14.04.2017 16:28

Լիզա Ճաղարյան. Հնարավոր է՝ ծլկեք, հնարավոր է՝ չհասցնեք ծլկել

Լիզա Ճաղարյան. Հնարավոր է՝ ծլկեք, հնարավոր է՝ չհասցնեք ծլկել

Այս պահին ՍԱՍ-ի Արտակի՛ «խոփը քարին դեմ առավ», բայց Հայաստանում ուղեղ ունեցող որեւէ մեկը կասկածու՞մ է, որ Հանրապետական կուսակցության ռեյտինգային (եւ ոչ միայն ռեյտինգային) բոլոր պատգամավորության թեկնածուների ստրկատիրական տարածքներում անցկացված նախընտրական ժողովներում պատկերը նույնը չի եղել։

Եվ այս ժողովը ձայնագրողն էլ, անկասկած, դպրոցների տնօրեններին ձայնագրող Դանիել Իոանիսյանի նման արդար ընտրությունների ջատագով չէ. պարզապես իրենց իսկ՝ հանրապետականների ոհմակից որեւէ մեկը ինչ-ինչ պատճառներով ցանկացել է «փչացնել» այս պարոնին։

Այնպես որ, այս կուսակցության սովետաշունչ «ադաբրյամսի» պայծառ համայնապատկերին Արտակ Սարգսյանը երեւութանում է քավության նոխազի խղճահարություն հարուցող պատկերով։

Եվ որ այս կարգի բոլոր ժողովներում նույնպես հնչել են բուռն եւ երկարատեւ ծափահարություններ, քծնախառն հռհռոցներ, ընդամենը մեկ փաստ բավական է չկասկածելու համար. Դանիել Իոանիսյանը ձայնագրել է դպրոցների ու մանկապարտեզների 140 տնօրենների, եւ մինչ օրս որեւէ ուսուցիչ չի դատապարտել իր տնօրենին, եւ որեւէ ծնող չի հայտարարել, որ այլեւս իր երեխային չի տանի այն դպրոց կամ այն մանկապարտեզ, որտեղ իր երեխային փորձելու են դարձնել անազնիվ մարդ, ամենաքիչը՝ ապագա ընտրակաշառակեր կամ ընտրակաշառատու։ Կամ՝ անդեմ ստրուկ։

Եվ սա չգրեցի, որ համալրեմ այն մարդկանց շարքերը, որոնք ասում են՝ հասարակությունն է մեղավոր։ Գրեթե բան չի փոխվել. նույն հասարակությունն է, որը սովետի տարիներին փողով «պարԾիական տոմս» էր գնում՝ հիմնարկում պարապ-սարապ սուրճ խմելով օրը սպանելու, իրեն հասանելիք աղքատավարձը ստանալու եւ մի կերպ գոյություն քարշ տալու փոխարեն, քիչ թե շատ «յուղոտ գործ» ձեռ գցելու համար։ Բայցեւ նույն հասարակությունն է, որը 70 տարի կախգլուխ ապրել էր եւ 1988-ի փետրվարին մեկ օրում հրաժարվեց այդ «հրաշագործ» տոմսից ու շտապեց Ազատության հրապարակ։ Նույն հասարակությունն է, որ ժամանակ առ ժամանակ ծառս է լինում, եւ եթե նույնիսկ հաղթանակած չի վերադառնում տուն, միեւնույն է՝ չի մեռնում, ընդամենը քնում է՝ նոր ուժով արթնանալու եւ ծառս լինելու համար։

Եվ միայն մենք չենք այսպես «անկանխատեսելի»։ Մեծերի ասած՝ աշխարհիս կարգն է։ Հողագնդի տարբեր անկյուններում տարիներ շարունակ ստրկացած հասարակությունն անսպասելի ոստնում է առյուծի պես, դե՝ իսկ առյուծն ամեն դեպքում գիշատիչ է, եւ հերթական բռնակալը, որ մինչ այդ «ամենակարող աստված» էր՝ բզկտվում է բոլորի աչքի առաջ, եթե չի հասցնում ծլկել այլ երկիր։

Սրանք երեւի հույսը դրել են ծլկելու վրա։ Լափել են զկռտալու աստիճան, թալանել են Հայաստան պետությունը օտար զավթիչի պես, իրենց հարստության մեծ մասը պահ են տվել երկրից դուրս եւ մտածում են. «Դեռ ինչքան կարանք՝ խփենք, հետո մի օրում կծլկենք»։ Հնարավոր է՝ հաջողվի ծլկել, բայց հնարավոր է նաեւ՝ չհաջողվի, եւ Չաուշեսկուի կամ Քադաֆիի օրն ընկնեն։

Մի բան հաստատ է. Հանրապետական կուսակցությունն իր ղեկավարի հետ միասին՝ ինքնագոհությունից, կշտությունից ու անպատժելիության զգացումից կուրացել է ու չի տեսնում Հայաստանի քաղաքացիների հայացքներում կուտակված անզոր ատելությունը, իսկ անզորությունից վտանգավոր գազան չկա, եթե քնից արթնանա։ Հանրապետական կուսակցությունն իր ղեկավարի հետ միասին խլացել է ու չի լսում հասարակության սրտի այն տագնապալի զարկերը, որը երկար զսպելուց հետո սովորաբար ամենակործան ջղակծկության նոպայով է ավարտվում։ Եվ վնասվողը միայն ջղակծկվողները չեն լինում։

Ի դեպ, այս դեպքում շատ ավելի հավանական է, որ դաժանորեն պատժվողների ցուցակում «օրվա հերոս» ՍԱՍ-ի Արտակը նույնիսկ չլինի. աննշան եւ անորոշ ծագման արարած է Հայաստանում բուն դրած խոշորագույն բորենիների ոհմակի ֆոնին։