14.04.2017 14:19

Արամ Մանուկյան. Հոգեբուժարանում ընտրողների 100%-ը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին

Արամ Մանուկյան. Հոգեբուժարանում ընտրողների 100%-ը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին

Ապրիլի 2-ը իշխանության հաղթանակն էր՝ սեփական ժողովրդի նկատմամբ, լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ իրենց բնույթով ու մասշտաբներով խախտումներն աննախադեպ էին:

«Սա մեր երկրի մեծագույն հարստության՝  քաղաքացու, ըմբոստ քաղաքացու ոչնչացում էր: Ցանկացած երկրի ամենամեծ հարստությունը մարդն է և նրա ազատությունը: Իշխանությունները հետևողական, իրենց պոլիցայների միջոցով, ամեն ինչ արեցին, որպեսզի ոչնչացնեն ազատ մարդուն», - նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ աղքատությունը, թշվառությունը, արտագաղթը իշխանությունների զենքերն են, որոնցով պահում են իշխանությունը:

Այնուհետև Մանուկյանը ներկայացրեց որոշ թվեր՝ մասնավորապես  նշելով, որ, դատելով ուրիշի օգնությամբ քվեարկածների գրանցված քանակից՝ Հայաստանի բնակչության շուրջ 5 տոկոսը կույր է: Պատգամավորը տեղեկացրեց, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խումբը օրեր շարունակ տվյալներ է հավաքում, պետք է այսօր դաշինքի անունից ներկայացվեն Սահմանադրական դատարան:

«Հավաքել ենք բավականաչափ նյութեր, այդ նյութերն ասում են, որ ամեն տեղամասում միջինը հինգ տոկոսը օգնության կարիք է ունեցել՝ կույր է եղել: Գյուղերում կույրերի քանակն ավելի շատ է: Եվ ակնաբուժարաններ է պետք կառուցել ամեն տեղ, որովհետև նայեք՝ թվերն ինչպիսին են: Անգամ Արաբկիրում ես ունեմ թվեր, որ 100 հոգի տեղամասում կարիք է ունեցել ուրիշի օգնության: Իսկ էդ «ուրիշն» էլ եղել են միայն իրենք՝ իշխանական դիտորդները: Մի քանի տեղ թաղի խուժանն է: Փող բաժանողը, որպեսզի վերահսկի, եկել էր տեղամասում դիտորդ էր աշխատում: Եթե պետք էր՝ գրպանից հանում էր վստահված անձի բեյջը, եթե պետք էր, ասում էին՝ երեք հոգի չի կարող լինել մի տեղում՝ մյուս գրպանից հանում էր դիտորդի բեյջը: Մի տեղամաս կա` ժողովրդի 25 տոկոսը օգնությամբ է քվեարկել, գյուղերից մեկում 130 հոգու օգնել են», - ասաց Արամ Մանուկյանը:

Իսկ ամենաուշագրավը, ըստ Մանուկյանի, այն է, որ հոգեբուժարանում Հանրապետականի օգտին քվեարկել են 100 տոկոսով: «Սրանք իմ թվերը չեն, սա ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի արձանագրումն է»,- նշեց պատգամավորը: