06.04.2017 19:06

Մհեր Արշակյան. Պատերազմը «լավ» բան է

Մհեր Արշակյան. Պատերազմը «լավ» բան է

Խաղաղության գաղափարի պարտությունը մեզ շատ հեռու է տանելու: Դեռ ավելի է չարանալու մարդը: Եվ դա անխուսափելի է: Օբյեկտիվորեն անխուսափելի է:

Գտնված է ստատուս քվոյի կենսունակության հացը՝ չարությունը:

Յուրաքանչյուրը թող իր անձով դիտարկի խաղաղությունը: Մոռացեք, թե մինչեւ հիմա ինչ է ասվել խաղաղության մասին: Մոռացեք, որ դա անհրաժեշտ է Հայաստանին: Ձեզ դիտարկեք:

Մարդը կարիք ունի խաղաղության: Դա ամեն ինչի մեկնակետն է՝ երջանիկ ընտանիքի, երջանիկ մենության: Առանց խաղաղության մարդը փորձանք է:

Երբ մարդն իր խաղաղությունը չի գտնում, կարող է աջ ու ձախ չարախոսել սրան կամ նրան:

Այդպիսի մեկին ես ունեմ իմ կյանքում: Չարախոսողը ես եմ:

Քո խաղաղության բացակայությունը արդեն իսկ քո ստատուս քվոն է առաջին պատահածի հետ հարաբերություններում, որը քեզ հարց ունի: Պատերազմի բացիլը հենց հարաբերության մեջ է:

Որովհետեւ դու արդեն խաղաղ չես:

Այդպիսին է հայ մարդու կյանքը՝ նա չարախոսում է ադրբեջանցուն, ադրբեջանցին՝ նրան:

Ստատուս քվոն չարախոսության ամբիոնն է, որտեղ կրակոցներն ամենօրյա չեն, բայց անընդհատ եփվում է  սպանության ճաշը: Սահմանի զոհերը չարախոսության զոհեր են: Եվ ոչ թե՝ պատերազմի:

Որովհետեւ իշխանությունները թույլ չեն տալիս, որ մարդը գտնի իր խաղաղությունը:

Խաղաղ մարդն ինքնին պատերազմի հակառակորդ է: Նա չի չարախոսի եւ չի հասկանա ուրիշի չարախոսությունը: Նա չի մերվի այն միջավայրին, որտեղ չարություն կա:

Ես հայ-ադրբեջանական խաղաղության մասին չեմ խոսում: Բայց ես խոսում են այն մասին, որ մարդը որպեսզի ներքին խաղաղություն չունենա, նրան պետք է կերակրել չարությամբ:

Կա՞ ընտանիքներում խաղաղություն: Եթե կա, ուրեմն ստատուս քվոն մի տեղ հեռվում մեռնում է: Ստատուս քվոն ամենուր է, որտեղ հաստատուն եւ անանց արժեքներ չկան:

Դիցուք` աղքատությունը: Մեկ մարդու համար սա կարող է լինել արժեք: Բայց փորձեք նրան պարտադրել աղքատությունը: Այսինքն, դա չլինի նրա ընտրությունը: Նա կչարանա: Աղքատությունը մարսել կարողանալու համար մարդուն պետք է չարության հացը:

Կոռուպցիան «փայփայելու» համար նրան անհրաժեշտ է չարության պարարտ ատամները:

Ադրբեջանցուն ատելու համար հույժ կարեւոր է չարության պարարտ միտքը:

Պարտադրված ամեն ինչ ճիրան է: Եթե դու Գանդին չես, - իսկ դու Գանդին չես, - ուրեմն փամփուշտ ես։ Փամփուշտը ստատուս քվոն է:

Չարախոսությունն ինքնին լիցքավորում է ընդդեմ ոչ միայն այդ խոսքի զոհի, այլեւ նրա, ով ականջալուր է: Որովհետեւ իր բոլոր դրսեւորումներով խոսքը «քաջ որսկանի գյուլլա է»:

Ինչ-որ պահից չարությունն արդեն կոնկրետ զոհեր չունի, քանի որ զոհը յուրաքանչյուրն է: Ստատուս քվոն այդ ինչ-որ պահի պարարտությունն է:

Ստատուս քվոն ավելի վատն է, քան՝ պատերազմը, որովհետեւ չի ամփոփում ոչ ատելությունը, ոչ կարիքը, ոչ վախճանը, ոչ անդունդը, ոչ փախուստը, ոչ տականքությունը, ոչ էլ անհուսությունը: Պատերազմը «լավ» բան է: Ամփոփում է ամեն ինչ: Անվանում է ամեն ինչ: Չարից ու բարուց անդին: