08.04.2017 15:10

Տիգրան Պասկեւիչյան. Սովետամարդու հաղթանակը

Տիգրան Պասկեւիչյան. Սովետամարդու հաղթանակը

Անցած կիրակին դժվար չէր կանխատեսել։ Հարյուր հազարավոր մարդիկ ընտրեցին փողը՝ չմտածելով անգամ, որ «ընտրյալը» կսպառվի երկուշաբթի օրը նպարավաճառի մոտակա խանութում։

Անցած կիրակի էլ քվեարկության գնացողը սովետամարդն էր, որի համար (պատմությամբ է հաստատված) մարդը արժեք չէ, եթե անգամ այդ մարդն ինքն է։

«Лес рубят, щепки летят» (Անտառը հատելիս տաշեղներ են թռչում) ռուսական իմաստուն ասացվածքը, որ հաճախ օգտագործվում է սովետական բռնապետությունն արդարացնելիս, լիովին հաստատում է մարդու անարժեքությունը։

Բայց ամենեւին կարիք չկա դիմելու ռուսական բանահյուսությանը, երբ բոլորովին վերջերս մեր աչքի առջեւ կատարվածն անկասկած ժխտեց, բացասեց ու մերժեց մարդու արժեքը, եթե չասեմ՝ ուրացավ առհասարակ։

Հաց բերող Արթուր Սարգսյանի մահը, որը հետեւողականորեն իրագործվել էր իշխանության կողմից, ընտրող քաղաքացու առկայության դեպքում չէր կարող այնպիսի արդյունք տալ, ինչպիսին եղավ անցած կիրակի։

Այս անգամվա 10000-ը նախորդ անգամների 5000-ից տարբերվում է ոչ թե չափով, այլ՝ էականորեն։ Անցյալում էլ 5000 վերցնողը սովետամարդն էր, բայց նրա վարքը բացատրվում էր պարզ սովորությամբ. «Հալալ չէ՞ր սովետի վախտը, ամեն ինչը ձրի էր, ինչ ուզեիր՝ կտանեիր»։ Խոսքը չքրեականացված գողության մասին է։

Այս անգամվա 10000 վերցնողը նախորդ անգամների 5000 վերցնողից տարբերվում է տաշեղի ինքնազգացողությամբ։ Դրա համար էլ ուղիղ մեկ տարի առաջ ստատուս քվոյի փլատակների տակ մնացած հարյուրից ավել ջահելներն՝ իրենց ընդհատված կյանքերով չկասեցրին ճահճի կատարելագործման ընթացքը։ 

Խաղաղության կոչը չըմբռնողները, որ ընտրության ֆալշը քողարկելու համար ներկայացվում են որպես անզիջում հայրենասերներ, թեթեւ պարգեւատրումով հավաստիացրին, որ հաջորդաբար մարսելու են 800 հեկտարի ցանկացած կորուստ, եւ, ինչպես սովետի բնակիչները ժողովներում եւ շքերթներում՝ միաձայն հավանության են արժանացնելու ամեն նվաստացում։

Ուրեմն ինչ, սովետամարդը հայրենասեր չէ՞։ Հայրենասեր է։ Ոչ միայն հայրենասեր է, այլեւ ազգայնական՝ թունդ, մոլի տեսակի։

Սովետական կրթական համակարգն ամեն ինչ անում էր ազգայնականության նկատմամբ հետաքրքրությունն ու համակրանքն արմատախիլ անելու համար, բայց արի ու տես, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Միության բոլոր հանրապետություններում գործող իդեոլոգիան անհապաղ վերափոխվեց ազգայնականի։

Հայաստանն ասե՞նք, Ադրբեջանն ասե՞նք, Մոլդովան, Ուկրաինան, Ռուսաստանը. գրեթե ամենուր ազգայնականությունը դարձել է հետսովետական մարդու առօրյան։

Ինչո՞ւ։ Որովհետեւ, կոմունիստական թե ազգայնական՝ մարդն անարժեք է, մարդը որոշիչ չէ, մարդը գործիք է, ոչ՝ գործիչ։ Երկուսում էլ առաջնորդողը ոչ թե արժանապատվությունն է, ինքնադրսեւորման կիրքը, մասնակից ու դերակատար լինելու բնական մղումը, այլ՝ պատկերացումների աղավաղումը, որ մատուցվում է իբրեւ կրոն։

Եթե մարդիկ հասկացած լինեին, որ ԽՍՀՄ փլուզումը աշխարհագրական տարածքի մասնատում չէր սոսկ, այլ՝ մեծ, շատ մեծ (երբեմն, այո, նաեւ հմայիչ) գաղափարի անկում, այլեւս երբեք չէին կարծրացնի իրենց միտքը որեւէ սեւեռումով։

Ստացվում է, որ հարյուր հազարավորներն անցած կիրակի գաղափարակա՞ն ընտրություն են արել։ Ոչ։ Արել են սովետամարդու ընտրություն։ Սովետամարդու, որի տեսլականն անձնական անպատասխանատվությունն է։

Սովետի ժամանակներից քանիսի՞ն եք հիշում, որ անկեղծորեն վառվելիս լինեին կոմունիզմի լիակատար հաղթանակի գաղափարով եւ անձամբ օր ու գիշեր տքնեին դրան հասնելու համար։ Մի փորձեք՝ չեք հիշի։ Մինչդեռ ձրի առողջարան գնացողների հուշերը կարելի է հատորներով հրատարակել։