19.04.2017 12:10

Վահան Թումանյան. Իսկ ո՞վ ասաց

Վահան Թումանյան. Իսկ ո՞վ ասաց

Խախտված է նաեւ գիտական օրինաչափությունը՝ հենվել փաստերի վրա, եզրահանգումներ անելիս չտրվել կոնյունկտուրայի: Մամուլում հաճախակի հանդես են գալիս ակադեմիական ինստիտուտների տնօրեններ, համալսարանական ամբիոնների վարիչներ, որ փաստացի քաղաքական պատվեր են կատարում հատկապես երկու ուղղությամբ՝ թուրքական եւ իրանական: Առաջին դեպքում ամեն ինչ ներկայացվում է հնարավորինս ապոկալիպտիկ շեշտադրումներով, որոնք հանգում են մի բանի՝ հասարակությանը ներշնչել, որ Թուրքիան «հեղափոխության եւ տարածքային մասնատման շեմին է»: Որքանո՞վ է դա իրատեսական, կամ ի՞նչ են շահելու Հայաստանը եւ հայ ժողովուրդը, եթե Թուրքիան մասնատվի՝ ոչ ոք նշանակություն չի տալիս: Կարեւորը մի սեւեռուն գաղափար է. «Ինչքան վատ Թուրքիայի համար, այնքան մեզ համար լավ է»: Մինչդեռ պատմական փորձը հակառակն է ապացուցում:

Երկրորդ դեպքում էլ նույնքան համառորեն ներշնչվում է, որ հայ-իրանական հարաբերությունները փայլուն են, գրեթե հասել կամ հասնում են ռազմավարական համագործակցության մակարդակի: Միջազգային քաղաքականությունից ինքնամեկուսացած իշխանություններին, հարկավ, այդ քարոզչությունը ձեռնտու է: Գործնականում, սակայն, հայ-իրանական հարաբերությունները եղել են զուտ բարիդրացիական, բնույթով չեն փոխվել եւ կարող են այդպիսին էլ մնալ: Չպետք է մոռանալ, որ Իրանը թեոկրատական-իսլամադավան պետություն է:

Վերջերս Իրան էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Բանակցությունների ավարտին Իրանի պաշտպանության նախարարը մամուլի համար հայտարարություն է արել, որտեղ անդրադարձել է նաեւ Ղարաբաղի հարցին: Այս առթիվ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը միանշանակ տեսակետ է հայտնել, որ Իրանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը կայացել է միայն ի պատասխան Հայաստանի պաշտպանության նախարարի այցելությանը Իրան: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, ապա պետք է ասենք, որ Իրանի նախագահ Ռուհանին էլ Հայաստան այցելեց միայն ի պատասխան Իսրայելի վարչապետի այցելությանը Ադրբեջան...

Չտեսնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցի ռազմաքաղաքական կոնտեքստը՝ նշանակում է չկարեւորել մեր տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարն Իրան է ուղեւորվել այն բանից հետո, երբ Բաքվում տեղի են ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւի բանակցությունները Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանը ստեղծված իրավիճակում ցուցաբերել է յուրահատուկ ճկունություն եւ Սիրիայի հարցում համերաշխություն հայտնել ռուս-իրանական տանդեմին, այլ ոչ թե «ավագ եղբայր» Թուրքիային:

Այդ է վկայում Իրանի պաշտպանության նախարարի հայտարարության տոնը, երբ նա ասաց, որ Իրանը «պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ինչպես նաեւ՝ որ «Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է Ղարաբաղի հարցը կարգավորեն խաղաղ ճանապարհով, առանց երրորդ կողմի միջամտության»: Բայց նրա հայտարարության առանցքային միտքը «տարածքային ամբողջականության սկզբունքին» Իրանի հավատարմությունն է: Իսկ ահա Վարդան Ոսկանյանը խնդիրը ներկայացնում է այսպես. «Ընդհանուր առմամբ, իրանցիները դեմ են, որ փոխվի առկա ստատուս-քվոն արցախյան հակամարտությունում: Հատկապես դեմ են, որ փոխվեն ներկայիս սահմանները հօգուտ Ադրբեջանի, որովհետև հայկական կողմը Արցախի Հանրապետության՝ Իրանի հետ սահմանի ողջ երկայնքով ապահովում է նաև իրանական անվտանգությունը և բացառում է այդ տարածքները հակաիրանական նպատակով օգտագործելու հանգամանքը, ինչը չենք կարող ասել ադրբեջանա-իրանական սահմանի վերաբերյալ, որը փաստացիորեն վերածվել է հենակետի՝ հակաիրանական գործողություններ իրականացնելու նպատակով»:

Ահա եւս մի միֆ, որ մատուցվում է հասարակությանը: Ոչինչ, որ նման տեսակետը փաստերով չի հիմնավորվում, նույնիսկ քաղաքագիտական վերլուծությամբ չի ամրապնդվում: Կարեւորը՝ որ մարդկանց ներշնչվի, թե Իրանի պես հզոր, մեզ հարեւան եւ դաշնակից պետությունը դեմ է Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխությանը: Այդպիսին է պատվերը, եւ գիտնական մարդն անմռունչ կատարում է իրեն հանձնարարված գործը: Վաղն ի՞նչ կարող է տեղի ունենալ՝ նրան չի հետաքրքրում: Իրավիճակի փոփոխության դեպքում նա ասելու է տրամագծորեն հակառակ բաներ: Այդպիսին է մեր գիտական միտքը, կամ նրան դարձրել են այդպիսին: Եւ քաղաքական ազատություններին հավասար՝ մեր երկրին նաեւ գիտական ազատամտություն է պետք, մի որակ, որ կար անգամ խորհրդային համակարգում, եւ որից ներկա սերնդին զրկեց Ղարաբաղի դաշտային հրամանատարների մակարդակը չգերազանցած իշխանությունը...