31.03.2017 13:47

Տիգրան Պասկեւիչյան. Ընտրել կամ մոռանալ հիմնադրին

Տիգրան Պասկեւիչյան. Ընտրել կամ մոռանալ հիմնադրին

Երբ Տեր-Պետրոսյանի մասին ասում ես «հիմնադիր նախագահ», ընդդիմացողներն ընդդիմանում են՝ նա հիմնադիր չէ, առաջինն է՝ ժամանակագրության բերումով։

Ընդդիմանում են, բայց նրա հիմնադիր լինելը չեն մոռանում, երբ բանը հասնում է երկրի դրվածքը քննադատելուն։ Բանակը Վազգեն Սարգսյանն է հիմնադրել, Հայաստանին ՄԱԿ-ի անդամ է դարձրել Րաֆֆի Հովհաննիսյանը, անկախ պետության հեղինակը Պարույր Հայրիկյանն է, մինչդեռ բոլոր արատների հիմնադիրը նա է՝ ժամանակագրության բերումով առաջինը։   

Երբ ասում ես՝ նրա նախագահության օրոք են եղել հաղթանակները, ընդդիմացողներն ընդդիմանում են. ժողովուրդն ա հաղթել, ժողովուրդն ա ստիպել, ինքը դեմ ա եղել ազատագրմանը, եւ նման անփարատելի փաստարկներ։

Հիմա էլ, որպես սենսացիա՝ «Կոմսոմոլսկայա պրավդայի» 1992 թվականի մի հարցազրույց են մեջտեղ հանել, թե իբր Հայաստանի նախագահը խնդրում էր, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում։

(Ի՞նչ աստիճանի էշ պիտի լիներ Ադրբեջանը, որ Հայաստանի նախագահի խնդրանքը չկատարեր։)

1992-ի մարտին՝ Խոջալուի մահաբեր օջախի վերացումից մոտ տասն օր անց, Շուշիի ազատագրումից գրեթե երկու ամիս առաջ տրված այդ հարցազրույցն ի՞նչ կարող է նշանակել, եթե ոչ՝ հմուտ մանեւր։ Կարո՞ղ էր արդյոք այդչափ վտանգավոր մանեւր անել մի ղեկավար, որը չէր տիրապետում իրավիճակին եւ չէր ղեկավարում ռազմական գործողությունները։

Իսկ երբ ասում ես՝ 1998-ին կանխատեսել էր բացասական բոլոր հետեւանքները, ընդդիմացողներն ընդդիմանում են, թե շատ լավ գիտեր իր ստեղծած համակարգն էլ, իր բերած կադրերին էլ (նորից չարաբաստիկ հիմնադրի վարկածը), դրա համար էլ կանխատեսում էր։

Նաեւ մեղադրում են, թե չի հավատում ժողովրդի ուժին։ Իսկ ընդդիմացողները հավատո՞ւմ են մարդու դատողությանը, մարդու վերլուծելու կարողությանը, փաստերին նայելու ու փաստերը համադրելու մարդու ունակությանը։ Բոլորս էլ մեր առօրյա գործերում ե՛ւ դատում ենք, ե՛ւ վերլուծում, ե՛ւ փաստեր համադրում, բայց երբ նույնն անում է քաղաքական գործիչը, ինչո՞ւ ենք դավադրություն փնտրում։

Երբ ասում ես՝ Տեր-Պետրոսյանն իշխանություն չէ եւ ընդամենը իր տեսակետն է հայտնում Արցախի խնդրի կարգավորման մասին, ընդդիմացողները, թվում է ահա, կկարկամեն, բայց նորից ու անդադար ընդդիմանում են։

Ընդդիմանում են, որովհետեւ իրենց ենթագիտակցության մեջ (ենթագիտակցությունը բարեբախտաբար դեռ անապական տարածք է) երկրի իշխանությունը չպետք է լինի անկամ, թուլամիտ, տգետ։ Ընդդիմանում են, որովհետեւ ենթագիտակցության մեջ ունեն դատող, վերլուծող, համադրող, որոշում կայացնելու եւ դրա համար պատասխանատվություն կրելու ունակ ղեկավար։

Իսկ երբ ասում ես՝ չեք հավանում Տեր-Պետրոսյանի ծրագիրը, ձերն առաջ քաշեք, սկսվում է աղետը։ «Ուրվագծի» եթերում ընտրություններին մասնակցող դաշինքների եւ կուսակցությունների` Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հատվածների հանրամատչելի վերլուծությունը պետք է որ այս հարցը փակեր։ Բայց ո՞նց փակի, երբ ընդդիմացողներն ընդդիմանում են աներկմիտ զավզակությամբ, ամբարտավան համառությամբ եւ անվերջ, անվերջ հայհոյանքով։

Այս իրավիճակում երկու տարբերակ կա։

Առաջին՝ ենթագիտակցության թելադրանքով ընտրել խաղաղության ծրագիրը, վստահել Հիմնադրին՝ վերստին օժտելով նրան օրինակարգ իշխանությամբ։

Երկրորդ՝ գիտակցության պարտադրանքով մոռանալ Տեր-Պետրոսյանին էլ, խաղաղության ծրագիրն էլ ու սկսել մաքուր էջից։

Տեսնենք ի՞նչ կլինի։