07.04.2017 14:00

Դաշնակցության ծանր հրետանին կամ թե ինչպես էշերը փրկեցին Ղարաբաղը

Դաշնակցության ծանր հրետանին կամ թե ինչպես էշերը փրկեցին Ղարաբաղը

Այսօր կրկին որոտացել է Դաշնակցության ծանր հրետանին, եթե ոչ «Իսկանդերը»` Կայծ Մինասյան ապրանքանիշով (1in.am. 7.04.2017):

Այդ տխրահռչակ անձի մասին ընթերցողի պատկերացումը թարմացնելու նպատակով վերահրատարակում ենք անցյալում «Հայկական ժամանակ» թերթում եւ iLur.am-ում (4.07.2016) տպված հետեւյալ հոդվածը.

***

Հայաստանի կիսատառաճանաչ վերլուծագանգերի թիմը համալրել է ֆրանսահայ տիտղոսակիր մի դատարկաբան՝ Կայծ Մինասյան, ում անունը չի իջնում իր մակարդակի կայքերի էջերից։ Հիշեցնելու համար ընթերցողին, թե ով է հայ ժողովրդի այդ նոր լուսավորիչը, վերահրատարակում ենք դեռեւս 2003 թվականին տպագրված սույն հոդվածը («Հայկական ժամանակ», 15.11.2003 թ)։

***

2002 թ. աշնանը Փարիզում լույս է տեսել ոմն Կայծ Մինասյանի «Հայկական պատերազմ եւ տեռորիզմ» ֆրանսերեն աշխատությունը։ Մեր հայթայթած տեղեկություններով՝ հեղինակը դաշնակցական է եւ երկար ժամանակ եղել է Հրայր Մարուխյանի օգնականը։

Գիրքը նվիրված է Դաշնակցության վերջին քառասուն տարվա գործունեությանը, մասնավորապես՝ թուրք դիվանագետների դեմ իրագործված ահաբեկչական գործողություններին եւ ղարաբաղյան պատերազմում այդ կուսակցության բերած մասնակցությանը։

Սկզբնապես մենք մտադիր էինք լուրջ գրախոսական գրել այս աշխատության մասին՝ նկատի ունենալով, որ նրանում մանրամասնորեն արծածված ու քննարկված են այնպիսի էական խնդիրներ, ինչպես այն,

- որ Դաշնակցության գոյության ողջ ընթացքում ահաբեկչությունը եղել է նրա գործելակերպի հիմնական մեթոդներից մեկը, եւ որ կուսակցությունն այսօր էլ չի բացառում դրա կիրառումը,

- որ Դաշնակցության հիմնական մարմինը ոչ թե նրա քաղաքական բյուրոն է կամ տեղական կենտրոնական կոմիտեները, այլ ռազմական խորհուրդը, որը հաշվետու եւ պատասխանատու չէ բյուրոյի առջեւ, այլ միայն իր գործուեության մասին զեկուցում է կուսակցության առաջին դեմքին,

- որ Դաշնակցությունը, հանձինս նրա ղեկավար Հրայր Մարուխյանի, տասնյակ տարիներ (սկսած 1957 թվականից) համագործակցել է խորհրդային գաղտնի ծառայությունների, մասնավորապես՝ ԳՐՈՒ-ի (ԽՍՀՄ բանակի գլխավոր հետախուզական վարչություն) հետ, եւ վերջինիս օգնությամբ պայքարել Հայաստանի իշխանությունների դեմ, հատկապես Կարեն Դեմիրճյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք,

- որ Դաշնակցությունը ԳՐՈՒ-ի ցուցումով պաշտպանել է Գորբաչովի առաջարկած միութենական նոր պայմանագիրը, ձգտել է ամեն գնով նպաստել Խորհրդային Միության պահպանմանը եւ այդ նպատակով մինչեւ վերջ պայքարել Հայաստանի անկախության դեմ,

- որ Ղարաբաղյան շարժումը ոչ թե Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդների ինքնաբուխ ազատագրական պայքարի արտահայտությունն էր, այլ Դաշնակցության եւ ԳՐՈՒ-ի միջեւ կնքված գործարքի արգասիք,

- և որ Դաշնակցությունը դեռեւս 1989 թվականին էշերով Հայաստանից զենք ու զինամթերք է տեղափոխել Ղարաբաղ՝ դրանով իսկ ապահովելով հայկական երկրամասի փրկությունը եւ այլն։

Կրկնում ենք, մենք պատրաստվում էինք հայ ընթերցողի համար համակողմանիորեն լուսաբանել Մինասյանի գիրքը, սակայն բծախնդիր ընթերցանության արդյունքում մենք այնքան փաստական սխալներ հայտնաբերեցինք նրանում, որ հրաժարվեցինք այդ մտքից։ Քանի որ անիմաստ է լրջորեն վերաբերվել մի աշխատության, որի փաստական հիմքը ամբողջությամբ կազմված է հարյուրավոր սխալներից, դեպքերի ու դեմքերի խառնաշփոթից, անհիմն վերագրումներից ու դիտավորյալ խեղաթյուրումներից։ Ստորեւ ներկայացնում ենք փաստական սխալների մի քանի տասնյակ օրինակներ, որոնք կարող են հստակ պատկերացում տալ այդ մասին։ Փակագծերում նշված են գրքի համապատասխան էջերը։

1. Կարեն Դեմիրճյանը եղել է ԿԳԲ-ի գեներալ (62) եւ Հայաստանի ԿԳԲ-ի նախագահ (178)։

Իրականում Կարեն Դեմիրճյանի կենսագրության մեջ ԿԳԲ-ին աշխատակցելու կամ ԿԳԲ-ի գեներալի կոչում ունենալու պահ գոյություն չունի։ Թե որտեղից է հեղինակը հայթայթել, կամ թե ինչ նպատակով է հնարել այս փաստը, միայն իրեն է հայտնի։

2. 1982 թվականին Հեյդար Ալիեւը ընտրվեց ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամ եւ նշանակվեց «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի առաջին նախագահ»(85):

Թե ինչ է նշանակում «Մինիստրների խորհրդի առաջին նախագահ» տիտղոսը, նույնպես միայն Մինասյանին է հայտնի։ Ալիեւն իրականում նշանակվել է «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ»։

3. 1985 թ. ողջ աշնանը հայերը ռմբակոծում էին ԽՄԿԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու պահանջով (110)։

Թեեւ գրքի մոտավորապես կեսը նվիրված է ղարաբաղյան շարժման պատմությանը, բայց տարօրինակորեն հեղինակն անտեղյակ է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման պահանջով ստորագրահավաքը սկսվել է ոչ թե 1985, այլ 1987 թվականին եւ զանգվածային բնույթ ստացել այդ տարվա աշնանը։ Որ սա պարզ տպագրական վրիպակ չէ, ապացուցվում է նրանով, որ նույն սխալը կրկնված է նաեւ 131-րդ էջում։

4. «ԽՄԿԿ 27-րդ համագումարից հետո (1986 թ. փետրվար) Դաշնակցությունը Մոսկվայից կանաչ լույս է ստանում Լեռնային Ղարաբաղում հաստատելու դաշնակա-գրուական առաջին բջիջները։ Դաշնակցական Իգոր Մուրադյանը, տնտեսագետ, մի քանի մտավորականների հետ, Երեւանում ստեղծում է Ղարաբաղ կոմիտեն։ Մի ուրիշ կոմիտե՝ Կռունկը, ստեղծվում է Ստեփանակերտում դաշնակների մասնակցությամբ, որոնցից էր Ժաննա Գալստյանը։ Դաշնակա-գրուական այլ գործիչներ, ինչպիսիք էին Գագիկ Սահակյանը, Գեորգի Պետրոսյանը, Արթուր Մկրտչյանը եւ Մաքսիմ Միրզոյանը, կազմակերպում են պահանջագրերի հավաքը, համագործակցությամբ ԿԳԲ-ի գործակալներ Սամվել Բաբայանի, Քաչալ Ագոյի եւ Լեոնիդի» (114-115)։

Որ այս պնդումը դաշնակցության խոհանոցում թխված առասպել է, կասկածից վեր է, թեեւ հայտնի չէ, թե կուսակցությանն ինչ պատիվ կարող է բերել ԳՐՈՒ-ի գործիքը լինելու խոստովանությունը։ Սակայն այս կոկիկ առասպելի մեջ անգամ սպրդել են արտառոց փաստական սխալներ, ինչպես, օրինակ, այն, որ Ղարաբաղ եւ Կռունկ կոմիտեների ստեղծումը նախորդել է ստորագրահավաքին, կամ էլ թե՝ որ կոմիտեների հիմնադրման ժամանակ Իգոր Մուրադյանը եւ Ժաննա Գալստյանը դաշնակցական են եղել։ Առնվազն Իգոր Մուրադյանի դեպքում հայտնի է, որ նա Դաշնակցությանն անդամագրվելու հրապարակային դիմում է ներկայացրել 1989 թ. հունիսի 19-ին, ՀՀՇ-ի հիմնադիր ժողովում։

5. 1988 թ. հունվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի մի երկրորդ պատվիրակություն, որի կազմում էին երեք դաշնակցական՝ Արթուր Մկրտչյանը, Արկադի Կարապետյանը եւ Իգոր Մուրադյանը, ընդունելություն է գտնում Մոսկվայում (124)։

Արդեն ասվեց, որ Իգոր Մուրադյանը 1988 թվականին դեռեւս դաշնակցական չէր։ Սակայն ավելի ծիծաղելի է Արկադի Կարապետյանին վերաբերող տվյալը. հեղինակին բոլորովին անհայտ է, որ «դաշնակցական Արկադի Կարապետյանը» եւ նախորդ կետում հիշատակվող «ԿԳԲ-ի գործակալ Քաչալ Ագոն» նույն անձնավորությունն են։

6. 1988 թ. փետրվարի 20-ին Ղարաբաղ կոմիտեն Իգոր Մուրադյանի գլխավորությամբ կազմակերպեց առաջին ցույցերը (136)։

Այդ ժամանակ Ղարաբաղ կոմիտեն դեռեւս գոյություն չուներ։ Կոմիտեի եւ նրա ենթակոմիտեների ստեղծման կոչը հնչել է փետրվարի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում։

7. 1988 թ. սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախման ընթացքում երկու կողմից էլ եղել են մի քանի զոհեր եւ տասնյակ վիրավորներ (149)։

Նախ՝ բախումը տեղի է ունեցել ոչ թե Ստեփանակերտում, այլ Խոջալուում, եւ երկրորդ՝ դրա հետեւանքով զոհվել է ընդամենը մեկ մարդ։

8. Գորբաչովը Երեւան ժամանեց 1988 թ. դեկտեմբերի 8-ին (154)։

Հայաստանի ցանկացած հասուն տարիքի քաղաքացի գիտե, որ Գորբաչովը Երեւան է ժամանել դեկտեմբերի 10-ին, քանի որ այդ օրն էր, որ նրա կարգադրությամբ ձերբակալվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամները։

9. Քանի որ 1989 թ. ձմռան ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանապարհները փակ էին, դաշնակները էշերով էին զենք ու զինամթերք տեղափոխում Հայաստանից Ղարաբաղ (155)։

Եթե փորձենք լրջորեն վեաբերվել այս տեղեկությանը, ապա պետք է ասել հետեւյալը. աշխարհագրությանը քիչ թե շատ տեղյակ մարդու համար պարզ է, որ 1989 թ. ձմռանը անհնար էր էշերով կտրել-անցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընկած խիտ բնակեցված ադրբեջանական շրջանները։

10. Ղարաբաղ կոմիտեի ձերբակալված անդամները Երեւանից տեղափոխվում են Մոսկվա, մինչդեռ Իգոր Մուրադյանը եւ Արկադի Մանուչարովը բանտարկված են մնում Կիրովաբադում (156)։

Իրականում վերջին երկուսը նույնպես կոմիտեի անդամների հետ միաժամանակ տեղափոխվել էին Մոսկվա։

11. Ղարաբաղ կոմիտեի մի քանի անդամներ, թեեւ կալանքի տակ, 1989 թ. գարնանը ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր ընտրվեցին (157)։

Ղարաբաղ կոմիտեի անդամներից ոչ ոք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր չընտրվեց։ Նրանցից ոմանք միայն առաջադրվեցին, բայց չգրանցվելով համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից՝ չկարողացան մասնակցել ընտրություններին։

12. Գորբաչովը ազատ արձակեց Ղարաբաղ կոմիտեի անդամներին Հայաստանի անկախության տոնից՝ մայիսի 28-ից մի քանի օր առաջ (157)։

Ղարաբաղ կոմիտեի անդամները ազատ արձակվեցին մայիսի 31-ին։

13. 1989 - 1991 թթ. հայերը եւ ադրբեջանցիներն սկսեցին միմյանցից գյուղեր գրավել։ Գյուղերը, կարելի է ասել, ձեռքից ձեռք էին անցնում, մի օր կողմերից մեկն էր գրավում դրանք, հաջորդ օրը՝ մյուսը (159)։

1989 - 1990 թվականներին նման բան տեղի չի ունեցել։ Դա սկսվել է միայն 1991 թվականի ապրիլին, տխրահռչակ «Կոլցո» գործողության ժամանակ։

14. 1989 թվականին հայերը քրդական մարտական խմբեր ստեղծեցին Քելբաջարի շրջանում (160)։

Սա նույնպես անհիմն առասպել է՝ շրջանառության մեջ դրված զուտ քարոզչական նպատակներով։

15. 1989 թ. ամռանը Մոսկվան իր հանրապետական մասնաճյուղերից պահանջեց լեգալացնել ժողովրդական շարժումները (162)։

Ժողովրդական շարժումները խորհրդային հանրապետություններում լեգալացվեցին Մոսկվայի հետ դաժանագույն առճակատման արդյունքում, երբ հանրապետական իշխանություններն այլեւս ի վիճակի չէին զսպել դրանք։

16. Սուրեն Հարությունյանը, առանց բացատրություն տալու, հրաժարվեց ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարի պաշտոնից (163)։

Հանրապետական կենտրոնական կոմիտեների ոչ մի քարտուղար ոչ միայն որեւէ բացատրություն չի տվել, այլեւ չի հրաժարվել իր պաշտոնից։ Նրան նշանակել եւ ազատել է (իսկ երբեմն՝ նաեւ դատել կամ սպանել է) Մոսկվան։

17. Համագործակցելով վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ՝ Դաշնակցությունը հաջողեցրեց 1991 թ. մայիսին ձերբակալել տալ (կուսակցության անունից հանդես եկող) Էդամ Արիստակեսյանին (175)։

Կարծում ենք՝ սա էլ սուտ է, բայց դրա իսկությունը կարող է հաստատել կամ հերքել Վազգեն Մանուկյանը։

18. «Կոլցո» գործողության ժամանակ սովետական զորքերը մի քանի ժամվա ընթացքում իրենց հսկողության տակ վերցրին 24 հայկական գյուղեր (176)։

Ոչ թե մի քանի ժամվա, այլ մի քանի շաբաթվա ընթացքում։

19. 1991 թ. հունիսին ԽՍՀՄ ԳԽ նախագահ Լուկյանովը Մոսկվայում ընդունում է Հրայր Մարուխյանին ու Հրաչ Տասնապետյանին եւ նրանց տեղեկացնում Գորբաչովի դեմ Կրյուչկովի գլխավորությամբ նախապատրաստվող հեղաշրջման փորձի մասին (176)։

Բացահայտ անհեթեթություն. Լուկյանովը չէր կարող նման բան ասել, քանի որ, ինչպես շուտով պարզվեց, նա ինքն էլ դավադրության ակտիվ մասնակիցներից էր։ Բացի այդ, եթե դաշնակցականներին իրոք հայտնի էր այդ գաղտնիքը, ապա ինչու՞ չեն զգուշացրել Գորբաչովին, որին համարում էին իրենց դաշնակիցը եւ այդքան ջանադրաբար պաշտպանում նրա առաջարկած նոր միութենական պայմանագիրը։

20. Ժելեզնովոդսկի հայտարարությունը ստորագրելիս Հայաստանը չէր իսկ խորհրդակցել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարության հետ (179)։

Ի հիասթափություն հեղինակի՝ պետք է նշենք, որ այդ փաստաթղթի տակ կան նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ղեկավարների ստորագրությունները։

21. 1991 թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխնախագահի պաշտոնի համար առաջարկեց «ՀԿԿ ԿԿ-ի նախկին առաջին քարտուղար Գագիկ Հարությունյանի» թեկնածությունը (180)։

Գագիկ Հարությունյանը երբեք ՀԿԿ ԿԿ-ի առաջին (ոչ էլ երկրորդ կամ երրորդ) քարտուղար չի եղել։ Նա ընդամենն զբաղեցրել է կենտկոմի բաժիններից մեկի վարիչի համեստ պաշտոնը։

22. 1991 թ. ընտրություններից հետո դաշնակցությունը ողջունեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը եւ իր ծառայություններն առաջարկեց նախագահին (183)։

Ոչ միայն նման բան  տեղի չի ունեցել, այլեւ ընդհակառակը, ընտրություններից հետո Դաշնակցության ողջ քարոզչամեքենան լծված էր Տեր-Պետրոսյանի հաղթանակը սեւացնելու գործին։

23. Ռուսները Հայաստանում ունեն երկու ռազմական բազա՝ մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Ղափանում (191)։

Ռուսները երբեւէ Ղափանում ռազմական բազա չեն ունեցել եւ հիմա էլ չունեն։

24.Հայաստանի դեսպանությունն Իրանում բացվեց 1991 թվականին, դաշնակցությանը պատկանող մի շենքում (192)։

Դեսպանատան շենքը տրամադրել է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդարանը։

25. 1991 թվականին Տեր-Պետրոսյանը ստեղծեց Ազգային անվտանգության խորհուրդ, որի կազմում ընդգրկվեց մի դաշնակցական՝ Գագիկ Սահակյանը (192)։

Ազգային անվտանգության խորհրդի կազմում երբեք Գագիկ Սահակյան անունով անձ գոյություն չի ունեցել։ Ազգային անվտանգության խորհրդում ի պաշտոնե ընդգրկվել են՝ ՀՀ նախագահը եւ փոխնախագահը, Խորհրդարանի նախագահը, ՀՀ վարչապետը, Պաշտպանության, Ազգային անվտանգության, Ներքին եւ Արտաքին գործերի նախարարներն ու ազգային անվտանգության գծով ՀՀ Նախագահի խորհրդականը։

26. 1992 թվականի գարնանը Հունաստանը զենք մատակարարեց Լեռնային Ղարաբաղին (194)։

Վտանգավոր սուտ, որը կարող է միայն վնաս պատճառել Ղարաբաղին եւ հայ-հունական հարաբերություններին։

27. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը նախկինում եղել է միլիցիոներ (195)։

Վազգեն Սարգսյանը նախկինում եղել է կոմերիտական գործիչ, գրող, խմբագիր, ֆուտբոլիստ, բայց ոչ միլիցիոներ։

28. 1992 թ. գարնանը Դաշնակցությունը մի քանի միլիոն դոլար հավաքեց Ղարաբաղի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար (195)։

Քանի որ այդ միլիոնները Ղարաբաղ չեն հասել, ուստի կամ այս տեղեկությունը սուտ է, կամ էլ հավաքված գումարները յուրացվել են կուսակցության կողմից։

29. 1992 թ. մարտի 5-ին Տեր-Պետրոսյանը Երեւանում ընդունեց Հրայր Մարուխյանին եւ առաջարկեց, որ Դաշնակցությունը մաս կազմի Բագրատյանի կառավարությանը (196)։

1992 թ. մարտի 5-ին Տեր-Պետրոսյանի եւ Մարուխյանի միջեւ հանդիպում տեղի չի ունեցել։ Կառավարությանը մաս կազմելու առաջարկ Տեր-Պետրոսյանը կատարել է Դաշնակցության Հայաստանի կառույցի ներկայացուցիչներին, որոնց թվում էին Ռուբեն Հովսեփյանը, Ռուբեն Հակոբյանը եւ այլք։

30. Մի անանցանելի ժայռի վրա բազմած Շուշի քաղաքը գտնվում է Ստեփանակերտի ստորոտում (199)։

Սա արդեն ապշեցուցիչ աշխարհագրական հայտնագործություն է, քանի որ անհասկանալի է, թե ինչպես ծովի մակերեւույթից 1300 մետր բարձրության վրա գտնվող Շուշին կարող է հայտնվել Ստեփանակերտի ստորոտում, որը տեղադրված է ծովի մակերեւույթից 1000 մետր բարձրության վրա։

31. 1992 թ. ամռանը Երեւանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սերժ Սարգսյանին նշանակեց ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ (202)։

Ո՛չ 1992 թվականին, ոչ էլ երբեւէ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ չի եղել։

32. 1992 թ. հունիսին Վազգեն Սարգսյանը մերժեց Հրանտ Մարգարյանի խնդրանքը՝ 200 հրթիռ ուղարկելու Շահումյանի շրջան (203)։ Մերժեց նաեւ տրամադրել Շահեն Մեղրյանին խոստացված 30 տանկը (202)։

Սա արդեն դաշնակցության մոգոնած հեքիաթն է՝ Շահումյանի անկման մեղքը իրենից վանելու եւ Վազգեն Սարգսյանի վրա բարդելու համար։ Հեքիաթ է այն պարզ պատճառով, որ 1992 թ. հունիսին Հայաստանը ոչ 200 հրթիռ ուներ, ոչ էլ 30 տանկ։

33. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հրայր Մարուխյանը առաջին անգամ իրար հանդիպել են 1988 թվականին Երեւանում (205)։

1988 թվականին Մարուխյանը Երեւանում չի հանդիպել ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ էլ Ղարաբաղ կոմիտեի որեւէ այլ անդամի հետ։ Ինչպես ժամանակին վկայել են ԿԳԲ¬ի գեներալներ Յուզբաշյանը եւ Բադամյանցը, Մարուխյանը այդ տարվա ամռանը հանդիպել է միայն ԿԳԲ-ի գործակալների հետ։ 

34. 1993 թ. հոկտեմբերին Հայաստանի խնդրանքով Ֆրանսիայի արտգործնախարարությունը արգելեց Խ. Տեր-Գրիգորյանի, Հ. Մարգարյանի եւ վեց այլ դաշնակցականների մուտքը Ֆրանսիա (207)։ Կանադան, իր հերթին, Երեւանի դրդմամբ մերժեց վիզա տրամադրել Հ. Մարուխյանին՝ նրան մեղադրելով «թմրադեղերի մաքսանենգության մեջ» (207)։ 

Իրեն հարգող ցանկացած հեղինակ բարի պետք է լիներ որեւէ ապացույց բերել այսպիսի լուրջ պնդումները հաստատելու համար, նշեր որեւէ հայ, ֆրանսիացի կամ կանադացի պաշտոնյայի անուն, որը կհավաստեր դրանց ճշմարտացիությունը: Սակայն ստի, հեքիաթի, առասպելի համար ի՜նչ ապացույց, ի՜նչ վկայություն... ասա ու առաջ անցիր, միշտ էլ ապուշներ կգտնվեն, որ կհավատան:

35. 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հանրապետություն» միավորումը դեմ էր պետության եւ եկեղեցու անջատման սկզբունքին (212):

Հերթական անհեթեթություն, քանի որ այդ սկզբունքը հիմնական տեղ է զբաղեցնում «Հանրապետություն» միավորման կորիզը կազմող ՀՀՇ-ի բոլոր ծրագրային փաստաթղթերում, ՀՀՇ-ի նախաձեռնությամբ ընդունված «Խղճի ազատության մասին» օրենքում, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրության մեջ, որի հիմքը նույնպես ՀՀՇ-ի առաջադրած տարբերակն է:

36. Քելբաջարի եւ Լաչինի շրջանների ընդհանուր տարածքը կազմում է 5000 քառ. կմ (218):

Հեղինակը եւս մեկ անգամ ի ցույց է դնում իր անգիտությունը աշխարհագրական հարցերում: Իրականում այդ երկու շրջանների ընդհանուր տարածքը հավասար է 3871 քառ. կմ, որից Քելբաջարինը՝ 1936, իսկ Լաչինինը՝ 1835:

37. 1993 թվականին ՀՀ արտգործնախարար Վահան Փափազյանը, Տեր-Պետրոսյանի հանձնարարությամբ, Աթենքում հանդիպեց Հրայր Մարուխյանի հետ եւ նրան առաջարկեց հետեւյալ գործարքը. Մարուխյանը ղարաբաղցիներին համոզում է ընդունել ԵԱՀԿ Մինսկի Խմբի առաջարկը, իսկ դրա դիմաց Տեր-Պետրոսյանը չեղյալ է հայտարարում Մարուխյանին Հայաստանից արտաքսելու հրամանագիրը (218):

Նման հանդիպում իսկապես տեղի է ունեցել, սակայն գործարքը հեղինակի կամ նրա ինֆորմատորների երեւակայության արդյունք է:

38. Երբ 1993 թ. սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին հայերը գրավեցին Ֆիզուլու, Ջեբրայիլի, Կուբաթլիի եւ Զանգելանի շրջանները, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ բռնեցին գաղթի ճամփան, դեպի հյուսիսային Իրան եւ Բաքու (219):

Եթե նկատի ունենանք, որ գրավումից առաջ այդ չորս շրջանների ընդհանուր բնակչությունը  կազմել է շուրջ 200.000 մարդ ապա մի քիչ դժվար է պատկերացնել, որ այնտեղից մեկ միլիոն գաղթական կարող էր դուրս գալ: Չարաչար սխալմամբ շրջանառության մեջ դնելով այս ահռելի թիվը, հայրենասեր հայ հեղինակը ակամա անգնահատելի ծառայություն է մատուցել ադրբեջանական քարոզչությանը:

39. Գրավելով Ադրբեջանի հարավ -  արեւմտյան շրջանները, հայերը 30 կիլոմետրով երկարացրին իրենց սահմանը Իրանի հետ, մինչեւ Հորադիզի հանգույցը (221):

Եւս մեկ անգամ աշխարհագրական գրագիտությունը դավաճանում է հեղինակին: Միայն քարտեզին նայելով՝ կարելի էր պարզել, որ հայ - իրանական սահմանը երկարել է ոչ թե 30, այլ ավելի քան 200 կիլոմետրով:

40. 1993 թ. ամռանը Հրայր Մարուխյանը Գագիկ Սահակյանին կարգադրեց դուրս գալ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի կազմից (221):

Ինչպես նշվեց սույն գրախոսության 25-րդ կետում, Գագիկ Սահակյանը երբեք Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի անդամ չի եղել: Ուստի Մարուխյանը նման կարգադրություն անելու հաճույքը չէր կարող վայելել:

41. Ե՛վ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ՛ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն ծագումով Քեսապցի են (230):

Կարծում ենք՝ հեղինակը միակ հայն է, որը չգիտե, որ Տեր-Պետրոսյանը ոչ թե քեսապցի, այլ մուսալեռցի է:

42. 1994 թ. սեպտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը Փարիզում անձամբ կատարեց ՀՅԴ Վերականգնումի շարժման հիմնադիր համագումարի բացումը (232):

Տեր-Պետրոսյանը ո՛չ անձամբ, ո՛չ էլ հրեշտակների միջոցով ՀՅԴ Վերականգնումի շարժման հիմնադիր համագումարի հետ կապ չի ունեցել: Այս դեպքում էլ հեղինակը միակ հայն է, որը Տեր-Պետրոսյանին տեսել է այդ համագումարում:

43. Հայաստանի գաղտնի ծառայությունները կոնտակտներ էին հաստատել ՀՅԴ բյուրոյի երկու աջակողմյան անդամների հետ՝ Հրայր Մարուխյանին մեկուսացնելու նպատակով (233):

Ի՞նչն է խանգարում հեղինակին հրապարակելու Հայաստանի գաղտնի ծառայությունների պաշտոնյաների եւ ՀՅԴ բյուրոյի այդ երկու անդամերի անունները:

44. Աշոտ Մանուչարյանը Հայաստանի ԿԳԲ-ի վերջին նախագահն էր, որին փոխարինելու եկավ Դավիթ Շահնազարյանը (233):

Աշոտ Մանուչարյանը անկախ Հայաստանում զբաղեցրել է չորս պաշտոն՝ ա. Բլեյանի դպրոցի ուսմասվար, բ. Ներքին գործերի նախարար, գ. ՀՀ Նախագահի խորհրդական եւ դ. գորշ կարդինալ: ԿԳԲ-ն ղեկավարելու պատիվը ստորաբար նրան չի տրվել:

45. 1995 թ. ընտրություններում «Հանրապետություն միավորումը» ստացավ Խորհրդարանի 190 տեղերից 139-ը (239):

1995 թ. ընտրությունների արդյունքում «Հանրապետություն միավորումը» Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված էր 115 պատգամավորով:

46. 1995 թ. ապրիլին Մոսկվան, Հայ դատի գրասենյակի ազդեցությամբ, ճանաչեց հայերի ցեղասպանությունը (239):

Ի գիտություն հեղինակի՝ նշենք, որ այդ նվաճումը վիճարկում են նաեւ Հայաստանի կոմունիստներն ու հմայակները: Սակայն տարօրինակն այն է, որ համապատասխան որոշման նախագիծը կազմվել է Ռուսաստանի խորհրդարանի ԱՊՀ երկրների հանձնաժողովի նախագահ Զատուլինի կողմից... Բաբկեն Արարքցյանի աշխատասենյակում:

47. Հեղինակը երկու անգամ հիշատակում է Հայաստանի վարչապետ Արմեն Սարգսյանի անունը, սակայն երկու անգամ էլ սխալ «Արմեն Տեր-Սարգսյան» ձեւով (249, 250):

48. 1996 թվականին Մոսկվան հայտարարեց, որ Հայաստանը ռուսական զորքերից անօրինական ճանապարհով բազմաքանակ զենք ու զինամթերք է ձեռք բերել (250):

Սովորաբար՝ երբ նշում են մայրաքաղաքը, նկատի են ունենում որեւէ երկրի պաշտոնական իշխանություններին: Ըստ այդմ՝ Ռուսաստանի պաշտոնական իշխանությունները որեւիցե այդպիսի հայտարարություն չեն արել: Ընդհակառակը, նման տեղեկություններ տարածել են պաշտոնական Մոսկվայի ընդդիմադիր ուժերը, մասնավորապես՝ գեներալ Ռոխլինը:

49. 1997 թվականին Ռուսաստանը պահանջեց պաշտոնանկ անել Ժիրայր Լիպարիտյանին, եւ վերջինս սեպտեմբեր ամսին ազատվեց ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից (254):

Ուրախ կլինեինք, եթե հեղինակը ցույց տար Ռուսաստանի պահանջագիրը, կամ նշեր Ռուսաստանի կամ Հայաստանի որեւէ պաշտոնյայի անուն, ով կհաստատեր այս տեղեկությունը: Ինչքան ժամանակ է պետք՝ հասկանալու համար, որ Հայաստանը ՀՅԴ չէ, որ սրա-նրա պահանջով որոշումներ կայացնի:

50. 1997 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՅԴ բյուրոն համատեղ հայտարարություն ստորագրեցին, որը վերաբերում էր կուսակցության գործունեության վերականգնմանը (255):

Մնում է միայն, որ հեղինակը ցույց տա այդ հայտարարությունը, մանավանդ որ դա եղել է համատեղ, եւ Տեր-Պետրոսյանը չէր կարող միայնակ թաքցնել այն: Այդ երբվանի՞ց ՀՅԴ-ն պետություն դարձավ, որպեսզի Հայաստանի նախագահը համատեղ հայտարարություն ստորագրեր նրա հետ:

51.1997 թ. սեպտեմբերին Հայաստանը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող խաղաղության մեծ պայմանագիրը (255):

Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ղարաբաղը այդ խնդրի վերաբերյալ դեռեւս որեւէ պայմանագիր չեն ստորագրել: Հեղինակը թերեւս նկատի ունի այն, որ 1997 թվականին Հայաստանը համաձայնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարգավորման ծրագիրը դառնա բանակցությունների հիմք:

52. 1994 թվականին ՀՅԴ-ն տեռորիստական երկու գործողություն իրականացրեց գեներալ Սաֆոնովի եւ Ա. Պոլյանիչկոյի դեմ (262):

Նախ՝ գեներալ Սաֆոնովի դեմ ընդհանրապես գործողություն չի իրականացվել, նրա փոխարեն սխալմամբ սպանվել է մի ուրիշ ռուս գնդապետ: Երկրորդ՝ ՀՅԴ-ին վերագրելով Պոլյանիչկոյի սպանության պատասխանատվությունը՝ հեղինակը, եթե կրկին չի ստում, ապա հանդես է գալիս սեփական կուսակցության դեմ գործ տվողի դերում, քանի որ այդ գործը դեռեւս փակված չէ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից:

Կարծում ենք, որ կարող ենք այսքանով սահմանափակվել, թեեւ ցանկության դեպքում դժվար չէ Մինասյանի սխալների ցանկը անվերջ շարունակել: Առանց չափազանցության կարելի է ասել, որ նրա գրքում չկա մի էջ, որտեղ որեւէ փաստական սխալ, տրամաբանական հակասություն, աշխարհագրական կամ թվագրական անճշտություն չլինի: Տպավորություն է ստեղծվում, թե մարդը, Փարիզում նստած, խելքին ինչ բրդել, դուրս է տվել: Ի՞նչն է սրա պատճառը. հեղինակի տգիտությու՞նը, դիտավորությու՞նը, ինֆորմատորների անբարեխղճությու՞նը: Հավանաբար՝ այս ամենը միասին վերցրած: Իսկ թե ինչ նպատակ է հեղինակը հետապնդել՝ սեփական էրուդիցիայի ցուցադրու՞մ, Դաշնակցության պատմության գունազարդու՞մ, թե՞ մի այլ՝ մեզ համար անհասկանալի խնդիր, դժվար է գուշակել: Համենայն դեպս, նրա ստեղծած աղբակույտից ոչ ինքը, ոչ Մարուխյանը, ոչ Դաշնակցությունը, ոչ էլ ընդհանրապես հայությունը հաստատաբար ոչինչ չեն շահել, եթե, իհարկե, չեն կորցրել: Հակաահաբեկչական ներկա մթնոլորտում միայն «Հայկական տեռորիզմ» վերնագրով գիրք հրատարակելն արդեն ինչ ասես արժե: Հայերի կողմից Թուրքիային եւ Ադրբեջանին մատուցված ավելի լավ նվեր դժվար էր պատկերացնել:

Գագիկ Խաչատրյան