17.04.2017 16:31

Ջհանգիրյան. Կարեն Դեմիրճյանի երազածը շենացող Հայաստանն էր. Տեսանյութ

Կարեն Դեմիրճյանի կառուցած և երազած Հայաստանը բոլորովին այլ Հայաստան էր, մարդաշատ Հայաստան էր, կառուցվող, շենացող, աշխատող Հայաստան էր: Այդ մասին այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում լրագրողների հետ զրույցում, խոսելով պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի մասին՝ ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է քաղաքական եւ  պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը:

«Այսօրվա Հայաստանը, ինքներդ տեսնում եք՝ ինչպիսին է՝ մարդաթափված, աղքատություն, գործազրկություն: Այս Հայաստանը ո՞նց կարող էր Կարեն Դեմիրճյանի ցանկացած Հայաստանը լինել, չէր կարող»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանն ասաց, որ Հոկտեմբերի 27-ը փոխեց Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը:

Նրա խոսքով՝ թեև դրա ձևակերպումը  տեղի ունեցավ 2000-ի գարնանը, բայց փաստացի հենց այդ օրն էլ ամեն ինչ փոխվեց:

«Ժողովրդի լայն վստահության քվեով, համատարած աջակցության քվեով իշխանության եկած դաշինքը գլխատվեց: Հետո նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ տարբեր պատճառներից ելնելով՝ մասնատվեց, քայքայվեց և քաղաքական ասպարեզից դուրս եկավ»,- նշեց Գագիկ Ջհանգիրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան