17.04.2017 14:32

Առաքել Թավրիզյան. Հմայակի «սապոգը»

Առաքել Թավրիզյան. Հմայակի «սապոգը»

Հմայակ Հովհաննիսյանը, ինչպես ինքն է խոստովանել, մեծ մտահոգություն ունի, որ  «Ղարաբաղը կարող է Մոսկվայի համար որոգայթ դառնալ», դրա համար էլ վերջերս բավական ժամանակ է ծախսել, շրջել մոսկովյան «բարձր կաբինետներով» եւ հորդորել, որ Ռուսաստանը չվերցնի Ղարաբաղի հարցի կարգավորման հիմնական պատասխանատվությունը: Ինչո՞ւ: Հարցին ինքն էլ պատասխանում է: Այդ դեպքում, կարծում է նա, Հայաստանը վերջնականապես դուրս կգա Ռուսաստանի ազդեցությունից: 

Սա բժշկության մեջ «երեւանյան» կոչվող հիվանդության քաղաքական դրսեւորում է: Միշտ էլ եղել են, եւ Հմայակի օրինակը հաստատում է, որ դեռ կան հայ «մտածողներ», որոնց թվացել եւ, դժբախտաբար, դեռեւս թվում է, թե Ռուսաստանը «չգիտի իր ազգային, պետական, իմպերիական շահերը», եւ հարկավոր է կամ նամակով, կամ անձամբ հասնել Մոսկվա ու բացատրել, թե ինչ կկորցնեն ռուսները, եթե հանկարծ...

Վերջին տասնամյակում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերընթաց զարգացումը, վստահության այն մակարդակը, որ առկա է Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, երիցս ապացուցում են «հմայակաբանության»  սնանկությունը, բայց, ինչպես տեսնում ենք, գաղափարական այդ վարակից մեր ժողովուրդը դժվարանում է բուժվել: Հարկ չէր լինի անդրադառնալու սույն անձնավորության մտքի  «ճառագումներին», եթե նրա հարցազրույցի մեծ մասը չվերաբերեր հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Եւ այսպես. Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «լավ շախմատ է խաղում եւ Արցախյան դրամայի էնդշպիլում պետք է աչալուրջ լինի եւ չսխալվի, այլապես կզրկվի առաջիկայում կայանալիք արցախյան աուկցիոնում «փայ մտնելու» հնարավորությունից»: Չափազանց հիվանդ երեւակայություն է պետք, որպեսզի իշխանության մաս չկազմող մարդուն կասկածես «արցախյան աուկցիոնում «փայ մտնելու հնարավորության» մեջ: Բայց Հմայակի տրամաբանությունը բացահայտում է նրա փչացածությունը, որ վերջին հաշվով հանգում է մի բանի՝ չգնալ Ղարաբաղի հարցի կարգավորման, քանի որ դա վնաս է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին:

Այս է նրա հարցազրույցի հիմնական գաղափարը: Մնացածը ջուրծեծոցի է, հիմնական ասելիքը քողարկող դեմագոգիա: Հիմա ո՞վ է ժողովրդի մասին մտածում, հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ նրան քննադատող Հմայակ Հովհաննիսյանը, որ, հասկանալի է, ներկայացնում է ոչ այնքան անձնական, որքան խմբակային տեսակետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ խնդիրը պետք է կարգավորել հնարավորինս արագ, իսկ Հմայակ Հովհաննիսյանը զբաղված է մի բանով՝ քսու մատնությամբ: Եւ իր վրա է վերցրել Ռուսաստանի աչքում Լեւոն Տեր-Պետրոսյանի «գաղտնի ծրագրի» բացահայտման առաքելություն: Այսինքն, բացահայտվում է որպես այլ, թեկուզ եւ Հայաստանի մերձավոր դաշնակից պետության գործակալ: Վտանգավոր է Հմայակի «սապոգը»...