15.04.2017 15:14

Լրանում է Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակը

Լրանում է Կարեն Դեմիրճյանի ծննդյան 85-ամյակը

Ապրիլի 17-ին լրանում է քաղաքական եւ  պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը: Կարեն Դեմիրճյանի մերձավորները եւ համախոհներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Կոմիտասի անվան Պանթեոնում՝ ապրիլի 17-ին, ժամը 13:00-ին: 

Խորհրդային Հայաստանում Կարեն Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա–Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Գրապալատը, Մասիս–Նուռնուս և Աղստաֆա–Իջևան–Հրազդան–Սևան–Մարտունի երկաթուղային մայրուղիները և այլ շինություններ։

1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու–Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի–Քաջարան ավտոմայրուղին, Գորիս–Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։

1998 թվականին նա հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին առաջադրվել է որպես Հանրապետության նախագահի թեկնածու։ 1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ։

Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։