10.04.2017 21:42

Հայրենասե՞ր, թե պլանտատոր. Երկրապահի մը «հողասիրության» ակունքները

Հայրենասե՞ր, թե պլանտատոր. Երկրապահի մը «հողասիրության» ակունքները
Լուսանկարը՝ Tert.am

Լրագրող ընկերս հայկական մեդիա-դաշտում «ռեյտինգային» նյութ գրելու ունիվերսալ  բաղադրատոմս է առաջարկում. վերցնում ես ցանկացած թեմա, խոսում ես պատահական մարդու հետ, ի միջի այլոց հարց ես տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, ստանում ես պատասխանը, վերնագրում անպայման նշում ես Տեր-Պետրոսյանի անունը, եւ ռեյտինգային նյութը պատրաստ է: Ի՛սկը էս նյութի մասին է ասված: Լրագրողը երկար-բարակ խոսել է ազատամարտիկ ներկայացող մարդկանց հետ՝ Ապրիլյան պատերազմի, Արցախի ու հողերի մասին: Ու դժվար թե նյութը «նյուզմեյքերների» ընտանիքի անդամներից բացի ինչ-որ մեկի հետաքրքրությունը շարժեր, եթե լրագրող աղջիկը չհարցներ նախագահ Տեր-Պետրոսյանի մասին՝ նրան վերաբերող մասը դարձնելով նյութի վերնագիր:

Օկ, շնորհավորենք խմբագրությանը՝ լսարան գրավելու այս հնարամիտ միջոցը կիրառելու կապակցությամբ: Ուշագրավը, սակայն, ոչ այնքան ԵԿՄ Նոր Նորքի կառույցի ղեկավար Պետրոս Ամիրյանի ասածն է, որքան՝ նրա անձը, ավելի ճիշտ՝  այդ անձի հետ կապված որոշ մանրամասնություններ: «Ոչ մի քայլ հետ չպետք է արվի, միայն առաջ, ոչ մի թիզ հող չպետք է զիջել», - ասում է ազատամարտիկը: Ամիրյանին շատ թե քիչ ճանաչողները գիտեն, որ նախկին Զանգելանի, այժմ՝ Արցախի Կովսականի շրջանում նա ընդարձակ հողատարածքներ ունի, որոնք ինքնըստինքյան մշակվում են ու համապատասխան շահույթ են ապահովում Ամիրյան ընտանիքին: Ամիրյանների ցանքատարածությունները մշակող մարդկանց համար այնտեղ նույնիսկ փոքրիկ բնակավայր է հիմնվել, որը համապատասխանաբար կրում է Ամիրյան անունը: Ու սրանով Պետրոս Ամիրյանի «ոչ մի թիզ հող»-ը խիստ որոշակի իմաստ է ստանում:

Ի դեպ, ազատագրված հողերում եկամտաբեր հողեր ունի նաեւ «ոչ մի թիզ հող»-ի մեկ այլ ջատագով՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Վահան Բադասյանը: Նա պարբերաբար մամուլում հանդես է գալիս Արցախյան հարցում փոխզիջումների կտրուկ մերժման տեսանկյունից: Մինչդեռ, հայտնի է, որ Բադասյանը ազատագրված տարածքներում իր աճեցրած ցորենից ստացած հացը տարիներ ի վեր վաճառում էր Արցախի բանակին, եւ «խռովեց» Ստեփանակերտի իշխանություններից այն բանի համար, որ նրանք հացը սկսեցին գնել ոչ թե իրենից, այլ ուրիշ՝ Մովսես Հակոբյանի հետ կապ ունեցող մի ընկերությունից:

Առանց կասկածելու Ամիրյանի, Բադասյանի հայրենասիրության վրա, ստիպված ենք ցավով փաստել, որ փոխզիջումը մերժելու նրանց «հավատամքի» հիմքը ոչ թե Հայաստանի ու Արցախի պետական շահն է, ոչ թե հայ ժողովրդի բարօրությունը, «կենսական տարածքների ընդլայնումը», «պատմական արդարության վերականգնումը» կամ Արցախի տարածքների անձեռնմխելիությունը, այլ սեփակա՛ն հողատարածքների, սեփակա՛ն բիզնեսների անձեռնմխելիությունը: Նրանք վախենում են  ոչ թե այն բանից, որ հիմնախնդրի կարգավորման արդյունքում Հայաստանն ու Արցախը պակաս անվտանգ կդառնան, այլ որ այդ դեպքում նրանք կզրկվեն իրենց եկամուտի աղբյուրից: Կարճ ասած՝ «ոչ մի թիզի» այդ առաջամարտիկները Արցախյան խնդրի կարգավորման տարբերակները քննարկում են ոչ այնքան ազատամարտիկի, որքան պլանտատորի դիրքերից:

Վինֆրիդ Արզումանյան