04.04.2017 15:57

Արսեն Գրիգորյան. Գերեզմանային հայը

Արսեն Գրիգորյան. Գերեզմանային հայը

Հայաստանը կատարեց իր ընտրությունը: Այդ մեզ համար է կատարվածը ժողովրդի ընտրություն, որի յուրաքանչյուր անդամին գուցե դեմքով գիտենք, գիտենք նրա պատմությունը, «քվեի» դրդապատճառները. բայց աշխարհի համար դա Հայաստանի ընտրությունն էր:

Երանի այն անմեղ ինքնախաբեությանը, որ աշխարհը չգիտի, թե ինչպես են մարդիկ քվեարկում, ասենք, Ադրբեջանում, Հյուսիսային Կորեայում, Սոմալիում: Որովհետեւ, մեկ էլ տեսար, աշխարհը վերցրեց ու մտածեց, որ 20 տարի աճող աղքատության եւ արտագաղթի պայմաններում միշտ նույն կուսակցությանն ընտրելը Հայաստանում ագրեսիա է ոչ միայն մարդու, այլեւ ժամանակ առ ժամանակ իր պետականությունը կորցնող պետության բանականության դեմ: Երանի տանք:

Դառնանք ու փառք տանք Հայաստանի քաղաքացու կատարած ընտրությանը: Մարդն այլեւս աջ ու ձախ չի ընկնում: Խաղաղություն ու պատերազմ չի սակարկում: Որովհետեւ ոչ ոք նրա հետ չի սակարկում: Պետությունը կա, թվում է, թե այդ պետության մեջ կան ծրագրեր, որոնք լավից-վատից իրականացվել են, կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ծրագրերն են առաջարկում, իսկ քեզ՝ շարքային, գրեթե անանուն լրագրողին, որին նույնիսկ ՀՎԿ-ի վերջին համարը չգիտի, շենքի հարեւաններն ուղղակի ռմբահարեցին մի հարցով՝ ե՞րբ են բաժանում ընտրակաշառքը: Փառք տանք:

Հարեւան ունենք, որն ընտրել է ըստ հրահանգի, ու դեռ սպասում է: Այսօր առավոտյան հարցնում է. «Բա ի՞նչ ա լինելու հետո»: Հասկացա՞ք: Ամբողջ աշխարհում քվեն ընտրողի «հետո»-ի հայտն է, մեզ մոտ քվեն ու «հետո»-ն լրիվ տարբեր բաներ են: «Հետո»-ն մի օր հասկացված լինելու պոետի վաղվա խարիսխն է, որն ինքը գրեթե տեսնում է: Ընդ որում, էդ խարիսխն ինքն առարկայացնում է կոնկրետ բանաստեղծությամբ, որը գուցե ավելի վատն է, քան քվեի վրա դրվող «պտիչկեն»: Բայց «հետո»-ն, միեւնույն է, նրա բաժին տեսիլքն է, հուսահացը, ապրելու, ճշմարիտ լինելու «քաղաքական» հայտը, որ մի օր առարկայացած կխոթի իրեն չհասկացողի աչքը:

Քվեն ավելի տարողունակ է: Երբ քո «պտիչկայի» գինն ու սլացքը գիտես, «հետո»-ն համարյա համընթաց է քեզ, քո մարգարեությունն է, որը քեզ զերծ է պահում չհասկացված լինելու բոլոր վտանգներից: Ոչ ոք չի կարող դնել ու քննարկել այն: Ոչ մի գրականագետ չի կարող վիճարկել ոճդ եւ ասելիքդ, որովհետեւ դու մարգարե ես: Փոխարենը քվեն դարձավ փողով գրված գերեզմանային ներբող:

Դառնանք եւ ողորմի տանք այն Հայաստանին, որը մնաց անցյալում: Առաջիկա 5 տարին լինելու է այդ անցյալում մնացած Հայաստանի գոյության իներցիան: Բայց այլ Հայաստան չի լինելու: Հայ լինելն ինքնին ոչինչ չի նշանակում, եթե Հայաստանը չկա: Հայ լինելը ոչինչ չի նշանակում նույնիսկ այն դեպքում, երբ նա կա միայն Հայաստանում: Որովհետեւ ոչ միայն հայ պետք է լինել հողի վրա, որն աճեցրել է քեզ, այլև ինքդ քո հերթին պետք է աճեցնես հողը: Այլընտրանքը գերեզմանային հայն է՝ հողի մեջ փակվածը, որտեղ հողը քեզանից պայմանական է: Իսկ գերեզմանային հայը այդպիսին է դարձնում նաեւ Հայաստանը:

Իսկ ո՞վ է գերեզմանային հայը: Չխաբվեք, նա շղթաներից զատ այլ բան չկորցնողը չէ, նա ունի 50-80 հազար աշխատավարձ եւ ունի լծակներ: Այսինքն, չինովնիկ է, սոցիալական աշխատող է, ուսուցչուհի է: Գերեզմանային հայը այն մարդն է, որն ամբողջությամբ իշխանության ողորմածության տակ է: Նա շարժուն չէ, սակայն նրա տեսադաշտում բոլորն են, որոնք սպառնալիք են իրենց գործազրկությամբ, աղքատությամբ եւ անհուսությամբ: Հենց նա է, որ կյանքում միակ անգամ քայլ է անում, որպեսզի պահպանվի գերեզմանի անդորրը, նա իր քվեի գինը գիտի՝ ի տարբերություն գործազուրկի, աղքատի եւ անհույսի: Նա անդորրի պահապանն է: Նա ոչ մեկի սերը չի փնտրում, որովհետեւ նա սիրո համար չէ, նա դա գիտի: Գերեզմանային հայը եղած Հայաստանի խորհրդանիշն է:

Ինչպե՞ս ազատվել գերեզմանային հայից, եթե հողն ինքը ի վիճակի չէ տարրալուծել նրան, եթե նա նույնիսկ հողի համար է անընկալունակ: Այսինքն, նա գերեզմանային է ոչ թե հողի մեջ, այլ հողի վրա: Ավելին, ինչպե՞ս վարվել, եթե նա գոնե տարիքի բերումով նոր սերունդ է, ոչ թե անցյալից եկած մեկը: Ըստ իս, հնարավոր է միայն մեկ բան՝ նրան պետք է հիշեցնել, որ դեռ մարդ է, որ իրեն հանիրավի են կենդանի թաղել, որ վերստին շնչելու համար երբեք ուշ չէ: Նրան պետք է այլ օդը ցույց տալ: Պետք է սովորեցնել տեսնել: Իսկ թե հատկապես ի՞նչը տեսնել՝ դա արդեն նրա աչքերի «շնորհն» է, որոնք առ այսօր պարզապես ոչինչ չեն տեսել: