11.04.2017 17:22

Հայկական ծխախոտի բրենդը դատարանում հաղթել է Philip Morris-ին

Հայկական ծխախոտի բրենդը դատարանում հաղթել է Philip Morris-ին

Մոսկվայի արբիտրաժային դատարանը մարտի 22-ին վերջնական դատավճիռ է կայացրել «Մարլբորոն՝ ընդդեմ Արարատի» դատական գործի վերաբերյալ: Դատարանը մերժել է «Արարատ» սիգարետը ՌԴ ներմուծող «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի դեմ  Philip Morris Brands Sarl ընկերության հայցը:  

2016 թվականին Philip Morris Brands Sarl ընկերությունը, պնդելով Ararat և  Marlboro սիգարետների տուփերի դիզայնի շփոթելու աստիճանի նմանությունը, Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարան էր դիմել ընդդեմ  «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի, պահանջով՝ արգելել Ararat ապրանքանշանի կիրառումը Ռուսաստանի Դաշնության  տարածքում, ինչպես նաև ոչնչացնել այդ սիգարետների ողջ քանակությունն ու վճարել 5 մլն. ռուբլու փոխհատուցում: 

Նմանօրինակ դատական վեճեր ծագել էին նաև մյուս երկրներում: Հայկական արտադրողն իր իրավունքները պաշտպանել է նաև Լիբանանում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Թայվանում: Այդ պետությունների իրավասու մարմինները դատավճիռ են կայացրել, որ սիգարետների տուփերի միջև սպառողին շփոթեցնելու աստիճանի նմանություն չկա: 

Այս թեմային է անդրադարձել ՌԴ հակամենաշնորհային դաշնային ծառայությունը, որը որպես երրորդ կողմ ներգրավվել էր դատական գործընթացի մեջ: Նա դատարանին է ներկայացրել իր պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն, Ararat և  Marlboro ապրանքանշանների միջև շփոթության աստիճանի նմանություն չկա:

Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանը, գնահատելով կողմերի ներկայացված փոխկապակցված ապացույցները, եկել է հետևյալ եզրահանգման՝ Philip Morris Brands Sarl-ի և «Գրանտ Տաբակ» ՓԲԸ-ի սիգարետների տուփերի փաթեթավորման պատկերի մասերի համեմատական վերլուծությունը թույլ է տալիս հաստատել Marlboro և Ararat սիգարետների տուփերի պատկերների տարրերի շփոթության աստիճանի նմանության բացակայությունը, թե՛ առանձին վերցված, թե՛ համակցված: 

Դատարանը ուշադրության է արժանացրել նաև այն փաստը, որ  «Շրջապատող ծխախոտի ծխից ու ծխախոտի օգտագործման հետևանքների ազդեցությունից քաղաքացիների առողջության պաշտպանության» մասին դաշնային օրենքի 19-րդ հոդվածի համաձայն,  23.02.2013 թվականից Ռուսաստանում սիգարետ գնելիս գնորդը չի կարող տեսնել սիգարետի փաթեթավորումը և, համապատասխանաբար, նաև սիգարետի տուփի պատկերը: Նա ստիպված է սիգարետ ընտրել բացառապես անվանումով՝ խանութի կողմից ներկայացված ցանկից: