06.04.2017 16:44

Լիզա Ճաղարյան. Ինձ սարսափեցնում է ձեր չսարսափելը

Լիզա Ճաղարյան. Ինձ սարսափեցնում է ձեր չսարսափելը

Ընթերցում եմ ետընտրական կարծիքները, հարցազրույցները։ Որը պատահի՝ անսկզբունք սկզբունքայնությամբ։

Հետեւությունս անմխիթարական է։

Պատկերացրեք՝ մարդուն խոշտանգում են բոլորիս հայտնի եւ անհայտ միջնադարյան դաժան մեթոդներով։ Մարդն արդեն ուր որ է մեռնելու է, հաջորդ խոշտանգման «սեանսը» վերջինն է լինելու, եւ աչալուրջ դահիճները գիշատչային հաճույքը երկարաձգելու համար՝ օրեր շարունակ սառնարանային ցրտի պայմաններում կապտած կիսակենդան մարդու գրեթե անշունչ մարմինն ընկղմում են տաք ջրի մեջ։ Մարդը երջանկությունից թառանչում է՝ թեկուզեւ հաստատ գիտի, որ քիչ թե շատ ուշքի բերելուց հետո իրեն նորանոր եւ ավելի զարհուրելի տանջանքներ են սպասվում։

Այսպիսի թառանչի է նման հերթական խայտառակ ընտրությունները գնահատողների արտահայտած տեսակետների գերակշիռ մասը։

«Սպանություններ չեն եղել, ծեծուջարդեր չեն եղել, լցոնումներ չեն եղել... Ժողովուրդն ինքն է գնացել ու ընտրել Հանրապետական կուսակցությանը։ Բա համ էլ տեսա՞ք՝ ԵԼՔ-ը ոնց արդարաբար իր յոթուքանի տոկոսն ստացավ»։

Ասվածից ոչ մեկը վիճարկելու ցանկություն չունեմ, իմաստ էլ չեմ տեսնում։ Այդպես եք կարծում, թող այդպես լինի։ Կապրենք՝ կտեսնենք, թե ով որքան էր արդար կամ անարդար։

Իսկ ես կարծում եմ՝ այս խորհրդարանական ընտրություններն ամենասահմռկեցնողն էին։ Եթե պնդում եք, որ սա ազատ ընտրություն էր (ես այդ կարծիքին չեմ), ուրեմն՝ ձեզ չի սարսափեցնում, որ հասարակությունը գնաց եւ ստորագրեց սեփական մահապատիժը, իսկ սեփական մահապատիժն ստորագրողը կամ կիսամեռ է ուրեմն, կամ՝ գիտակցությունն է անվերադարձ մթագնած։

Ինձ սարսափեցնում է յոթուքանի տոկոսով ոգեւորվողներիդ էյֆորիան, եթե նույնիսկ այդքան վստահ եք, որ այդ ձայները վաստակել են առանց «կողմնակի միջամտության»։ Որովհետեւ այդ էյֆորիան երկու պատճառով կարող է լինել։ Մեկը՝ վստահ եք, որ այդ յոթուքանիսով երկիրն ազատելու են հանրապետականների մագիլներից, ինչը կատարյալ տխմարություն է նշանակում։ Մյուսը՝ ձեր չսիրած Կոնգրեսը պարտվել է, իսկ դուք կամ ձեր ընկերները մանդատի տեր են դարձել։ Սա էլ մարդկային հասկանալի թուլություն է, որն ընդամենը ժամանակավորապես կփրկի յոթուքանիսականներին ապրուստի միջոցներ հայթայթելու դժվարություններից։ Ոգեւորվելու բան է՝ ոգեւորվեք, բայց մեր վզին մի փաթաթեք գիրուկ ստերը, թե Հայաստանի քաղաքացիներին սպասվող պայծառ ապագայի համար եք ոգեւորված։

Հայաստանի քաղաքացիներն ընտրել են հանրապետականների՞ն։ Ուրեմն՝ հանրապետականների «կողմ» եւ «դեմ» ձայներով է վճռվելու Հայաստանի հետագա ընթացքը, եւ եթե այդքան վստահ եք, որ Հայաստանի քաղաքացիներն այս ընտրությամբ արտահայտել են իրենց կամքը եւ գնացել ու ընտրել են իրենց սեփական դահճին, ու սա չի՛ սարսափեցնում ձեզ, արդյո՞ք սա նույն բանը չէ, որ խոշտանգումներից ու ցրտահարությունից կիսամեռ մարդու գլխին տաք ջուր են լցնում, եւ նա մտածում է, որ երջանկությունը հենց դա է, որ կա։

Կարճ. ինձ սարսափեցնում է ձեր չսարսափելը։