14.04.2017 12:51

«Քաղաքացի դիտորդ». Ամփոփ տեղեկատվություն

«Քաղաքացի դիտորդ». Ամփոփ տեղեկատվություն

2017 թ․ ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրական տեղամասերում: Դիտորդների հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց։

Բողոքարկման գործընթացը տարածքային ընտրական հանձնաժողովներում

 Ապրիլի 3-ին և 4-ին 325 բողոք է ներկայացվել 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ (բողոք չի ներկայացվել միայն 6-րդ տարածքային ընտրական հանձնաժողով)․ բողոքներից 167-ը վերաբերում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումներին, իսկ 158-ը՝ սուբյեկտիվ։  

Առկա են եղել բողոքարկման արդյունավետությանը խոչընդոտող բազմաթիվ արգելքներ՝ պայմանավորված օրենսդրությամբ և տարածքային ընտրական հանձնաժողովների գործողություններով։

Օրենսդրությամբ պայմանավորված խոչընդոտները հետևյալներն են․

1․ բողոքները փոստով ուղարկելու արգելք և դրանք ՏԸՀ-ներ առձեռն մուտք անելու պահանջ,

2․ բողոքների ներկայացման վերջնաժամկետների սահմանափակում․ քվեարկության օրը բողոքները կարող են ներկայացվել մինչև ժամը 22։00-ն, ընտրության հաջորդ օրը՝ 12։00-ից 18։00-ն, ընտրությանը հաջորդող երկրորդ օրը՝ ժամը 9։00-11։00-ն,

3․ լիազորագրերը բողոքներին չկցելու իրավական հետևանքները,

4․ դիտորդի վկայականի պատճենը բողոքին կցելու պահանջը։

Այս պահանջների պատճառով անհնար է եղել բողոքներ ներկայացնել թե՛ ընտրության օրվա ընթացքում, թե՛ հաշվարկի և արդյունքների ամփոփման ընթացքում, քանի որ օրենքը թույլ է տալիս տարածքային ընտրական հանձնաժողովներին այդ ընթացքում բողոքներ չընդունել։

Տարածքային ընտրական հանձնաժողովները ևս խոչընդոտել են բողոքների ընդունման և քննարկման գործընթացը՝ չընդունելով բողոքը՝ այն տանողի լիազորագրի բացակայության պատճառով, կամ նիստեր նշանակելով բողոքը տանելու նույն կամ հաջորդ օրը՝ այդպիսով չծանոթանալով դրանց բովանդակությանը։  Ըստ օրենսդրության՝ տարածքային ընտրական հանձնաժողովները բողոքների վերաբերյալ կայացրած որոշումները պետք է 24 ժամվա ընթացքում կախեն ՏԸՀ շենքի պատին՝ տեսանելի վայրում, սակայն մի շարք դեպքերում նախաձեռնության իրավաբանական թիմը արձանագրել է, որ դա ևս արված չէ։

Բողոքարկման որոշ արդյունքների մասին

Թվով 4 ՏԸՀ-ներ բավարարել են դիտորդների իրավունքների սահմանափակումների վերաբերյալ  բողոքներից մի քանիսը:

Ներկայացված դիմում-բողոքների հիման վրա թիվ 26, 14, 16, 17 տարածքային հանձնաժողովները կայացրել են մեկական որոշում, որոնցով անհրաժեշտ են համարել դիմել ԿԸՀ՝ տեղամասային հանձնաժողովների նախագահներին արտոնագրերից զրկելու պահանջով։ Ընդ որում՝ թիվ 26 ընտրական հանձնաժողովի դեպքում խոսքը 3 հանձնաժողովների նախագահների մասին է։

Թիվ 5 և թիվ 12 տարածքային հանձնաժողովները կայացրել են մեկական որոշումներ, որոնցով համապատասխան գործերի նյութերը ուղարկել են ստուգման դատախազություն և ոստիկանություն։

Բողոքարկման գործընթացը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում

Նախաձեռնության իրավաբանական թիմը հընթացս բողոքարկում է տարածքային ընտրական հանձնաժողովների կայացրած որոշումները՝ բողոքները ներկայացնելով կենտրոնական ընտրական հանձնաժողով։  Ապրիլի 9-ին իրավաբանները 50 բողոք են ներկայացրել ԿԸՀ, սակայն վերջինս դրանք ընդունել է միայն հաջորդ օրը՝ պատճառաբանելով, որ օրը ոչ աշխատանքային է, չնայած նրան, որ ԿԸՀ-ում  այդ պահին ընթանում էր ընտրությունների արդյունքները վիճարկող նիստ։

Ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին

 Քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է մեզ և ասել, որ իր փոխարեն քվեարկել են։ Նա լրացրել է հայտարարությունն այդ մասին և տարել ԿԸՀ, սակայն հաջորդ օրը այցելելով մեր գրասենյակ՝ հայտնել է, որ լավ չի հիշել՝ իրականում մասնակցել է քվեարկությանը։ Տարածքային ընտրական հանձնաժողովն այնուամենայնիվ որոշել է, որ Արմինե Ամեխյանի փոխարեն կատարվել է քվեարկություն, և գործն ուղարկել դատախազություն։ Այս դեպքի մանրամասների մասին տես «Քաղաքացի դիտորդ»-ի հայտարարության տեքստը այս հղումով՝ https://citizenobserver.am/hy/news/view/dkpt2017-04-12-11-50 ։

Ֆեյսբուքի և էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով 3 անձ հայտնել է, որ իրենց ազգականների փոխարեն կատարվել է քվեարկություն։  Նրանց ուղարկել ենք հայտարարության ձևը՝ այն լրացնելու և համապատասխան մարմին ներկայացնելու համար։

Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ մահացած քաղաքացու անվան դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն և դրա մասին հայտարարություն տալու պատրաստակամություն հայտնել, սակայն այնուհետև զանգահարել է և հրաժարվել  ստորագրել հայտարարությունը։

 Մեկ այլ քաղաքացի հայտնել է, որ իր հարևանի տան հասցեում (վերջինս արդեն 25 տարի է՝ Հայաստանում չէ) նկատել է գրանցված անծանոթ մարդկանց, որոնց անունների դիմաց կան ստորագրություններ։ Այս քաղաքացին ևս հրաժարվել է դեպքի մասին հայտարարություն ստորագրել։

 Դիտորդ Հայկ Տիգրանյանը հայտնել է, որ 7/12 տեղամասում ստորագրությունների թիվը 905 է, այնինչ պաշտոնական թիվը 917 է։

Ուշագրավ դեպքերի մասին են հայտնել ընտրության մասնակցած 3 անձ։ Նրանցից 2-ի անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, իսկ մեկն ասել է, որ իրեն չեն առաջարկել ստորագրել իր անվան դիմաց։

Ընտրությանը մասնակցած քաղաքացիներից մեկը, ում անվան դիմաց ընտրողների ստորագրած ցուցակում ստորագրություն չի եղել, դեպքի կապակցությամբ հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ, սակայն ԿԸՀ-ից նրան հայտնել են, որ նա սխալվում է՝ իրականում նա ստորագրել է ընտրողների լրացուցիչ ցուցակում, որը չի սքանավորվել և հրապարակվել, և խնդրել են հետ վերցնել հայտարարությունը։ Դիմողը, սակայն, ասել է, որ ինքը հիշում է՝ ստորագրել է ընտրողների հիմնական ցուցակում, և հետ չի վերցրել իր հայտարարությունը։

 Այժմ նախաձեռնությունն ուսումնասիրում է ընտրողների ստորագրած ցուցակները։ Արդյունքները հանրությանը կներկայացնենք աշխատանքներն ավարտելուց հետո։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Սույն հաղորդագրությունը որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միության և  Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետները: