31.03.2017 21:01

Մուսինյան. ԼՂ հարցում լուծման գնալով՝ Հայաստանը էականորեն կբարձրացնի իր կշիռն ու կդառնա գործոն

Մուսինյան. ԼՂ հարցում լուծման գնալով՝ Հայաստանը էականորեն կբարձրացնի իր կշիռն ու կդառնա գործոն

iLur.am-ի հարցազրույցը Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքից պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանի հետ:

Քարոզարշավի վերջին օրն է, արդեն մեկ ամիս, եւ դրանից առաջ էլ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հնարավորություն ուներ ներկայացնելու իր ծրագրերը: Որքանո՞վ ձեզ հաջողվեց տեղ հասցնել ձեր հիմնական ուղերձները:

Այս ընտրությունների հետ կապված երկու առանձնահատկություն կա: Առաջիննն այն է, որ նոր ընտրական համակարգ է գործում, այսպես կոչված՝ ռեյտինգայիններով համեմված համամասնականը, որը իրականում քողարկված մեծամասնականն է եւ որը էապես ապաքաղաքականացնում է ընտրությունները: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս ընտրությամբ սկսվում է նոր ցիկլ: Գիտեք՝ մեր հասարակությանը պարտադրվեց նոր Սահմանադրություն, որով միայն խորհրդարանական ընտրություններ են այսուհետ տեղի ունենալու, նախագահի ինստիտուտը փաստացի վերացվում է, հետեւաբար՝ էապես մեծանում է խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը, ըստ էության, դրանք Հայաստանում իշխանություն ձեւավորելուի միակ միջոցն են մնացել: Հիմա՝ առաջինի հետ կապված, իշխանություններն ամեն կերպ, եւ՛ ընտրական համակարգով, եւ՛ իրենց վարքագծով փորձում են ապաքաղաքականացնել ընտրությունները, հավասարեցնել խնամի-ծանոթ-բարեկամ-թաղային հեղինակություն մակարդակի: Մենք, որպես քաղաքական ուժ, բնականաբար, պետք է անեինք հակառակը՝ հնարավորինս քաղաքականացնել այս ընտրությունները: Եւ քանի որ սրանից բացի, ներկա քաղաքական միջազգային գործընթացներում առաջին պլան է դուրս եկել արցախյան հակամարտության կարգավորման հարցը եւ մենք այդտեղ լուրջ ասելիք ունենք, օգտագործեցինք ընտրությունները՝ հասարակությանը հասցնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ստեղծված լուրջ պատեհության եւ դրանից օգտվելու անհրաժեշտության հարցը: Ինչքանո՞վ կարողացանք՝ կարծում եմ հասարակությունը պետք է դատի: Իմ կարծիքն այն է, որ, համեմատ նախընտրական շրջանի սկզբի, մենք կարողացանք հասնել նրան, որ Արցախյան հարցը դարձավ լուրջ քննարկման առարկա: Ցավով պետք է արձանագրեմ, որ քաղաքական մյուս ուժերը որեւէ քաղաքական օրակարգ չբերեցին նախընտրական օրակարգ, էլ չասած, որ որեւէ հստակ տեսլական եւ կարծիք ղարաբաղյան հարցի կարգավորման, այսօրվա իրավիճակի, այս պատեհության վերաբերյալ մենք չլսեցինք:

Բայց նախընտրական բանավեճի հիմնական թեմաներից մեկը, այնուամենայնիվ, Ղարաբաղի հարցն էր:

Այո, մենք կարողացանք հասնել դրան, որ նախընտրական հիմնական թեման դարձավ Ղարաբաղի հարցը: Բայց մի հետաքրքիր բան կա՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծամասնությունն այս հարցում միայն մեկ բան է անում՝ քննադատում է Կոնգրեսին: Այստեղ հենց երեւում է այս հարցում նրանց սնանկությունը: Որովհետեւ, եթե իրենք ունենային սեփական տեսլական եւ համոզված լինեին իրենց ճշմարտացիության, հետեւաբար՝ մեր «սխալականության» մեջ, ապա իրենք շատ պիտի ուրախանային այս փաստից, առաջին հերթին՝ հերքեին մեր արգումենտները, եւ երկրորդ, ամենակարեւորը՝ ներկայացնեին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Դրա փոխարեն նրանք շարունակ կրկնում էին՝ «մենք դեմ ենք, մենք դեմ ենք, դեմ ենք»: Սրանով իրենք ակնհայտ մատնում էին, որ որեւէ դիրքորոշում չունեն այս հարցում, ինչպես նաեւ՝ որ իրենք վախենում են ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում պատասխանատվությույն ստանձնել: Որովհետեւ եթե որեւէ քաղաքական ուժ, անհատ ինչ-որ հարցում լուծում է փնտրում, հասկանում է, որ այդ լուծումն անհրաժեշտություն է՝ երկիր շահերին ծառայելու տեսանկյունից, նա անպայման փնտրտուքի մեջ կլիներ: Այն, որ իրենք այդ հարցից ուղղակի փախչում են՝ Կոնգրեսի մոտեցումները քննադատելու միջոցով, նշանակում է, որ իրենք վախենում են պատասխանատվություն վերցնել այս հարցում, չունեն որեւէ դիրքորոշում, եւ ավելին ասեմ՝ իրենց «դիրքորոշումները» հասարակությանը ներկայացնելու նրանց փորձերը իսկապես ծիծաղելի էին: Դուք տեսաք, թե ինչպես նախագահ Տեր-Պետրոսյանը վերջին հարցազրույցում ուղղակի ջախջախեց այդ «դիրքորոշումները»: 

Նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձավ քաղաքական ուժերի ծրագրերում Արցախյան խնդրին վերաբերող կետերին, իսկ բանավոր ելույթներում քաղաքական այդ ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ պետք է առաջնահերթ լուծել նախ կոռուպցիայի ու մենաշնորհների վերացման հարցերը, եւ դրա շնորհիվ իսկ ուժեղանալով՝ մտածել արցախյան հիմնահարցի՝ մեզ համար նպաստավոր կարգավորման մասին:

Նախ՝ որեւէ մեկը չի արգելում այս հարցի վերաբերյալ դիրքորոշում ունենալ եւ զուգահեռաբար պայքարել կոռուպցիայի դեմ: Բացի դրանից, կա եւս մի հարց, որից խուսափում են բոլոր քաղաքական ուժերը. այս հարցում այժմ ստեղծվել է պատեհություն, եւ Հայաստանը պետք է դիրքորոշում արտահայտի կարգավորման պլանի վերաբերյալ: Ամեն ինչ շատ կոնկրետ է, որեւէ վերացական բան չկա: Եվ քաղաքական ուժը նման դեպքերում պետք է գործի հետեւյալ սկզբունքով՝ ի՞նչ դիրքորոշում կունենայի ես, եթե իշխանություն լինեի: Այս կոնտեքստով որեւէ մեկը հարցը չի դիտարկում: Էլեմենտար պատասխանատվության հարց կա, որից խուսափում են գրեթե բոլորը: Իշխանությունը հանգամանքների բերումով, քանի որ ինքն է բանակցողը, իհարկե, կիսատ-պռատ, ցածրաձայն, երբեմն ոչ հստակ, բայց հայտարարում է, որ գնալու է այդ ուղղությամբ: Ամենից հստակը մենք ենք՝ չլինելով իշխանություն, ֆորմալ առումով որեւէ պատասխանատվություն չկրելով ղարաբաղյան կարգավորման այսօրվա պրոցեսի, կարգավորման պլանի, կայացվող որոշումների հետ՝ մենք ամենահստակ դիրքորոշումն ենք արտահայտում: Կարծում եմ, պատասխանատվության խորը գիտակցության այս դրսեւորումը արձագանք կգտնի հասարակության շրջանում:

Ի դեպ, հասարակության արձագանքների հետ կապված. հատկապես վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր մի նոր սոցիոլոգիական հարցման տվյալներ են հրապարակվում, համաձայն որոնց, հիմնական պայքարն ընթանում է ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի միջեւ, իսկ մյուսները, այդ թվում՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, պայքարում են նվազագույն տոկոսներով խորհրդարանում հայտնվելու համար:  Ինչպե՞ս եք վերաբերում այդ տվյալներին:

Հայաստանում, որտեղ ջախջախված է ընտրական համակարգը, որտեղ վախի մթնոլորտ է, որտեղ համատարած բոլոր դպրոցների տնօրենները զբաղված են իշխող կուսակցության համար ցուցակագրումներ անելով, որտեղ մարդիկ բացարձակ վտահություն չունեն իշխանության նկատմամբ, չի կարող գործել ճշգրիտ, հավաստի սոցիոլոգիական հարցումների ինստիտուտ: Մարդիկ զգուշանում են իրենց կարծիքն անկեղծ արտահայտելուց, իրենց դուռը թակողի մեջ ավելի շատ կասկածելի բան են տեսնում, եւ հետեւաբար, սոցիոլոգիական հարցումների տեսքով ստացվող պատկերը հավաստի չի կարող լինել: Համենայնդեպս, ինձ համար դրանք հավաստի չեն, ով էլ այդ հարցումները կազմակերպած լինի: Հետեւաբար, ես չէի ուզի դրան հղում անել եւ դրա վրա կառուցել մեր քաղաքական իրավիճակի վերլուծությունը:

Ձեր ընդդիմախոսների մի մասը, խոսելով ղարաբաղյան խնդրում միջազգային հանրության դերակատարության մասին, նկատում է, որ միջազգային հանրությունն այս տարիների ընթացքում Հայաստանի նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունք է ցուցաբերել, օրինակ՝ աչք է փակել այն փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում Հայաստանի Հանրապետությունն, այսպես ասենք, առանցքային դերակատարում ունի: Ինչո՞ւ պետք է նույն միջազգային հանրությունը հիմա մեծացնի ճնշումը Հայաստանի վրա կամ ինչ-որ պատժամիջոցներ կիրառի:

Ես չգիտեմ՝ երբ Ադրբեջանի սադրանքների դեպքում միջազգային հանրությունը հայտարարում է, որ չգիտի, թե ով է մեղավորը եւ զսպվածության կոչերը ուղղում է երկու կողմերին, դուք դա կհամարեք Հայաստանին աջակցության նշա՞ն, թե ոչ: Այդ պնդումը շատ վիճահարույց է եւ այդ արգումենտացիայի հիմքում ընկած է հենց խնդիրը չլուծելու փիլիսոփայությունը: Մարդիկ ասում են՝ «դե, մեզ միշտ էլ լավ են վերաբերվել, հետայսու էլ լավ կվերաբերվեն, դրա համար եկեք չլուծենք»: Լուծում փնտրողը կենտրոնանում է կոնկրետ տարբերակների, լուծման ձեւերի վրա: Մինչդեռ մարդիկ, ովքեր լուծում չեն փնտրում, իրենց հաջողությունը, իրենց հաջողություններն ու ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա: Ասենք, Տեր-Պետրոսյանն էլ նշեց, կա կուսակցություն, որն ասում է՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որից հետո նոր հնարավոր են բանակցություններ: Ինչ է ստացվում. մենք պետք է նստենք, ամեն առավոտ  կարդանք ադրբեջանական լուրերը՝ սպասումով, որ մի օր Բաքուն կճանաչի Արցախի անկախությունը: Այլ կերպ ասած՝ նստենք թախտին, սպասենք բախտին: Այսինքն, հայտարարում են, որ ուզում են լուծում, բայց լուծման բոլոր նախաձեռնությունները իրենցից հեռացնում են՝ «այս մեկը պետք է սա՛ անի, այն մեկը՝ նա», իրենք ոչինչ չպետք է անեն:  Սա պատասխանատվությունից խուսափելու փոքրոգի մոտեցում է: Նույն այդ մտայնությունը, որ մեզ լավ են վերաբերվել, ապագայում էլ լավ կվերաբերվեն, գալիս է խնդիրը չլուծելու իրենց նախնական կանխադրույթից: Եթե մարդու մեջ շարժիչ ուժը խնդիրը լուծելն է, ինքը երբեք նման արգումենտացիա չի բերի: Եվ հակառակը, եթե նրա շարժիչ ուժը խնդիրը չլուծելն է, նա կբերի նման հարյուրավոր պատճառաբանություններ: Այստեղ է հարցը՝ հայաստանյան հասարակությունը պետք է այս հարցին պատասխանի՝ ուզու՞մ է լուծել խնդիրը, թե՞ ոչ: Եթե ուզում ենք լուծել, կոնկրետացնում ենք ասելիքը, եթե ոչ՝ պատասխանատվությունը գցում ենք ուրիշների վրա, մասնավորապես՝ Ալիեւի: Ֆենոմենալ բան է տեղի ունենում. մարդիկ հայտարարում են, որ կգնան խնդրի լուծմանը, եթե Ալիեւն իրեն այսպես կամ այնպես պահի: Այսինքն, Հայաստանի համար ամենաճակատագրական հարցի լուծման բանալին տանում-դնում են Ալիեւի ձեռքում:

Ձեր ընդդիմախոսների մի խումբ էլ կա, որն ասում է՝ Կոնգրեսի այս ծրագիրը Հայաստանի եւ հայաստանցիների համար վիրավորական է այնքանով, որ նսեմացնում է մեր սուբյեկտությունը, որ ստացվում է՝ մենք թույլ ենք, ոչինչ չենք որոշում, եւ եթե չգնանք լուծման, մեզ կպարտադրեն գնալ:

Բացարձակապես: Հակառակը՝ լուծում փնտրողը դառնում է գործոն: Լուծում չփնտրողն է իրեն դնում գործընթացից դուրս՝ որոշիչ դարձնելով միջազգային հանրությանը, Ադրբեջանին, համաշխարհային դավադրությանը եւ այլն: Լուծում փնտրողն իրեն դարձնում է գործոն: Որ պահին որ Հայաստանն իր քաղաքականության հիմքում դնի արցախյան հարցի կարգավորումը, միանգամից միջազգային հարաբերություններում կբարձրացնի իր կշիռն ու կդառնա շատ ավելի իրական գործոն, քան այսօր է: Ձեր նշած ընդդիմախոսների փաստարկը ուղղակի ալոգիզմ է: Այլ հարց է, որ մենք այդ գործոնը դառնալով՝ պետք է հաշվի առենք այլ գործոնները եւս, որ կա միջազգային հանրություն, որն այս հարցի կարգավորման պատասխանատվությունն է ստանձնել, կա Ադրբեջան, որի հետ մենք խորագույն քաղաքական հակասություն ունենք, անվստահություն եւ թշնամանք: Բայց մենք մեզ պետք է դարձնենք գործոն՝ լուծման պատասխանատվություն հայտնելով: Հիմա է, որ մենք գործոն չենք՝ ամեն ինչ կապում ենք միջազգային հանրության, Ադրբեջանի վարքագծի եւ մնացած այլ բաների հետ:

Ամփոփենք: Շուրջ 20 տարի հանրության մեջ «ոչ մի թիզ հողի», թշնամանքի տոտալ քարոզչություն է տարվել՝ հեռուստատեսությամբ, մամուլով, կրթական հաստատություններում եւ այլն: Մեկ-երկու ամիսն արդյո՞ք չափազանց քիչ ժամկետ չէ՝ այդ քարոզչության հետեւանքները վերացնելու համար: Ինչպիսի՞ն կլինի, ըստ Ձեզ, արդյունքը:

Կարծում եմ՝ մենք այդ քարոզչության ազդեցությունը բավական թուլացրեցինք, դրանում նաեւ անկյունաքարային նշանակություն ունեցան նախագահ Տեր-Պետրոսյանի երկու հարցազրույցները հեռուստատեսությամբ, որտեղ շատ ավելի մանրամասն, դետալացված, ինչպես քաղաքական հարթության, այնպես էլ մարդկամոտ խոսքի հարթության վրա բացատրվեց խնդրի կարեւորությունը: Խնդրի էությունը ոչ թե փոխզիջումների գնալ-չգնալն է, այլ ՝ հարցը լուծել-չլուծելը: Լուծումը երբեք իդեալական չի լինելու: Հայաստանի եւ հայ ժողովրդի համար իդեալական լուծումը Ադրբեջանի կապիտուլյացիան է: Դա չի լինելու, հետեւաբար, լինելու է լուծում, որից մենք պետք է արժանապատիվ խաղաղություն քաղենք, ամրագրենք 90-ականների պատերազմի եւ մեր ժողովրդի կրած տառապանքների արդյունքում ձեռք բերված հաղթանակը, բայց այն իդեալականը, ինչը ունենք մեր պատկերացումներում, չի լինելու: Մյուս բոլոր ոլորտներում էլ է այդպես լինում. ցանկացած խնդիր, որը մենք դնում ենք մեր առաջ, կարող է իրականանալ 90 տոկոսով, 85 տոկոսով եւ այլն, բայց իդեալական հաջողություններ գրեթե չեն արձանագրվում: Նույնը այստեղ է՝ եթե մենք այս պատեհությունից չենք օգտվում, մեծանում է հավանականությունը, որ մենք վաղը կունենանք մեկ այլ լուծում, որը մեր պատկերացումներին կհամապատասխանի շատ ավելի քիչ տոկոսով, բայց մենք դրանից այլեւս չենք կարողանա հրաժարվել: Անցնի 5, 10, թե 15 տարի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման կոնցեպտը, բաղադրիչները մնալու են նույնը: Պատահական չէ որ Տեր-Պետրոսյանին հաջորդած բոլոր իշխանությունները ըստ էության, բանակցել են նույն բաղադրիչների շուրջ:  Հիմա մեր հասարակությունը թող իր մեջ վերլուծի՝ որն է ճիշտ՝ այս ոչ իդեալական լուծմանը հասնել 5, 10, 20 տարի հետո, բայց միգուցե ավելի թուլացած վիճակու՞մ, թե օգտվենք այս հնարավորությունից եւ կարողանանք հասնել երկարաժամկետ խաղաղության եւ Հայաստանի համար ապահովենք խաղաղ, բարեկեցիկ կյանք կառուցելու հնարավորություն: Ապրիլի 2-ին, կարծում եմ, մեր քաղաքացիները պետք է այս հարցի պատասխանը տան:

Եվ, անկախ քվեարկության արդյունքից, ի՞նչ զարգացում, ինչ կիրառություն կունենա խաղաղության այս ծրագիրը:

Մենք նույն ինտենսիվությամբ շարունակելու ենք այս տեսակետի տարածումը հասարակության մեջ, որովհետեւ սա ընտրական ցիկլի հետ կապված հարց չէ: Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծվել է կոնկրետ իրավիճակ, եւ այն  չի վերանալու ընտրություններից հետո: Ընդհակառակը, ավելի ցայտուն է դառնալու: Հետեւաբար, մենք շարունակելու ենք: Ընտրություններն ուղղակի առիթ էին՝ հասարակության մեջ այս տեսակետը տարածելու համար: