12.04.2017 16:49

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոր ժամկետի է պատրաստվում

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոր ժամկետի է պատրաստվում

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանձնել է փաստաթղթերը՝ պետության ղեկավարի ընտրություններում առաջադրվելու համար: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

Ինչպես գրել է գործակալությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, Ահմադինեժադի այդ քայլը գնահատվում է որպես երկրի գերագույն առաջնորդին՝ այաթոլլա Ալի Խամենեին նետված մարտահրավեր, քանի որ նա պնդել էր, որ պետության նախկին ղեկավարը չմասնակցի այդ ընտրություններին:

Ահմադինեժադը նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2005-2013 թթ.: Նա պահպանողական և հակաամերիկյան արտաքին քաղաքականություն էր վարում, հանդես էր գալիս Ռուսաստանի և արաբական երկրների հետ կապերն ամրապնդելու օգտին: Նրան սկանդալային հռչակ բերեցին հակաիսրայելական հայտարարությունները. Ահմադինեժադն առաջարկել էր «երկրի երեսից ջնջել սիոնիզմը», Հոլոքոստն անվանել էր առասպել և առաջարկել էր իսրայելական տարածքն ամբողջությամբ հանձնել պաղեստինցիներին:

Իրանի սահմանադրությունը նախագահին արգելում է երեք ժամկետ անընդմեջ զբաղեցնել այդ պաշտոնը: Բայց քանի որ 2013 թ. Ռոուհանին է դարձել նախագահ, Ահմադինեժադը հնարավորություն է ստացել դարձյալ պայքարելու այդ պաշտոնի համար:

Փոխանցում է lenta.ru-ն: