18.04.2017 12:12

Տիգրան Պասկեւիչյան. Իսկանդերի ակնթարթը

Տիգրան Պասկեւիչյան. Իսկանդերի ակնթարթը

Մարտի 25-ին Արցախում զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների առջեւ ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն ասել էր. «Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»։

Գերագույն գլխավոր հրամանատար ասելով՝ նա անշուշտ նկատի էր ունեցել իրեն,  «Իսկանդեր» ասելով`իր եզակի իշխանությունն այս կյանքում։

Հակառակորդը չսարսափեց , ինքնասպանության փորձեր չեղան, որովհետեւ դա ահավոր չէ՝ մեկ, երկրորդը՝ նույն «Իսկանդերից», որի ռազմավարական նշանակությունը հայտնի է ցանկացած այծի, հակառակորդն ինքն էլ ունի ու տեղի-անտեղի օգտագործում է։

Եւ ընդհանրապես՝ սպառազինությունների մրցավազքը, խոսքը նաեւ տեխնիկական միավորների մասին է, ժամանակի եւ միջոցների անիմաստ վատնում է։ Դա մեզանից առաջ հասկացել են սառը պատերազմով հակամարտող գերտերությունները։

Սպառազինությունների մրցավազքը լավագույն դեպքում բերում է որոշակի հավասարակշռություն, ինչն անպայմանորեն չի նշանակում հավասարություն։

Խորհրդային Միության փլուզումը՝ որպես օրինակ, մեր աչքի առջեւ է, բայց հայ-ադրբեջանական հակամարտության դեպքում դա տիպական չէ, որովհետեւ կողմերից ոչ մեկը մյուսին չի գերազանցում իր գաղափարաբանությամբ, արժեքներով, որակով. մեկը բլթացնում է, մյուսը, լավագույն դեպքում բլթբլթում՝ մոտավորապես «մենք այլևս երբեք միլիոնավոր նահատակների սրբադասում չենք անելու» հռետորաբանությամբ։

(…որովհետեւ արդեն «Իսկանդեր ունենք։)

Անցած դեկտեմբերին պարզ ու հասկանալի կերպով առաջարկվել էր գնալ 

խաղաղության՝ հիմք ընդունելով կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահների մշակած եւ հակամարտող կողմերի՝ կարծես թե չմերժած սկզբունքները՝ դրանք այս պահին նկատելով առավել ողջամիտ։

Սա չընդունվեց։ Այս չընդունելությունը կարելի էր տրամաբանական համարել, եթե չընդունողն, «Իսկանդեր» տեխնիկական միավորից բացի՝ առավելության որեւէ այլ միջոց ունենար։

«Իսկանդերը» գործիք է, եւ ինչպես յուրաքանչյուր գործիք, կարող է ամենաանհրաժեշտ պահին չաշխատել, կամ կարող է գտնվել դրա, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ «հակաթույնը»։

Ի՞նչ ենք անելու։

Ադրբեջանցիներն էլ կարծում էին, որ իրենք անօդաչու թռչող սարքեր ունեն, բայց, ռազմական հատուկ դասընթաց չանցած շարքային մի զինվոր հեշտությամբ խոցեց այն։

Եթե մեր «Իսկանդերն» ուրիշ չէ, ուրեմն մենք «Իսկանդեր» չունենք, եւ գերագույն գլխավորն աչքը թարթի-չթարթի՝ միեւնույնն է։

Գերագույն գլխավորը, եթե անցած շուրջ քառորդ դարի ընթացքում հասած լիներ պետական քաղաքական գործչի մակարդակի, կհասկանար, որ հաթաթա տալը գերազանցության լավագույն ցուցիչը չէ, իսկ  ընտրություններից առաջ՝ դա պարզապես զավեշտ է։

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ կարող է գերազանցության հասնել ոչ թե ռուսների տրամադրած «…ռազմական տեսակետից այդ հիանալի համակարգ»-ով, այլ տարբերությամբ, էական տարբերությամբ, ուրիշ, բացառապես այլ որակ ունենալով եւ հակամարտության թանձրուկից առանձնանալով։

Հիմա, եթե քո ժողովուրդը (վկա՝ վերջին ձայնագրությունը) ոչնչացվելու աստիճան նվաստացած է, ո՞նց ես սեղմելու «Իսկանդերի» մեկնարկի կոճակը։ Կամ՝ սեղմեցիր, հետո ի՞նչ պիտի լինի՝ նվաստներն առա՞ջ են գնալու, թե՞ ապաստան են փնտրելու փախստականների համակենտրոնացման ճամբարներում, որ հետո անմեղսունակի բերանով ասվի, թե կարգավորման եղանակը «Արցախ-Հայաստան–Սփյուռք» եռամիասնությունն է։