31.03.2017 12:55

Աշոտ Սարգսյան. Դաշնակցությունը, Ադրբեջանը եւՎազգեն Մանուկյանը

Աշոտ Սարգսյան. Դաշնակցությունը, Ադրբեջանը եւՎազգեն Մանուկյանը

Դաշնակցությունը

«Չկա առանձին Արցախի հարց, Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է. Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»:

Սա Դաշնակցության նախընտրական ծրագրի թեզն է Ղարաբաղյան խնդրի մասին։ Այսինքն՝ Դաշնակցությունը սրանով չոր մերժում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սա է բանաձեւը, սրա կողքին «ինքնորոշում» բառի գործածմամբ ամեն մի միտք կնշանակի ձեռ առնել դիմացինին։

Ինչո՞ւ է Դաշնակցությունը դեմ ինքնորոշման իրավունքին։

Դաշնակցության հիմքը հայդատականությունն է։ Հայդատականությունը պայմանական հասկացություն է, որ մեզանում, իրերի բերմամբ, փոխարինում է «հողային պահանջատիրությանը»  (այսպես էլ պետք է թարգմանել որեւէ լեզվով)։ Չլինի դա՝ հայդատականությունը, «այլեւս անելիք չի ունենա Դաշնակցությունը»։

Հենց այս իրողության գիտակցումով է, որ Դաշնակցությունն ի սկզբանե՝ 1988 թ. փետրվարից ի վեր, կտրականապես դեմ եղավ Ղարաբաղյան շարժմանը, քանզի դրա հիմքում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրականացման խնդիրն էր։ Այո, ի՛ր՝ Լեռնային Ղարարբաղի նախաձեռնությամբ բարձրացված՝ ի՛ր ինքնորոշման խնդիրն էր, ոչ թե Հայաստանի նախաձեռնությամբ բարձրացված՝ իր պատմական տարածքի վերադարձի պահանջը։

Ու այսպես՝ ինքնորոշման ճանապարհով էլ շարունակվել է խնդիրը մինչ օրս։ Քանի դեռ կար ԽՍՀՄ-ը՝ Ղարաբաղն ինքնորոշվում էր ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան հոդվածի համաձայն՝ հայտ ներկայացնելով անցնել մի այլ միութենական հանրապետության (տվյալ դեպքում՝ ՀԽՍՀ-ի) կազմ։ ԽՍՀՄ Սահմանադրությամբ այլ կերպ հնարավոր չէր, ինքնորոշվող միավորը չէր կարող օդում կախված մնալ։ Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը՝ Ղարաբաղն ինքնորոշվում էր միջազգային օրենքներին համապատասխան՝ հայտ ներկայացնելով դառնալ անկախ պետություն։

Ինքնորոշումը հայդատականության (պատմական հողերի պահանջատիրության) հակառակն է, հակոտնյան է, բացառողն է։ Այսինքն, ինքնորոշումը, ինքնորոշվող սուբյեկտի կամքով դրա որեւէ լուծումը (անկախություն կամ միացում այլ պետության) ոչնչացնում է հայդատականությունը, կամ կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է Դաշնակցությունը։ Ահա թե ինչու, 1988 թվականի փետրվարից ի վեր եւ առ այսօր՝ Դաշնակցությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը։ Դեմ է, քանի որ այդ իրավունքը ոչ մի կերպ չի կարող համատեղվել հողային պահանջատիրություն-հայդատականությանը։

Ճիշտ նույն կերպ՝ հայդատականությունը ոչնչացնում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Այն ամենը, ինչ 1988-1998 թթ.հաջողվել է Լեռնային Ղարաբաղի հարցում, հնարավոր է եղել հայդատական գավառամտության մերժմամբ, հայդատականության դեմ պայքարում։ Այն ամենը, ինչ կորցրել ենք 1998-ից հետո, կորցրել ենք հայդատականությանը տուրք տալու պատճառով։ Օրինակ՝ այդ հիմքով էր, որ Լեռնային Ղարաբաղը զրկվեց հակամարտության կողմ լինելու միջազգայնորեն ճանաչված իր մանդատից։ Զրկվեց՝ ոչ թե Ադրբեջանի կամ միջազգային հանրության, այլ հենց Հայաստանի նախաձեռնությամբ։ Որովհետեւ պահանջատիրության տրամաբանությամբ՝ չի կարող պահանջատերը (սուբյեկտը) իր ստատուսով հավասարազոր լինել պահանջվողին (օբյեկտին)։ Բայց դա նաեւ Ադրբեջանի երազանքն էր, ինչին նա ոչ մի կերպ չէր կարողանում հասնել։ Ադրբեջանը չէր կարողանում հանդուրժել, որ Լեռնային Ղարաբաղն իր հետ հավասար՝ հակամարտության կողմի նույնպիսի միջազգային ստատուս ունենար։ Այսինքն՝ հայդատականությունը փառավորապես լուծեց այն խնդիրը, ինչին հետամուտ էր եւ ոչ մի կերպ չէր կարողանում լուծել Ադրբեջանը։

Հիմա էլ նույնն է։ Հայդատական պլատֆորմի վրա Արցախի խնդրի՝ Դաշնակցության ձեւակերպումը ճշգրիտ համընկնում է Ադրբեջանի տեսակետին։ Այս 30  տարի է՝ Ադրբեջանը բազմամիլիոն ծախսերով քարոզչություն է իրականացնում, իրեն պատռում՝ ապացուցելու համար, որ խնդիրը ոչ թե Արցախի ինքնորոշումն է (ինչը ընդունելի է աշխարհի համար), այլ Հայաստանի հողային պահանջատիրությունն է (ինչն անընդունելի է աշխարհի համար)։ Այսինքն՝ Ադրբեջանը եւ Դաշնակցությունը «սայլը» քաշում են նույն ուղղությամբ։ Որ պահին որ այս տեսակետը հաղթող կդառնա միջազգային ասպարեզում, նույն պահին մենք կկորցնենք Լեռնային Ղարաբաղը։

Վազգեն Մանուկյանը

Վերջապես արտահայտվեց նաեւ Վազգեն Մանուկյանը։ Ամեն անգամ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական օրակարգում առանցքային հարց է ձեւակերպում, կամ նրա առաջ քաշած խնդիրը ներքաղաքական օրակարգում դառնում է առաջնային, Վ. Մանուկյանի ներաշխարհում ինչ-որ անհանգստություն է առաջանում։

Ի տարբերություն Դաշնակցության հստակ դիրքորոշման՝ Վազգեն Մանուկյանի խոսքն ու մեղադրանքները անհասկանալի են ու անտրամաբանական։ Նույնիսկ այդ դեպքում կարելի էր դրանց ըստ էության անդրադառնալ, եթե նա չիջներ հաստիքով աշխատող իշխանական եւ այլ «ֆեյքերի» մակարդակին։ Իջել է եւ կրկնել հայտնի մեղադրանքը, թե՝ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակները տարվել են... Լեւոն Տեր-Պետրոսյանի կամքին հակառակ։ Սա վերջն է, սրա մասին ասում են՝ «իջել է պլինդուսից ներքեւ»։ Նման բան կարող է ասել պետություն կոչվող մեխանիզմից, դրանում որոշումների կայացման խոհանոցից անտեղյակ մարդը։ Ցավալի է, որ դա անում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամը, մարդ, որն այդ տարիներին նաեւ կարեւոր պաշտոններ զբաղեցրած լինելով, շատ լավ գիտի՝ ինչն ինչոց է։ Բայց շատ լավ գիտի նաեւ այլ բան. Լեւոն Տեր-Պետրոսյանը (ինչպես մի քանի անգամ ասել է) երբեք պետական գաղտնիքներ չի բացի, քանի դեռ  վերջնականապես չի կարգավորվել Ղարաբաղի հարցը։ Ինչ-որ բան պետական գաղտնիք է, քանի որ այն կարող է աշխատել հօգուտ հակառակորդի։ Տվյալ դեպքում՝ հօգուտ Ադրբեջանի։ Այսինքն՝ Վ. Մանուկյանը դրդում է  բացել բաներ, որոնք կաշխատեն հօգուտ Ադրբեջանի։ Ու քանի որ գիտի, որ դա երբեք տեղի չի ունենա, փոքրոգաբար օգտվում է այդ հանգամանքից։

Վազգեն Մանուկյանի ներաշխարհի անանուն այս երեւույթը հատկապես խորացավ 2008 թվականին, երբ երկրորդ անգամ նախագահական ընտրություններում մրցակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Նա ընդունեց այդ ընտրությունների օրինականությունը եւ հրապարակված պաշտոնական արդյունքները։ Իսկ ըստ այդ արդյունքների՝ Տեր-Պետրոսյանի ստացած ձայները 10 անգամ գերազանցում էին իր ստացածին։ Այդպես էր ըստ պաշտոնական արդյունքների, իսկ ԱՄՆ դեսպանատան՝ իր կառավարությանն ուղարկած գաղտնի զեկուցագրի տվյալների համաձայն (հրապարակեց «Վիկիլիքս»-ը)՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացած ձայներով  Վ. Մանուկյանին գերազանցում էր 17 անգամ։ Ըստ երեւույթին՝ դրանով ինչ-որ միֆեր ջարդեցին, թանկարժե՜ք միֆեր, որոնք այնպե՜ս փայփայում էր Վ. Մանուկյանը։