14.04.2017 20:06

Արսեն Գրիգորյան. Անբարոյականության իներցիան

Արսեն Գրիգորյան. Անբարոյականության իներցիան

Հանրապետական կուսակցությունը 1998-ից մինչեւ այսօր կուտակել է Հայաստանում որպես գաղափարախոսություն եւ տեսակ հիմնովին արգելվելու բոլոր հնարավոր փաստերը: Ինքը այլեւս այսպիսի կուսակցություն չունենալու դասագրքային օրինակ է աշխարհի բոլոր քաղաքական կառույցների համար:

Հյուսիսային Կորեան երբեւէ քաղաքակիրթ դառնալու համար միայն իր խայտառակ բանվորական կուսակցության անմարդկայնությունները չպետք է հաշվի առնի: Գերմանիան միայն հիտլերյան ֆաշիզմին չպետք է ունենա օրինակ: Զիմբաբվեն երբեւէ Մուգամբեին հաղթահարելու համար աչքի առաջ պետք է ունենա Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ կուսակցությանը: Ամենապարզ պատճառով: Մարդը ստեղծագործական է ոչ միայն արարման մեջ:

ՍԱՍ Գրուպի «ցուցակների ժողովը» դասագրքային ժողով է: Այսպիսի բազմաթիվ ժողովների մասին դեռ հայտնի կդառնան: Դեռ աշխարհը կփորձի չզարմանալ հասկանալով, որ, եթե Սարգսյան Արտակը քաղաքականության մեջ է, ուրեմն բնական է այդպիսի ժողովը: Դա անբարոյականության իներցիան է, ազատ անկումը: Որովհետեւ, եթե Սարգսյան Արտակը քաղաքականության մեջ է, ձայներ բերող Իրինան եւ ձայներ չբերող Հայկը հավասարապես չեն կարող դիմադրել նրան: Երկուսն էլ պետք է գլուխը կախ հպարտանան եւ ամաչեն արածի եւ չարածի համար:

Ձայների ցուցակ չներկայացնողը ձայների ցուցակ ներկայացնողից լավը չէ: Որովհետեւ Իրինան նրան ոգեշնչում է: Պարզապես ինքը Իրինայից պակաս նախաձեռնող է: Ձայների ցուցակ չբերող Հայկը արդեն այն մղձավանջի մեջ է, որ Իրինան «կարիերայի» աստիճաններով բարձրանում է եւ տրորում իրեն: Հայկը չի մտածում, որ «ցուցակների ժողովը» նույնն է, ինչ հրեաներին համակենտրոնացման ճամբարներ լցնելը: Նա պարզապես պակաս նախաձեռնող է եղել, որի համար պետք է վճարի:

Ախ, այդ ծափահարությունները: Ինչքան քիչ աղմուկ կար դրանց մեջ: Ինչքան սրտաշարժություն, ոգեւորություն եւ ափսոսանքի խուլ հառաչ կար այդ ծափահարությունների մեջ: Յուրաքանչյուրն իրեն արդեն պատկերացնում էր գոնե մեկ-երկու քվեի դափնեկիր: Մնում է, որ հարազատները, հարազատների ընկերները մի քիչ ողորմած լինեն, մտնեն իրենց դրության մեջ: Հանրապետական կուսակցությունը պետք է պատասխան տա մարդուն, արարածին նաեւ հոգեկան այս փորձությանը ենթարկելու համար: Այստեղ սակայն Նուրնբերգն ու Հաագան էլ մեզ չեն փրկի:

Սակայն ամենասարսափելին էլ կա՝ Արտակ Սարգսյանը նույնքան զոհ է այս իրականությունում, որովհետեւ ինքն էլ այսպիսի մի ժողովի մասնակից է եղել, որտեղ Միհրան Պողոսյանը գուցե ավելի է ծափահարվել, քան՝ ինքը: Բա մարդը դրա տեղը պետք է հանի: Մարդը գուցե ինքն էլ ձայնագրել է ու համացանց նետել այս ձայնագրությունը, որպեսզի վերեւներում հասկանան, որ աշխատանք է տարվել: Որ Միհրանն ամենաջանացողը չէ:

Բա պարգեւատրման մարդկային ազդակը՝ կգնաս Փարիզ, կտժժաս: Ու ոչ մեկի սիրտը չի խառնել: Համարյա լոտո շահելու նման անմեղ մի բան է՝ Փարիզ կգնաս, սիրո քաղաք: Ձայն չբերողին չի ասում՝ կգնդակահարեմ, երեխաներիդ կամ ծնողներիդ կուղարկեմ գրողի ծոցը, չի ասում՝ սովից ու անհուսությունից կզկռտաս:

Ասում է՝ հինգ անգամ վատ կլինի քեզ համար: Երեւակայությունն աշխատեցնելու տեղ է թողնում զոհի համար: Ասենք, կարող է ՁԻԱՀ-ի վիրուս ուղարկել ձայն չբերողի տուն, եղբայրը կարող է նստել ասեղի վրա, քույրը կարող է ցած նետվել «Հաղթանակ» խորհրդանշանական անունով կամրջից: Բոլորը պետք է հասկանան, որ Արտակը այս ամենը կարող է անել: Եվ որ իրենք դրա դեմ խաղ չունեն:

Սակայն ամենասարսափելին այն է, որ այս մարդու վարքի հանրապետականացումը արդեն պարզ հարաբերություն է, ոչ մեկին սրանով չես զարմացնի, ոչ մեկն աչքերը չի չռի եւ չի զարմանա, թե ինչ անսովոր միջավայրում է ինքը: Ոչ մեկը չի հիշի, որ սա պարզապես մարդու անելիք չէ: Ու այսպիսի առօրեականությամբ մարդը սիրահարվում է, գրկում ծնողներին, աղոթում բանակում գտնվող եղբոր կամ որդու համար: Հրաշք է եւ ոչ թե մարդ: