30.03.2017 15:10

Սոֆյա Քալանթարյան. Թուրքերը զարգացնում են մեզնից խլած երկիրը, մինչդեռ մենք լքում ենք մեր ազատագրած հողը

Սոֆյա Քալանթարյան. Թուրքերը զարգացնում են մեզնից խլած երկիրը, մինչդեռ մենք լքում ենք մեր ազատագրած հողը

iLur.am-ի զրուցակիցն է լեզվաբան, մանկավարժ,  թիվ 9 ընտրական տարածքում Կոնգրես -ԺԿ դաշինքի վարկանիշային ցուցակով առաջադրված Սոֆյա Քալանթարյանը:

Տիկին Քալանթարյան,Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջ քաշած խաղաղության ծրագիրը նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձավ: Մյուս կողմից, Ձեր գործընկերները նշում են, որ մարզերում մարդկանց ավելի շատ հուզող հարցերը սոցիալական են՝ մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, կարեւոր արցախյան հակամարտության կարգավորման հարցի արծարծումը այս պայմաններում:

Ոմանք, հնարավոր է, որ ինձ մեղադրեն իրենց առաջ քաշած սոցիալական հարցերին չանդրադառնալու մեջ, հուսալքության մեջ, դա իրենց գործն է, բայց իրականում այս հարցազրույցը ինձ համար մի միջոց է՝ խաղաղության համար կոչ անելու հնարավորություն։ Սա իմ հոգու ճիչն է բարոյական նիհիլիզմի մեջ հայտնված իմ հայրենակիցներին։ Մեզ անհրաժեշտ է խաղաղություն, մեզ անհրաժեշտ է բարոյական և խելոք մարդկային ռեսուրս, որպեսզի մեր ձեռքով մեզ չոչնչացնենք։ Մեզ անհրաժեշտ է  վերագնահատել Արցախի հաղթանակի իրական  արժեքը, մեզ անհրաժեշտ է արցախյան հակամարտության կարգավորման հարցի բարձրաձայնում, մեզ անհրաժեշտ է գտնել խաղաղ կարգավորման ուղիներ։ Թուրքերը հայրենազրկեցին մեզ ու հիմա զարգացնում և վայելում են մեր Էրգիրը, մենք ազատագրեցինք մեր տարածքները, բայց հիմա լքում ենք այդ հողերը։ Աչքովս եմ տեսել։ Բարոյական ու խելամիտ ռեսուրսով միայն մենք կունենաք խաղաղ երկիր, որտեղ հայ մարդը կապրի, կարարի և կվայելելի կյանքը։

Կոնգրես-ՀԺԿ-ի ըննդիմախոսների մի մասն ասում է, որ խաղաղության գաղափարը «վնասակար» է, որովհետեւ թուլացնում է հասարակության մարտունակությունն ու պաշտպանունակությունը: Ի՞նչ կասեք սրա մասին:

Սա դեմագոգիա է, փակ աչքերով տեսնելը ո՞րըս է, մշուշոտ ուղեղով մտածելը ո՞րըս է, անբարոյական վարքո, հասկանալի դառնալը, ո՞րըս է։ Բացե՛ք ձեր աչքերը և կտեսնեք, թե ազգիս միլիոնատերերը և միլիարդատերերը սոցիալական ծանր վիճակում գտնվող ժողովրդից ինչպես են մուրում հազար դրամ։ Բացե՛ք ձեր աչքերը և կտեսնեք՝ ում զավակներն են ծառայում բանակում ու պաշտպանում երկիրը, զոհվում, և ում զավակներն են պղծում ու ուրանում երկիրը։ Այսպես մարտունակություն չեն բաձրացնում։

Մենք հաղթեցինք պատերազմում, բայց պարտվեցինք խաղաղությա՞նը:

Այո, մենք հաղթեցինք պատերազմում, փառք ու պատիվ գերագույն հրամանատարից՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ մինչև երկրիս շինականն ու հողագործը։ Բայց մենք պարտվեցինք պատերազմում, որովհետև շահարկվեց և’ պատերազմը, և’ խաղաղությունը թե ազգային և թե միջազգային մակարդակում՝ հագուրդ տալով ստոր կրքերին։ Մենք չկարողացանք հասկանալ, թե ինչ ասել է  պաշտպանություն և դիվանագիտություն։

Դուք մանկավարժ եք ու լավ ծանոթ եք կրթության ոլորտի խնդիրներին: Կոնգրես-ՀԺԿ ծրագրի՝ ոլորտին նվիրված բաժնում խոսվում է նաեւ կրթական հաստատությունների ապակուսակցականացման անհրաժեշտության մասին: Սա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով վերջին օրերին հրապարակված ձայնագրությունների առաջացրած սկանդալը: Ի՞նչ եք կարծում, կրթական հաստատությունների ապակուսակցականացման խնդիրը վերեւի՞ց պետք է լուծվի, թե՞ մանկավարժներն իրենք էլ պետք է որոշակի իրավագիտակցություն դրսեւորեն այս հարցում:

 

Ես գրեթե հիսուն տարի է, որ այս ոլորտում իմ համեստ ներդրումն եմ շարունակում կատարել։ Ես շատ լավ գիտեմ այդ ոլորտը, քանի որ աշխատել եմ բոլոր տարիքային խմբերի հետ՝ մանկապարտեզ, դպրոց, վարժարան, ինստիտուտ և տարեցներ։ Ներկա իրավիճակի ճիշտ գնահատման համար կուզենայի, անդրադառնալ մեր խորհրդային անցյալին և  նրանից չհրաժարվելու անեևակայելի համառությանը։ Իհարկե, կա հիմնախնդիր և նրանից ածանցվող բազում խնդիրներ։ Ներկա վիճակը մեր ազգի ընդհանուր թերզարգացության և վերջին 70 տարվա բարոյականության կորստի հետեւանքն է, նոր տեսակի մարդու ստեղծումը՝ զուրկ բարոյական հիմնական հատկանիշներից: Բարոյականության բացակայության դեպքում երկիրը դառնում է այն, ինչին այսօր առերեսվում ենք։ Մենք այդպես էլ դուրս չեկանք սովետից, դեռ ավելին, վերագտանք ու ավելացրինք մեր ազգային բարդույթները։ Սովետը մեզ սովորեցրել է միայն գողանալ, և մենք այսօր շարունակում ենք անպատիժ գողանալ բյուջեն, վարկերը, ընտրողների քվեն։ Գաղափարազրկությունը և հոգեզրկությունը բերեցին հասցրին այսօրվան։ Հայաստանում այնպիսի քանակական և որակական խնդիրներ են կուտակվել ու ծնկի բերել երկիրը, որ միայն ռեֆորմացիայով է հնարավոր փոխել այս իրողությունը։ Կրթությունը, որը չէր կարող դուրս մնալ երկրում տեղի ունեցող բացասական գործընթացներից, նույնպես ռեֆորմցիայի անհրաժեշտություն ունի։ Անվիճելի փաստ է, որ ազգային ինտելեկտի աշխատանքային կարողությունը սկսվում է մանկապարտեզից և շարունակվում դպրոցում ու համալսարանում։ Այս հաստատությունների գերխնդիրը պետք է լինի նախ ՄԱՐԴ  դաստիարակելը՝ հարգանք ու կարեկցանք ՄԱՐԴՈՒ նկատմամբ, այնուհետև գիտելիք տալը։ Բայց ի՞նչ ունենք այսօր այս հաստատություններում մեծ առումով, գրեթե ընդհանրացնելու աստիճանին մոտեցած վիճակագրություն՝ «յեսմենների» մի հսկայական քանակ: Երբ տանդ տանիքը հազար ու մի տեղից վնասված է ու հազար ու մի տեղից ուղղակի չռռում է, դեռ ավելին, տանդ ամաններն էլ չեն բավականացնում՝ տակը դնելու անհեռատես գործին, պիտի տանիքը հիմնովին փոխել։

Դուք առաջադրված եք վարկանիշային ցուցակով: Արդյո՞ք ընտրողները լավ են տեղեկացված նոր համակարգի մասին, որքանո՞վ է այս համակարգը նպաստում կամ խանգարում քաղաքական ընտրության կատարմանը:

Ընտրողների տեղեկացվածության մակարդակը այսօր ուղիղ համեմատական է  թեկնածուների մտավոր և ֆինանսական կարողությունների մակարդակին։ Բոլոր ճանապարհները, թույլատրելի կամ անթույլատրելի, տանում են դեպի ընտրող, և նոր համակարգը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։