13.04.2017 16:45

Օմբուդսմեն. Սարի թաղ գնալը խաղաղ նպատակ չէր հետապնդում

Օմբուդսմեն. Սարի թաղ գնալը խաղաղ նպատակ չէր հետապնդում

Մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. զեկույցում խիստ գնահատական է տրված ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու շրջանում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության առանձին գործողություններին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ակնհայտ էր, որ առանձին դեպքերում խախտվում էին հավաքի մասնակիցների իրավունքները, մասնավորապես հստակ վերլուծված է յուրաքանչյուր դեպք, հատուկ միջոցների կիրառման հարցը, դրանից բացի վերլուծվում են լրագրողների նկատմամբ խոչընդոտները, բռնության դեպքերը, խիստ քննադատության է արժանացել ցանկացած նման պրակտիկա»,- ասել է Թաթոյանը:

Օմբուդսմենի խոսքով` հատուկ զեկույցում հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախման դեպքերի առանձին վերլուծություն է կատարվել: Թաթոյանի կարծիքով, երթը այդ օրը խաղաղ բնույթ չի կրել:

«Եթե երթը ուներ խաղաղ նպատակ, ապա ինչու էր այն ընթանում Սարի թաղի նեղ փողոցներով, գիշերով, նախապես չհայտարարելով ոստիկաններին Սարի թաղ գնալու մտադրությունը: Ակնհայտ էր նաեւ, որ դա անհարմարություն էր պատճառելու բնակիչներին, որտեղից մենք ունեցել ենք բողոքներ: Ես կարծում եմ, որ Սարի թաղ գնալը խաղաղ նպատակ չէր հետապնդում: Սա իմ դիրքորոշումն է, և դա շատ ավելի մանրամասն ներկայացված է զեկույցում»,- աել է Թաթոյանը՝ հավելելով, որ պետք է հասկանալ այս բախման հիմնարար պատճառները: