05.04.2017 12:16

Վահան Թումանյան. Վիճակը նետված է

Վահան Թումանյան. Վիճակը նետված է

Լրատվամիջոցներից մեկի «հեկտարական» մեկնաբանը, հրճվանքից թուլացած՝ գրել է, որ հայ հասարակությունը 98 տոկոսով «մերժել է» Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խաղաղության եւ բարիդրացիության պլատֆորմը: Կայացած երկրում դա պիտի համարվեր ողբերգություն: Մանավանդ որ նույն տեղում ասվում է, որ ընտրությունը համեմատաբար ազատ էր, քվեարկությունը՝ ուղղորդված: Այսինքն, ոչ թե հասարակությունն է այդպես որոշել, այլ նա, ով նրան ուղղորդել է:

Մեկնաբանը նաեւ երկրորդ սխալն է թույլ տվել. նա ասել է, որ մեծ հաշվով որեւէ կուսակցություն կամ դաշինք Ղարաբաղի հարցի այլընտրանք չի ներկայացրել, բոլորն էլ կողմ են փոխզիջումներին, տարբերությունը տեխնիկական է, առաջնահերթությունների մեջ: Կոնգրես-ՀԺԿ-ն առաջարկում է համաձայնագիր ստորագրել այստեղ եւ այժմ, իսկ մյուսները նախապայմաններ են դնում:

Եթե նկատենք, որ փոխզիջումների կողմնակից ՀՀԿ-ն ստացել է 700 000-ից ավելի, Ծառուկյան դաշինքը՝ 400 000, «Ելքը»՝ 100 000-ից ավելի ձայն, ապա ստացվում է, որ առանց Կոնգրես-ՀԺԿ-ի քվեների՝ ընտրողների 94 տոկոսը կողմ է, որ Ղարաբաղի հարցը լուծվի բանակցությունների ճանապարհով՝ փոխզիջումների հիման վրա: Այսինքն՝ «Մադրիդյան սկզբունքներով»:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը նույնն էր ասում եւ շարունակում է պնդել: Նախագահ Տեր-Պետրոսյանը երկու հեռուստաասուլիսներում պարզ ասել է, որ այդ հարցում Կոնգրես-ՀԺԿ-ն պաշտպանում է Սերժ Սարգսյանին եւ իշխող ՀՀԿ-ին: Տեր-Պետրոսյանը նաեւ ասել է, որ ընտրողը պետք է դեմ քվեարկի այն կուսակցությանը եւ դաշինքին, որը Ղարաբաղի հարցում հստակ դիրքորոշում չի արտահայտում:

Հիմա ու՞մ հորդորն է պահանջված, երբ ընտրողը 94 տոկոսով քվեարկել է Ղարաբաղի հարցը փոխզիջումներով լուծելու օգտին: Միակ ուժը, որը Ղարաբաղի հարցում ներկայիս բանակցային ֆորմատը չի ընդունել, խնդիրը կապել է Հայ դատի եւ միացյալ Հայաստանի տեսլականի հետ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունն է, որն ստացել է ընտրողների միայն 6 տոկոսի քվեն: Ահա եւ՝ ռեֆերենդում, որի մասին ասում էր նախագահ Տեր-Պետրոսյանը. հասարակության միայն 6 տոկոսն է, որ Ղարաբաղի հարցը համարում է Հայ դատի բաղկացուցիչ, ուրեմն՝ անլուծելի կամ հաղթական պատերազմով լուծելի խնդիր: 94 տոկոսը համաձայն է, որ հարցը պետք է լուծվի «Մադրիդյան սկզբունքների»՚ հիման վրա՝ փոխզիջումներով:

Գլխավոր արդյունքը սա է: Նախագահ Տեր-Պետրոսյանը հասել է նրան, որ պատերազմի եւ խաղաղության հարցը դարձել է պառլամենտական ընտրությունների առանցք, ընտրողները քվեարկել են ըստ այդմ, եւ արդյունքները չափազանց խոսուն են: Ով եւ ինչպես կիրականացնի համաժողովրդական պահանջը՝ նշանակություն չունի: Իսկ եթե պառլամենտ անցած ուժերը փորձեն դարձյալ խուսանավել, այն ժամանակ նրանցից հաշիվ կպահանջի ժողովուրդը: Վիճակը նետված է...