31.03.2017 16:29

Լեռնիկ Դալլաքյան. ԵԼՔ-ը հնձում է այնտեղ, որտեղ չի ցանել

Լեռնիկ Դալլաքյան. ԵԼՔ-ը հնձում է այնտեղ, որտեղ չի ցանել

ՀՀ քաղաքացի Լեռնիկ Դալլաքյանը ֆեյսբուքում գրում է.

«ԵԼՔ-ը հնձում է այնտեղ, որտեղ չի ցանել

1.«Մեր խնդիրն է ձեւավորել ժողովրդի կամարտահայտման համար անհրաժեշտ բոլոր ինստիտուցիոնալ մեխանիզմները, այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն կտա ոչ միայն ենթադրաբար, այլեւ տեսանելի եւ ապացուցելի կերպով արձանագրել ժողովրդի կամքն ու ցանկությունը, եւ այդ կամքը վերածել կոնկրետ քաղաքական արդյունքի՝ այն չափերով եւ ծավալով, որ համապատասխանում է ժողովրդի կամքին ու որոշմանը: Այս մեխանիզմի կարեւորագույն բաղադրիչներից մեկը, ուրեմն, 6000 վստահված անձ նախագիծն է:… Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ իշխանափոխություն է պետք անել, ի՞նչ վստահված անձ, հաստատաբար չեն հասկանում՝ ինչ ասել է իշխանություն, ի՞նչ ասել է իշխանափոխություն եւ ինչ ասել է քաղաքականություն: Եւ ուրեմն, զարմանալի չէ, որ նրանց գործունեության արդյունքը միայն հուսալքությունն է, հիասթափությունը, պարտությունը: Իսկ մենք ասել ենք՝ ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն»: (Նիկոլ Փաշինյան, 10 սեպտեմբեր, 2016 թ.) 


Ընտրություններին մնաց երկու օր: Կարողացա՞վ արդյոք Քաղաքացիական պայմանագիրը (ԵԼՔ դաշինքը) գլուխ բերել 6000 դիտորդ ունենալու իր նախագիծը, որը, ըստ Ն. Փաշինյանի, ինստիտուցիոնալ ընդդիմության` իշխանափոխություն իրականացնելու մեխանիզմի կարեւորագույն բաղադրիչներից է` համար առաջինը: Ո´չ, չկարողացավ - «Խորհրդարանական ընտրությունների օրը Հայաստանի 2009 ընտրատեղամասերում 6000 վստահված անձ ունենալու մասին ԵԼՔ դաշինքի ծրագիրը կյանքի չի կոչվի: ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը Aysor.am-ին ասաց, որ տեղի է ունեցել մարտավարական փոփոխություն, և իրենք համագործակցելու են «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելություն իրականացնող նախաձեռնության հետ»: Հիշենք, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Քաղաքացի դիտորդ» առաքելության երկու թե երեք ներկայացուցիչներ այնուհետեւ մասնակցեցին նոր ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով ընդդիմություն-իշխանություն-քաղհասարակություն բանակցություններին, որին մասնակցելու Նիկոլ Փաշինյանը (ՔՊ-ն) հետաքրքրություն չցուցաբերեց` Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում պնդելով http://www.azatutyun.am/a/27640155.html, որ այն ձեռնտու է առաջին հերթին իշխանություններին․ - «Իշխանությունը այդ մարդկանց ներքաշում է պրոցեսի մեջ, և պետք է այս առաջարկը՝ քննարկենք, չքննարկենք, այս ֆորմատը, այս խոսակցությունը այնքան մաշի, այնքան անհետաքրքիր դարձնի, որ այն պահին, երբ ինքը ասի՝ վերջ, էլ չեմ ընդունում առաջարկը, դա նույնիսկ հանրության մեջ լայն արձագանք չգտնի», իսկ 2016-ի սեպտեմբերի 10-ին ելույթ ունենալով` նա հայտարարում էhttp://armtimes.com/hy/article/92724. «Սարգսյանի հետ գործակցության, կուլիսային բանակցության, քաղաքական եւ քաղաքագիտական խաղերի ցանկացած դրսեւորում, անկախ նրանից, թե ի՞նչ քողի տակ է արվում՝ ազգային համաձայնության կառավարության ձեւավորմա՞ն, թե հայրենիքի գլխին կախված վտանգի՝ անընդունելի եւ դատապարտելի է մեզ համար:…Այս է պատճառը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավորինս հեռու է մնացել 4+4+4 ձեւաչափի մարիոնետային բանակցություններից, որովհետեւ բանակցողներն իրականում նրանք չէին, որ նստում էին տեսախցիկների առաջ, եւ բանակցությունների ամենակարեւոր նյութն էլ ամենեւին Ընտրական օրենսգիրքը չէր»:

Հիմա ստացվում է, որ ԵԼՔ-ը հրաժարվել է իշխանափոխություն անելու իր հրապարակած մեխանիզմի կարեւորագույն բաղադրիչից` դա փոխարինելով «մարիոնետների» հետ համագործակցությամբ: Այսօր-ի հետ զրույցում Ավինյանը վստահեցրել է, թե «ամենավերահսկելի ընտրություններն են, որ լինելու են», քանի որ «2000 ընտրատեղամասերից 1900-ում էլ տեսախցիկներ են լինելու», իսկ, դարձյալ հիշենք, տեսախցիկներ էլ լինելու են, քանի որ այդպես են բանակցել «մարիոնետները»: Արձանագրենք, որ ԵԼՔ-ը «հնձում է այնտեղ, որտեղ չի ցանել»:
2. «Ժողովրդի կամարտահայտման հաջորդ ինստիտուցիոնալ մեխանիզմը այն է, ինչ վերջին ամիսներին թեժ կրքեր է բորբոքել Հայաստանի քաղաքական կյանքում, Ազգային ժողովում եւ դրա պատերից դուրս: Մենք ասել ենք եւ ասում ենք՝ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն: Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու՞ ենք այդքան կարեւորում 1 ընդդիմության գաղափարը եւ այս համատեքստում քննադատում իրենց ընդդիմություն հռչակած շատերին: Այդպես ենք վարվում, որովհետեւ համոզված ենք՝ Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը: … Եթե ընդդիմությունը մեկը չէ, ուրեմն՝ իշխանափոխության հույսերը սին են…»: (Նիկոլ Փաշինյան, 10, սեպտեմբեր, 2016 թ.):
Հաջողվե՞ց արդյոք Քաղաքացիական պայմանագրին մինչեւ ընտրությունները ստեղծել «մեկ ընդդիմություն»: Ո´չ: Ոչ միայն չհաջողվեց, այլեւ Քաղաքացիական պայմանագիրը ինքը գնաց «հակաքաղաքագիտական միավորման (ՆՓ)» ճանապարհով` դաշինք կազմելով երկու այլ կուսակցություների հետ, իսկ ընտրություներին ընդառաջ ընդդիմադիր քաղաքական ուժերի պակաս կարծես չկա: Եվ ուրեմն ըստ Փաշինյանի` «իշխանափոխության հույսերը սին են», եւ ուրեմն քաղաքական ուժերի` այդ թվում ԵԼՔ դաշինքի գործունեության արդյունքը լինելու է «միայն հուսալքությունը, հիասթափությունը, պարտությունը, մինչդեռ Քաղպայմանագիրը վստահեցրել էր` «մենք ասել ենք՝ ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն»: 
3.«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը ինձ առաջադրել է վարչապետի թեկնածու եւ լիազորել սկսել ստվերային կառավարության ձեւավորումը: Ստվերային կառավարություն բառից պետք չէ շփոթվել. խոսքն այն մասին է, որ մենք հանրությանը պետք է ներկայացնենք անձանց, որոնք կստանձնեն նախարարական աշխատանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում: …Հիմա հարց կարող է ծագել. ինչու՞ ենք մենք դիմում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող նման փորձի: Պատասխանը նույնն է. Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանում իշխանափոխության համար անհրաժեշտ ժողովրդական կամարտահայտում ապահովելու համար: Ապագա իշխանության մասին առավելագույն կոնկրետ պատկերացում ունենալ-չունենալը վճռական գործոն է գործող իշխանությանը հեռացնելու համար: …Նոր իշխանության մասին ամբողջական պատկերացումների բացակայությունը այն վճռական գործոններից է, որ իշխանափոխության՝ թվում է լայնորեն պահանջված գործընթացը ձախողել է մի քանի անգամ:

Ստվերային կառավարության բարեհաջող ձեւավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու չորս առանցքային գործոններից մեկն է, եւ այսօրվանից այս գործընթացը կարող ենք համարել մեկնարկած»: (Նիկոլ Փաշինյան, 10, սեպտեմբեր, 2016 թ.): 
Կատարե՞ց Նիկոլ Փաշինյանը իր կուսակցության վարչության որոշումը: Ո´չ: Ելք դաշինքը Հայաստանի ընտրողներին չի ներկայացրել իր ստվերային կաբինետը, ավելին, Մանե Թանդիլյանը (ի դեպ, Թանդիլյանը կուսակցական դառնալուց ամիսներ առաջ «Հայկական ուրբաթ» ծրագրում համոզված պնդում էր, թե քաղաքական կուսակցություները այլեւս ժամանակավրեպ են) «Երկիր Մեդիա»-յին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը անգամ վարչապետի թեկնածու չունի, մինչդեռ «Ստվերային կառավարության բարեհաջող ձեւավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու չորս առանցքային գործոններից մեկն է», արդեն` «էր»:
Այսպիսով, մինչեւ ընտրությունները Քաղաքացիական պայմանագիրը (ԵԼՔ) չի կատարել իշխանափոխություն իրականացնելու համար իր իսկ սահմանած եւ հանրության առաջ ստանձնած պարտավորությունները: Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԵԼՔ-ը ներկայանալով` իր առավելություններից էր համարում, որ իրենք դեռեւս իշխանության չեն եղել, իսկ մյուս ուժերը արդեն հասցրել են լինել իշխանություն եւ հուսախաբ են արել ընտրողներին: Եվ հազար անգամ ճիշտ են ԵԼՔ-ականները, պնդելով, թե իրենք ուրիշ են, ինքնատիպ. դեռ իշխանության չեկած` ԵԼՔ-ն արդեն իսկ խաբում է ՀՀ քաղաքացիներին: Իրոք` ուրիշ են»: