18.04.2017 11:23

Արսեն Գրիգորյան. Ախոռը

Արսեն Գրիգորյան. Ախոռը

ՍԱՍ-ի «քվեների ժողովը» հենց հայաստանյան կենցաղն է: Պետության մասին ոչ մի խոսք: Պետությունը մի օրգանիզմ է, որտեղ ինքնաբավ ոչնչությունը զբաղեցնում է ճիշտ այնքան բովանդակություն, որը չի բախվում մյուսների՝ ավելի կամ պակաս հավակնոտ, իսկապես ճշգրիտ այլ բովանդակություններին: ՍԱՍ-ի Արտակի եղբայրը այդպիսի պետության մեջ կլիներ ամենասովորական ինքնաբավ ոչնչություն:

Այդպիսի պետության մեջ հանրապետական ուսուցչուհին կհրավիրվեր Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի պարզվեր պետության մեջ նրա վտանգավորության աստիճանը: Այդպիսի պետության մեջ Ազգային անվտանգությունը արդեն պետք է ձեւակերպած լիներ Հանրապետական կուսակցության վտանգավորությունը առանձին Մարդու վրա: Պետությունը Մարդն է: Բայց պետությունը Մարդն է միայն դեպքում, երբ այնտեղ չինովնիկի, դատավորի, ուսուցչուհու, մանկաբարձի, հավաքարարի, լրագրողի մեկնարկային ինքնադրսեւորումը արտահայտվում է սեփական ստեղծագործական հայտով եւ ոչ թե ուրիշի ողորմածությամբ:

Մարդն իրեն ներկայացնում է, դիմացինը գնահատում է եւ ընդունում ի գիտություն: Որովհետեւ եթե քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում մանկաբարձության մեջ, հաստատ չես վազի հանրապետական կուսակցության գրասենյակ, որպեսզի վկայես քո մասին, կամ թույլ չես տա, որ քեզ ներքաշեն հանրապետականի մեջ: Նույնն է, որ բանաստեղծը դառնա հանրապետական, որպեսզի ապրի: Դրանից ինքը հաստատ ավելի լավ բանաստեղծ չի դառնա:

Այս պետության քաղաքացու օրգանիզմը զրկվել է ինքն իրեն հարթակ դիտելուց: Սա ծույլ մարդու ախոռն է: Էս ախոռը ապրիլյան քառօրյա պատերազմ է տեսել: Այսօրվա հայաստանցին անբացատրելի է, ինչպես, ի դեպ, անբացատրելի էր ապրիլյան պատերազմի օրերի հայաստանցին: Ինքը ինչու՞ ոտքի կանգնեց այն օրերին: Այսինքն, ինչի՞ անունից է համախմբումը: Այն բանի, որ դու քո սեփական, ուրիշից չպարտադրված կռի՞վն ես տալիս: Դու քո բնական արեալում գոյատեւելու իրավու՞նքն ես պաշտպանում: Այդ դեպքում ի՞նչ էր ՍԱՍ-ի «քվեների ժողովը»: Դա նույնպես մարդուն հայտարարված պատերազմ է: Եվ քո բնական արեալը քո արժանապատվությունն է: Անպայման արանքում պետք է ատրճանա՞կ խաղացվի: Այդ պատերազմում էլ ոմանք հռչակվեցին հերոսներ: Այդտեղ էլ պարգեւներ «բաշխվեցին»:

Ի՞նչ անել, որ Մարդը ճանաչի ատրճանակի եւ ՍԱՍ-ի Արտակի ընդհանրությունը: Ի՞նչ անել, որ ամբողջ Հայաստանի բոլոր մարտահրավերներն ընկալվեն որպես «Իգլա» կամ «Իսկանդեր», որոնք ուղղված են հենց Մարդու վրա, որը պետության առանցքն է: Հնարավոր չէ ոչինչ անել, քանի դեռ մարդու սեփական շահի հիմքում վախն է: Ահա ինչու մարդը քաղաքացի չի դառնում: Քաղաքացին վախ չունի, քանի որ նա իր պետության օրենքների արտահայտությունն է եւ այդ օրենքների պահանջատերը: Քաղաքացին այնպես է պաշտպանված սեփական եւ հանրային օրենքների ներդաշնակությամբ, որ ոչ մի ՍԱՍ-ի Արտակ նրա գոյության դաշտում հնարավոր չէ: Քաղաքացին ստրուկ չի լինում, մարդը լինում է, քանզի մարդը դեռեւս պետության ներկայացուցիչը չէ: Ստրուկը վախենում է: Քաղաքացին՝ ոչ: Ստրուկը գնալու տեղ չունի, քաղաքացին ունի:

Ուսուցիչ լինելը դեռեւս քաղաքացի լինելու հաղթահանդեսը չէ, որովհետեւ ուսուցիչն ինքն է կոփում քաղաքացուն: Ուսուցչի միջավայրում ՍԱՍ-ի Արտակը փուչիկ է: Ախոռում նրանք նույնն են այն տարբերությամբ, որ կենդանու որեւէ տեսակ չեն ներկայացնում: Բայց որոնք աշխույժ են անհեթեթության նույն տաշտի առջեւ: Հայաստանում պետք է անվանվի ուսուցիչը, որպեսզի սովորելն իմաստ ունենա, մանկաբարձը, որպեսզի ծննդաբերելն իմաստ ունենա, առեւտրականը, որպեսզի նրա վաճառածը եւ իմ գնածը չխոսեն գոյության տարբեր լեզուներով, կուսակցականը, որպեսզի ինքն իր տեղն իմանա: Իսկ առայժմ մենք պետք է որոճանք այն, ինչը մեկի օրգանիզմում բովանդակություն է դառնում, մյուսի միջավայրում՝ միայն վախ: