12.04.2017 15:05

Դատարանը՝ հեչ, հանրությունը պիտի շարունակի դատապարտել տնօրեններին

Դատարանը՝ հեչ, հանրությունը պիտի շարունակի դատապարտել տնօրեններին

Դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ դատական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության եւ նրա ղեկավար Դանիել Իոանիսյանի: Տնօրենները պահանջում են «ներողություն հայտնել եւ 2-ական միլիոն դրամ` իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար»: 

Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ նախընտրական շրջանում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել էր իր հետաքննության արդյունքները, որոնք ապացուցում էին, որ հարցված 114 դպրոցի ու մանկապարտեզի տնօրենները ՀՀԿ-ի օգտին քարոզչություն են իրականացնում: Նրանցից ոմանք  ներկայացված ձայնագրություններում խոստովանում էին, որ ցուցակագրում են ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին՝ երեխաների ծնողներին կամ իրենց աշխատակիցներին, եւ ուղարկում են ցուցակները համայնքապետարաններ կամ մարզպետարաններ:

Ձայնագրությունները մեծ աղմուկ հանեցին, որովհետեւ փաստագրված հրապարակվեց այն, ինչ գիտեին բոլորը, եւ այն, ինչ մշտապես հերքել են իշխանությունները:

Հանրության արձագանքը չուշացավ, եւ այն ադեկվատ ու օբյեկտիվ էր՝ մեղմ ասած, բավականին կոշտ: Սակայն, քանի որ խոսքը մասսայական ներգրավվածության մասին էր, ՀՀԿ-ն որոշեց այս անգամ ոչ թե սպասելի արձագանք տալ, այսինքն՝ ինչպես սովորաբար անում է՝ հերքել, այլ հաստատել, որ այո, այդ մարդիկ ներգրավված են եղել քարոզչության մեջ, եւ դրանում որեւէ աննորմալ, ապօրինի բան չկա:

Այսինքն, ըստ էության, հանցանքի հանդեպ վատ վերաբերմունքը «փոխելու»՝ ՀՀԿ-ի ռազմավարությունը հանցանքն օրինական անվանելն էր: Որովհետեւ չէին կարող ասել, թե այդ ձայնագրությունները չեն եղել, չէին կարող հերքել տեղի ունեցածը, չէին կարող ասել, թե «տնօրենների գլխին սարքել են»:

Սակայն մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա: 114 տնօրեն ներգրավված է քարոզչության մեջ, ՀՀԿ-ի համար, բնականաբար, եւ բոլորին հայտնի է ե՛ւ այն, որ նրանք բոլորը (կամ գրեթե բոլորը) ՀՀԿ անդամ են, ե՛ւ այն, թե այսօր Հայաստանում դպրոցներում ինչպիսի բարքեր են տիրում, եւ տնօրենները ինչպես են դառնում տնօրեն: Այսինքն, այս պարագայում գործում է «դու ինձ, ես՝ քեզ» սկզբունքը: Եթե ՀՀԿ-ն թողներ, որ հասարակությունն «ուտեր» այդ տնօրեններին, ապա իր համար ձայներ ապահովող այդ մարդկանց կկորցներ ուղղակի, արդյունքում՝ կխախտվեր իշխանական տոտալ վերահսկողության մեխանիզմը: Սակայն, քանի որ այս իշխանությունները այդ մեխանիզմն իրականացնում են բուրգի տեսքով, չէին կարող թույլ տալ, մի կողմից՝ բուրգի ներքեւի օղակներում նման «երկրաշարժ», մյուս կողմից էլ՝ ընտրություններից առաջ այդքան մեծ թվով մարդկանց «անկեղծ ընդվզումը» իրենց տերերի առաջ: Եթե խոսքը մեկ կամ երկու տնօրենի մասին լիներ, ապա, անկասկած, ՀՀԿ-ն նրանց «փուռը կտար», սակայն, 131 հոգու «փուռը տալը» դոմինոյի էֆեկտով կազդեր նաեւ այն մյուս տնօրենների վրա, ովքեր ներգրավված են ղեկավարության համար ձայներ բերելու գործին: Սա է պատճառը, որ ՀՀԿ-ն այսօր բացահայտ հակահարձակման է անցել, որպեսզի ցույց տա, թե ինքը շարունակում է իրավիճակի տերը լինել:  

Ու թքած բարոյականության վրա, թքած, որ իրենց քաղաքական կեղտոտ խաղերը վաղուց տարել են դպրոց՝ տոտալ կուսակցականացնելով տնօրենների ղեկավարներին, որոնք դրա արդյունքում ոչ թե մանկավարժությամբ են զբաղված, այլ դպրոցներում անում են այն, ինչ ՀՀԿ-ն՝ երկրի հետ:

Հետեւաբար, այս լկտի հակահարձակման հանրային արձագանքն ավելի ուժեղ պիտի լինի, ե՛ւ իշխանությունները, ե՛ւ տնօրենները պետք է հասկանան, որ մարդկանց համար միեւնույն է՝ իրենք դիմե՞լ են դատարան, թե՞ ոչ:

Նրանք պետք է տեսնեն, որ իրենց հանցանքը կուլ չի գնալու, որ անկախ նույն իշխանական դատարանների վճիռներից, հասարակության վճիռը նույնն է լինելու, չի փոխվելու, եւ որ այդ ամոթանքը ու վատ վերաբերմունքն իրենց եւ իրենց արածի հանդեպ շարունակական է լինելու, քանի դեռ չեն զղջացել եւ չեն դադարել ամբարտավան տոնով հայտարարել, թե արել են, լավ են արել, ոչ մի ապօրինի բան չեն արել:

Կատարվածի գնահատականը միայն իրավական չէ, այն նաեւ բարոյական է. իշխանությունները կուսակցականացրել են դպրոցներն ու մանկապարտեզները, իշխանությունները կրթության ոլորտը դարձրել են ՀՀԿ-ի բջիջներ, իշխանությունները իրենց հանցակից են դարձրել այդ մարդկանց ու նրանց միջոցով ապականում են ամբողջ սերունդներ:

Ասատուր Պողոսյան