12.04.2017 17:59

Արսեն Գրիգորյան. Ժողովուրդը՝ կոճակ սեղմող

Արսեն Գրիգորյան. Ժողովուրդը՝ կոճակ սեղմող

Հայաստանի քաղաքական բառապաշարից առաջիկա հինգ տարիների համար հեռացվել է «ներքաղաքականությունը»: Դրա համար անհրաժեշտ էր նախ ժողովրդին հեռացնել քաղաքական դերակատարությունից: Անհրաժեշտ էր, որ ժողովուրդը դառնա սոսկ քվեարկող, այսինքն՝ ընտրությունների ժամանակ լինի նույն «կոճակ» սեղմողը, ինչ ՀՀԿ-ական զանգվածը ԱԺ-ում:

Հասկացա՞ք: Այն, ինչ էր ՀՀԿ-ական խորհրդարանական զանգվածն այսքան տարիներին, վերջապես հայելային ճշգրտությամբ տարածվեց ժողովրդի վրա: Այսինքն, եթե վաղը Հանրապետականը գործադիր մարմնի նիստում որոշի, որ պետք է սպանի որեւէ ընդդիմադիր գործչի, ու էդ մասին Շարմազանովը նիստից հետո հայտարարի լրագրողներին, չկա էն ժողովուրդը, որը փողոց դուրս կգա ու կասի՝ տղե՞րք, էս ի՞նչ խաբար է: ՀՀԿ-ն բողոքական, արժանապատվություն ունեցող ժողովուրդ չունենալու քննությունը հանձնեց 141 ուսուցիչների եւ տնօրենների սկանդալի ժամանակ:

Այդ սկանդալը աշխարհի ցանկացած կիսաարժանապատիվ պետության մեջ գոնե մի 30 հազար հոգու կհաներ փողոց: Եվ այդ մարդիկ եթե անգամ որեւէ պաշտոնյայի հրաժարական չպահանջեին, գոնե կպահանջեին մի քանի ուսուցչի պատասխանատվությունը: Ոչինչ տեղի չունեցավ: Ահա այդ ժամանակ Հանրապետականը հասկացավ, որ այս ընտրություններն իր գրպանում են:

Սա նշանակում է, որ փողոցում մնացած քաղաքական ուժերի դերը կրկին մեծանում է: Եթե ԱԺ-ում քաղաքական ուժ չկա,- իսկ ԱԺ-ում այդպիսի ուժ չկա,- այդ ուժը բնականաբար փողոցում է: Բայց չի նշանակում, թե այդ դերը նրանք իրացնելու են սահուն: Առաջիկայում իշխանությունը փորձելու է տոտալ վերահսկողություն սահմանել տպագիր եւ ինտերնետային լրատվամիջոցներում: Եվ եթե իշխանությունը մտավ էս գործի տակ, բնականաբար՝ աչքաթող է անելու իր հիմնական աշխատանքը՝ պետության խնամքը: Եվ դրա պատճառն ինքն ունի՝ պետության խնամքի լեգիտիմ մանդատ չունենալով՝ ինքը պիտի խնամի հանցանքը եւ իշխանատենչությունը: Չկա այն ժողովուրդը, որի մոտ քրեական որեւէ դիպված, որեւէ չարաշահում, որեւէ սկանդալ հարցեր են առաջացնելու: Հաջորդ ընտրություններին իշխանությունը կարող է գնալ արդեն նույնիսկ առանց ընտրակաշառքի: Հասարակական կամազրկությունը գուցե արդեն փողի պահանջ էլ չզգա, նրան սոսկ կբավարարի հրահանգը եւ բանավոր, գրեթե հարեւանցիորեն հնչած սպառնալիքը: Սա այլ լեզվով կոչվում է թավշյա ամբողջատիրություն. երբ մարդու անվերահսկելիությունը ոչնչացնում ես առանց մի կաթիլ արյան:

Դրա համար անհրաժեշտ էր, որ աղքատությունը դառնա պետության միակ դեմքը, անայլընտրանք կենցաղավարությունը: Այլ խոսքով՝ ստատուս քվոն:

«Կոճակ» սեղմող ժողովուրդը մուրազ է ցանկացած աթոռապաշտ իշխանության համար: Այդպիսի ժողովուրդը չի էլ պահանջում, որ իշխանությունն աթոռը պահելուց զատ այլ գործով զբաղվի: Այսպիսի ժողովրդի վրա սովորաբար քաղաքական մեծ ներուժ ունեցող արտախորհրդարանական միավորը կդժվարանա խաղադրույք կատարել, որովհետեւ, եթե նույնիսկ ինքը հաջողության հասնի եւ կարողանա քվե ստանալ, իշխանությունը միշտ ունի իր կախարդական զենքը՝ մարտի 1-ը, որով կկարողանա փակել քաղաքականության մեջ եղանակ ստեղծողի ճամփան:

Արդյո՞ք այսպիսի իրավիճակը լի է հեղափոխական պայթյունավտանգությամբ: Ըստ իս՝ ոչ: Քանի որ հեղափոխության համար, նախ, միասնական անիրավվածի օրգանական ըմբռնում է պետք, որպիսին Հայաստանում չկա, երկրորդ՝ Ղարաբաղի խնդիր ունեցող պետության մեջ դա ամենեւին ցանկալի չէ, երրորդ՝ հեղափոխությունները սովորաբար սնում են անիշխանականությունը, բայց՝ հակառակ, այսինքն, նախաձեռնողների կողմից: Հեղափոխության ժամանակ շունը տիրոջը չի ճանաչում: Ուրեմն, ինչպե՞ս դուրս պրծնել այս փակ շրջանից, երբ ներքաղաքականությունը ամբողջապես փակ է երկրում ե՛ւ որպես հասկացություն, ե՛ւ որպես իրականություն: Գումարած այն, որ մենք ունենք «քաղաքական» միայն մեկ հրապարակային օրգան՝ հանձին խորհրդարանի, որտեղ քաղաքական ոչ մի ուժ չկա, բայց որը լուծարելու սահմանադրական որեւէ մեխանիզմ էլ չկա:

Միակ տարբերակը կրկին իշխանության ձեռքին է՝ վերահսկելի ըմբոստությունները՝ ցույց տալու համար, որ իրեն քվե տվողը ճորտը չէր, երկրում կամք կա, որը կարող է դուրս գալ փողոց: Փաստն այն է, որ քաղաքականությունը պետք է վերադարձնել մարդու հետաքրքրության դաշտ: Մարդն ինքը պետք է կռիվ տա քաղաքական դերակատար եւ ճորտ լինելու միջեւ: Հարցն այն է, թե ինչպես: Դա ընկալելն անհատական է: Նրան, հավանաբար, կարող է օգնել անհեռանկարայնության զգացումը, որով իշխանությունն իրեն գոնե կապահովի: