11.04.2017 11:22

Լիզա Ճաղարյան. Հերոսական պոռոտախոսների ժամանակը

Լիզա Ճաղարյան. Հերոսական պոռոտախոսների ժամանակը

Հայոց հարուստ բառագանձարանում բառեր ու արտահայտություններ կան, որոնք մի հրաշքով եթե միսուարյուն ստանային՝ իրենց շահագործողներին պատերազմ կհայտարարեին։ Շահագործվողների այդ «բառադասակարգն» անվանենք հերոսական։ Կամ՝ պոռոտախոսական։ Կամ էլ՝ երկուսը միասին։

Եթե մի ժրաջան մարդ գտնվեր եւ չզլանար հաշվել, թե այս բառագանձը շահագործողներն օրական քանի անգամ են «ջարդում-փշրում», «կախում-գնդակահարում», «գրավում-ազատագրում», «զոհվում-նահատակվում», «զարգանում-բարգավաճում», միանգամից պարզ կդառնար, թե սինլքորությունը, դատարկաբանությունը, կատարյալ անպատասխանատվությունը սեփական լեզվաշարժության նկատմամբ՝ ինչ ավերիչ մակարդակի է հասել Հայաստանում եւ նրա հեռավոր «մատույցներում»։

Իսկ Հայաստանում տաժանելի եւ նվաստացուցիչ կյանքը շարունակում է ընթանալ իր «բնականոն» հունով, եւ թվում է՝ պարոնայք ու տիկնայք պոռոտախոսների հերոսական ձայնը պետք է արդեն խզված լիներ։ Առնվազն՝ ամոթից։ Առնվազն իրենց ձայնի զորեղության ֆոնին՝ խոսքը գործ դարձնելու անճարակության զգացումից։

Չէ, չի խզվում ու չի խզվելու։ Որովհետեւ հերոսական բառաբռնաբարմամբ զբաղվողների մտքով չի էլ անցնում, որ հենց իրե՛նք պետք է լինեն այդ «ջարդող-փշրողները» կամ «կախող-գնդակահարողները», կամ՝ «գրավող-ազատագրողները», կամ՝ «զոհվող-նահատակվողները», կամ՝ «զարգացնող-բարգավաճեցնողները»։ Կամ՝ խոսքից գործի անցնելու դեպքում ինչ են անելու եւ ինչպես են անելու։

Եվ եթե նույնիսկ հերոսների այս զորաբանակից փոքրիկ ջոկատներ են միամտորեն կամ խելահեղորեն պոկվում եւ մայրաքաղաքի գաղջ «հովվերգությունը» խախտում ինչ-ինչ ապօրինությունների կամ կալանավորվածների ազատության պահանջով այս կամ այն կերպ ըմբոստանալով, միեւնույն է՝ մեկ օր կամ մեկ շաբաթ անց հերոսականության կրակը հանգչում է։ Կամ՝ առանց մեծ ճիգերի հանգցնում են իշխանության վարժեցրած «կրակմարիչները»։

Ինչու են ամենաբարձր բղավողները մեկ էլ հանկարծ սսկվում եւ հարմար տեղավորվում որեւէ տաքուկ թեւի կամ ոտքի տակ, ինչու են դատարկախոսները բազմանում, իսկ խոսքը գործ դարձնողները նվազում ու նվազում՝ ավելանալու փոխարեն, իմ քննարկելիք խնդիրը չէ, մանավանդ որ՝ քննարկելու բան էլ չկա։

Ընդամենն ուզում եմ հիշեցնել Հայաստանի քաղաքացիների պայքարի մի երկարատեւ էջ, որի մասին չարախոսեցին, զազրախոսեցին, ամեն ինչ արեցին, որ մոռացության մատնվի, խեղաթյուրեցին, բզկտեցին, եւ ցավոք՝ այս ամենի հեղինակները միայն իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հացկատակները չէին, նաեւ ահա այս վերոգրյալ դատարկախոս հերոսներն էին եւ ե՛ն։

2008 թվականի փետրվարի 19-ին մեր Հանրապետությունում ՀՀ նախագահի ընտրություններ էին։ Ամենքիս հայտնի մեթոդներով «հաղթեց» Հանրապետական կուսակցության ներկայիս ղեկավարը։ Ընտրության արդյունքների արդարացիությանը չհավատացողները հաջորդ օրն արդեն Ազատության հրապարակում էին։

Փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը՝ օրուգիշեր տասնյակ հազարավոր ցուցարարներ Հրապարակում էին։ Մինչ մարտի 1-ն արդեն քաղբանտարկյալներ ունեինք։ Մարտի 1-ին նաեւ զոհեր ունեցանք։ Սպանելու հրաման տվող Քոչարյան Ռոբերտը հենց նույն օրը արտակարգ դրություն հայտարարեց։ Արտակարգ դրության ավարտից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները դուրս եկան փողոց, այդ ընթացքում արդեն քաղբանտարկյալների թիվը հատել էր 150-ը։ Ով երբ ազատ արձակվեց՝ չթվարկեմ։ 2008 թվականի ապրիլի սկզբից մինչեւ վերջին քաղբանտարկյալի ազատ արձակումը Հայ ազգային կոնգրեսի անդամները հրապարակային պայքարը մեկ օր անգամ չեն դադարեցրել։ Օրեր չէին, շաբաթներ չէին, ամիսներ չէին, տարինե՛ր շարունակ մեր տունը փողոցն էր, մեր ամենօրյա լսածը ՀՀ փառապանծ ոստիկանության զազրախոսություններն էին, հրմշտոցները, ծեծը, քաշքշոցը, խաղաղ ցուցարարներին ոստիկանական բաժանմունքներ քարշ տալը, քաղաքացիական հագուստով թափթփուկների հարձակումները երթերի ժամանակ։

Չկա այդպիսի փորձություն, որն անցած չլինենք։ Մեզանից հետո ոտքի ելած ցուցարարների նկատմամբ բռնությունները «գուրգուրանքներ» էին այն ամենի համեմատ, ինչ տեսել, զգացել եւ ապրել ենք կոնգրեսականներս։ Բայց «մենք ժպտում էինք»՝ ինչպես իմ սիրելի Դավիթ Մաթեւոսյանն է գրել, եւ իմ սիրելի Մհեր Մանուկյանն է երգում։ Մենք ժպտում էինք, որովհետեւ գիտեինք՝ ինչու ենք կրում այդ բոլոր հարվածները, ինչու ենք օրուգիշեր նստում մեզ ատելի Հյուսիսային պողոտայի աստիճաններին՝ անտանելի ցրտին ու անտանելի շոգին, ինչու էինք կանգնում Սարյանի արձանի մոտ եւ լսում պաշտոնաթողությունից հետո ֆեյսբուքյան «մայր Թերեզա» դարձած Բազազի եւ դեռեւս «մայր Թերեզա» չդարձած Օսիպովի գարշելի հայհոյանքները եւ իրենց «հպատակներին» մեզ վրա «քշելու» հիստերիկ հրահանգները։ Մենք ժպտում էինք, որովհետեւ գիտեինք՝ ինչ ենք ուզում, գիտեինք, որ մեզանից ոչ մեկը չի կարող գլուխը հանգիստ բարձին դնել ու քնել, քանի դեռ մեր պայքարի ընկերները բանտում են։

Եվ ի դեպ՝ մեր պայքարը միայն իշխանությունների եւ նրանց պատժիչ ջոկատների դեմ չէին։ Թիկունքից հարված հասցնողներն առավել նենգ էին։ Դրանք հիմա ընդդիմադիրներ են։ Դրանք այդ տարիներին չէին աղմկում, որ խաղաղ ցուցարարներ են սպանվել, որ երկրում քաղբանտարկյալներ կան, որ ամենօրյա բռնություններ են սանձազերծվում մայրաքաղաքի կենտրոնում։ Չարախնդում էին։ Շատ «ծանրակշիռ» պատճառ ունեին՝ հեչ չէին սիրում արդարություն եւ ազատություն պահանջող այդ ցուցարարներին եւ նրանց առաջնորդին։ Եվ միայն դա բավական էր, որ «չնկատեին» ոչ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունները, ոչ սպանությունները, ոչ քաղբանտարկյալներին, կամ էլ նկատեին եւ ծածուկ կամ բացահայտ հրճվեին։

Ասել, որ հաջողության չհասան սրանք՝ մեծ սուտ կլինի։ Ամենակարեւոր ձեռքբերումն ունեցան։ Այդ ձեռքբերումը Կոնգրեսին թուլացնելն էր։ Կոնգրեսը նախկին հզոր ուժը չէ, բուռն ծափահարություններ։

Իսկ հիմա ինքներդ ձեզ նայեք։ Մեզ հարվածելով դուք հզորացա՞ք։ Մեր պայքարի մեթոդները քննադատող «անզիջումներդ» սկսեցիք ավելի քաջաբա՞ր պայքարել։ Ավելի հետեւողակա՞ն եք։ Ավելի կազմակերպվա՞ծ եք։ Առաջնորդի կարիք չունեցողներդ ձեր անղեկ ցատկոտումներով հասել եք մինչեւ ու՞ր։

Հասել եք ոչ մի տեղ։

Եվ ուզում եք, թե չեք ուզում, հաճելի է ձեզ, թե տհաճ, այս պահին ձեր ատամներն եք կրճտացնում այս տողերի վրա, թե բազազաօսիպավարի հայհոյում եք՝ դրանից եղելությունը չի փոխվում։

1988-ի ազգային ազատագրական հզորագույն պայքարից հետո միայն մեկ հզոր պայքար է եղել Հայաստանում՝ 2008-ի մեր երկարատեւ պայքարն էր, որի առաջնորդը 88-ի Շարժման առաջնորդներից էր, մեզանից շատերն էլ՝ այդ պայքարի շարքայինները։

Եվ քանի դեռ չեք պարզել՝ ձեր պայքարը ներկա իշխանության դեմ է, թե՝ իշխանություն չունեցող Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա համախոհների, քանի դեռ որպես քաղաքական գործիչ փորձում եք ինքնահաստատվել Հայաստանի առաջին նախագահի դեմ լեզվաթափահարմամբ «հերոսանալով», ահա այսպես՝ շարունակելու եք լրացնել դատարկ պոռոտախոսների շարքերը եւ բավարարվելու եք քսան-հիսուն հոգանոց, այսպես կոչված՝ մեկ օրական կամ մեկ շաբաթական բողոքի ակցիաներով եւ կամա թե ակամա իշխանությանն եք հանձնելու հերթական քաղբանտարկյալին, որի ազատության համար ձեր պայքարը նման է վիշապի քթանցքը ասեղի բարակության շյուղով խտղտացնելուն, ինչի հետեւանքն ընդամենը փռշտոցն է։