՞ղ է գրված, ի՞նչ հաշվարկների վրա է կառուցվում այդ տեսլականը: Պատասխաններ չկան:

Բայց ամենակարեւորն այն է, որ Ղարաբաղի հարցի լուծումը Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսնում է Հայաստան-միջազգային հանրություն հարաբերությունների հեռանկարում, իսկ նրա ընդդիմախոսը՝ Հայաստան-Ադրբեջան հյուծիչ մրցակցության մեջ: Ո՞վ է ճիշտ: Պատասխանը ցույց է տալիս ինքը կյանքը: